Ի՞նչ է դատական հանձնարարությունը

Դատարանում գործի քննության ընթացքում հաճախ է պատահում, որ անհրաժեշտություն է առաջանում որոշակի ապացույցներ ձեռք բերել կամ դատավարական այլ գործողություններ կատարել մեկ այլ մարզի տարածքում:
Գործը քննող դատարանը` Հայաստանի Հանրապետության մեկ այլ մարզի տարածքում ապացույցներ ստանալու անհրաժեշտության դեպքում իրավունք ունի հանձնարարել համապատասխան դատարանին` կատարելու որոշակի դատավարական գործողություններ:
«Նման դեպքերում դատարանը որոշում է կայացնում` դատական հանձնարարության մասին»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` դատական հանձնարարության մասին որոշման մեջ համառոտ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են պարզաբանման ենթակա հանգամանքները և այն ապացույցները, որոնք պետք է հավաքի հանձնարարություն կատարող դատարանը:
Դատական հանձնարարության մասին որոշումը պարտադիր է հանձնարարությունն ստացած դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
Հանձնարարություն ստացած դատարանը այն կատարում է դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:
Դատական հանձնարարությունը կատարելու մասին կայացվում է որոշում, որը բոլոր նյութերի հետ միասին անհապաղ ուղարկվում է գործը քննող դատարան:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել