Ոստիկանությունը պարզաբանում է

«1in.am»-ը արդեն մի քանի օր խոսում է գերատեսչությունների կասկածելի ու շռայլ ծախսերի մասին, որոնք, ըստ իրենց, պայմանավորված են գնումների ոչ թափանցիկ լինելով: Եվ նույնքան օր էլ որպես օրինակ բերվում են ախտահանման ու մակաբույծների ոչնչացման ծառայությունների մատուցման համար ոստիկանության կողմից կատարված վճարումները:

Հարցադրում անողն, ըստ ամենայնի, պատկերացում չունի հաստատությունների ախտահանման ծախսերի կառուցվածքի և աշխատակիցների սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման մասին:

Հակահամաճարակային միջոցառումները կրում են պարտադիր բնույթ և ընդունված են ողջ քաղաքակիրթ աշխարհում: Ախտահանումն ու մակաբույծների ոչնչացումը հանրապետության հաստատություններում իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2003 թ. թիվ 198 հրամանի հիման վրա: ՀՀ կառավարության 2011 թ. 168-Ն որոշման համաձայն՝ այս գնումը պետական հատվածում ձեռք է բերվում բանակցային ընթացակարգով, առանց հայտարարություն հրապարակելու /տես՝ որոշման 25-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված աղյուսակի 20-րդ տողը՝ հիգիենիկ-հակահամաճարակային ծառայություն, ի դեպ, նույն աղյուսակով նախատեսված գնումներ են նաև բնական գազը, էլեկտրաէներգիան, հեռախոսակապը և այլն/:
ՀՀ ոստիկանության և «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ պայմանագրով կատարողի մատուցման ենթակա ծառայության տարեկան ընդհանուր գինը կազմում է 6 միլիոն 960 հազար դրամ: Տարեկան այսքան գումար է հատկացվում հանրապետության ողջ տարածքի ոստիկանության բոլոր օբյեկտներում հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության իրականացմանը: Խոսքը, մասնավորապես, ոստիկանության 10 մարզային վարչությունների և ենթակա բաժինների, Երևանի վարչության ու ենթակա բաժինների, կենտրոնական ապարատի և վարչությունների, ոստիկանության զորքերի ստորաբաժանումների, 38 ՁՊՎ-ների, հոսպիտալի, պոլիկլինիկայի և Մեղրիից մինչև Բավրա բազմաթիվ այլ կառույցների մասին է, որոնց ընդհանուր մակերեսը տասնյակ հազարավոր քառակուսի մետրեր է կազմում, որտեղ ոչ միայն աշխատում են հազարավոր մարդիկ, այլև տարբեր խնդիրոներով ամեն օր այցելում են հազարավոր քաղաքացիներ: Իսկ, օրինակ ոստիկանության հոսպիտալի հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության համար ամսական հատկացվում է ընդամենը 20 հազար դրամ, Կենտրոնի բաժնին՝ 5 հազար դրամ…

Մե՞ծ գումար է: Համոզված ենք, որ՝ ոչ: Քաղաքացու հակահամաճարակային անվտանգության ապահովումն ավելին արժե: Եվ կարծում ենք ինչ-ինչ շահադիտություններից ելնելով այս պարտադիր ու, ըստ էության, ոչ ծախսատար գործընթացը շահարկելը անհեռանկար ձեռնարկում է: Ինչպես որ անհիմն ու շինծու է գնումների ոչ թափանցիկության մեղադրանքը. ոստիկանւթյան գնումների իրականացման գործընթացում գաղտնիության սյունակում հաշվառված է միայն պետական գաղտնիք հանդիսացող սպառազինության ձեռքբերումը, իսկ մնացած գնումները բաց են ու հրապարակային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել