Նորություններ

Դատավորը պետք է իրականացնի արդարադատություն և վերջ. Ալեքսանդր Ազարյան

Վստահություն. սա կարևորագույն սկզբունք է 2015թ.-ի՝ «Տարվա լավագույն դատավոր» ճանաչված դատավորներից Ալեքսանդր Ազարյանի համար: Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորի խոսքերով՝ իր պրակտիկայում դատական ակտ կայացնելիս երբևիցե դժվար որոշումներ չի ընդունել: Պարոն Ազարյանը վստահ է՝ դատավորն առաջին հերթին պետք է իր գործունեությամբ մաքուր լինի:

Դատավորի մասնագիտության, ինստիտուցիոնալ խնդիրների և Ալեքսանդր Ազարյանի՝ որպես ընտանիքի հայր ու քաղաքացի. այս մասին է մեր հարցազրույցը՝ նոր շարքի համար՝ «Հայաստանի դատավորները»:

– Պարոն Ազարյան, Դուք ճանաչվեցիք լավագույն դատավոր, ես ինքս Ձեր նիստերին մասնակցել եմ ու տեսել՝ ինչ անմիջականություն կա Ձեր ու կողմերի միջև: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի դատավորը, ի՞նչ քայլերով նա պետք է հասարակության վստահությունը բարձրացնի դատարանի նկատմամբ:

– Ինձ համար կարևոր սկզբունք է, որ ինձ բոլոր կողմերը վստահեն: Եթե դատավորն ունի այդ վստահությունը, ապա այլ անելիք չունի, բացի արդարադատություն իրականացնելուց: Ինչո՞վ է վստահությունը կարևոր. թեկուզ և ամենախիստ պատիժը նշանակի դատարանը կամ արդարացման՝ մեղադրանքի կողմի համար ակնհայտ մեղավոր լինելով հանդերձ, սակայն նրանք կասկածի տակ չեն դնի դատարանի օբյեկտիվությունը: Բանավեճ կարող է գնալ գնա օրենքի կիրառման հարցի շուրջ: Դա սովորական աշխատանքային պրոցես է, ես նորմալ եմ մոտենում՝ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանական կողմերի բողոքներին: Դատավորն առաջին հերթին պետք է անաչառ ու մաքուր լինի, որ խոսակցությունների տեղիք չտա: Նա պետք է իրականացնի արդարադատություն և վերջ:

– Քանի՞ արդարացման դատավճիռներ եք կայացրել 2015թ.-ին:

– 7 արդարացման դատավճիռ:

– Ինչպե՞ս եք գնահատում արդարացման դատական ակտերի ազդեցությունը դատական համակարգի վրա:

– Ես ընդհանրապես չեմ կարևորում արդարացման դատական ակտերի քանակը: Հասարակական հարաբերություններն ու իրավաբանական միտքը զարգանում է, Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշումներ է տալիս: Իմ դատական ակտերի երևի 70-80 տոկոսը զուտ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հիման վրա է: Այդուհանդերձ, ես շեշտը չեմ դնում արդարացման դատական ակտերի քանակի վրա:

– Իսկ մեղադրողների հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:

– Հոյակապ, ես ընդհանրապես բոլորի հետ աշխատում եմ նորմալ հարաբերություններ պահել: Վերջի երկու տարվա ընթացքում ես նկատել եմ, որ մեղադրողներն այլևս ցավագին չեն ընդունում արդարացման դատական ակտերը, զուտ աշխատանքային պրոցես է ընթանում՝ ես անձին արդարացնում եմ, եթե դեմ են՝ բողոքարկում են: Նախկինում այլ էր, արդարացման դատական ակտ կայացնող դատավորին ինչի մեջ ասես, որ չէին մեղադրում: Այսինքն՝ դատախազների մոտ խորհրդային մտածելակերպը կար, ներկայումս նման հանգամանք չեմ նկատել:

– Ի դեպ, քանի խոսք գնաց այս մասին, ասեմ, որ ես մի դատական գործ եմ լուսաբանում, ակնհայտ զգացվում է՝ ինչպես է դատարանի և դատախազության միջև լարվածությունը ազդում նաև շրջապատի անձանց վրա:

– Ճիշտ նկատեցիք, ես միշտ ասել եմ՝ դատարան-դատախազություն կամ դատարան-պաշտպան հարաբերությունները երբևիցե չպետք է ազդեն մարդկանց ճակատագրերի վրա, ինչո՞ւ պետք է տուժեն մարդիկ մեր հարաբերություններից:

– Խոսենք խափանման միջոցներից՝ կալանավորում և գրավ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջինը շատ է օգտագործվում դատարանների կողմից: Ձեր կարծիքը:

– Իմ պրակտիկայում ընդհանրապես չի եղել, որ ես միանգամից գրավ կիրառեմ: Եղել են դեպքեր, երբ ես կամ որևէ մեկ այլ դատավոր խափանման միջոց կալանավորում է ընտրել, որոշ ժամանակ անձ միջնորդություն է ներկայացրել պաշտպանական կողմը՝ կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, այդ դեպքում, ես քննարկել եմ հարցը: Մյուս կողմից էլ, օրենքի բաց կա՝ գրավն այլընտրանքային խափանման միջոց է, դատարանը պետք է կալանավորում ընտրի և քննարկի այդ կալանավորումը գրավով փոխարինելու հարցը:

– Պարոն Ազարյան, մարդուն դատելն այնքան էլ հեշտ բան չէ, իմ կարծիքով, իրավաբանական տեքստի ետևում առավել արժեքավոր գաղափարներ են՝ մարդկային կյանքեր: Փորձենք փիլիսոփայորեն մոտենալ՝ ի՞նչ եք զգում դատավճիռ կայացնելուց:

– Վերջերս մի դատաքննություն ավարտեցի, մինչ այդ՝ դատական վիճաբանությունների ժամանակ տուժողի ներկայացուցիչը ճառն ավարտելով, ասաց՝ «Հարգելի դատարան, Ձեզ դժվար որոշում է սպասվում», ընդհանրապես դատարանը չի պատասխանում կողմերին նման դեպքերում, սակայն ես երբեմն ոչ թե օգտվում եմ պատասխանելու այդ հնարավորությունից, այլ պարզապես արձագանքում եմ: Այս անգամ, ես նշեցի, որ իմ պրակտիկայում դատական ակտ կայացնելիս երբևիցե դժվար որոշումներ չեմ ընդունել: Այո, ես երբեմն սխալվում եմ, չեմ կարող ասել, որ օրինակ՝ իմ գործերով բեկանումներն անտեղի է եղել, ես ընդունում եմ վերադաս դատարանի ցանկացած որոշում և իրավունք էլ չունեմ չընդունելու: Պատասխանելով Ձեր հարցին՝ առանձնապես ոչինչ չեմ զգում: Շատ ժամանակ լինում են դեպքեր, երբ ամբաստանյալը տպավորություն է թողնում դատարանի վրա, խղճի զգացմունքներ են առաջանում, այս ամենը պետք է թողնել մի կողմ: Դատավորն արդարադատություն է իրականացնում: Պետք է այնպես անել, որ ամբաստանյալը հասկանա՝ եթե նշանակվում է պատիժ, ապա այն միակ միջոցն է իրեն ուղղելու համար:

– Թեև արդեն ենթադրելի է պատասխանը, սակայն այնուամենայնիվ հարցնեմ՝ եղե՞լ են այնպիսի դեպքեր, երբ դուք արդարացման դատական ակտ եք իրականացրել, սակայն ներքուստ դեմ եք եղել դրան:

– Չի կարող նման բան լինել, եթե ես ակտ եմ կայացնում, որի հետ ներքուստ համաձայն չեմ, ապա դա ակնհայտ ապօրինի ակտ է:

– Ներկայումս դատական համակարգում լուրջ խնդիր է ծանրաբեռնվածության հարցը, ես չեմ հիշում մի դատավորի, ում հետ զրուցեմ, ու ով չբողոքի ծանրաբեռնվածությունից: Ձեզ մոտ ինչպե՞ս է:

– Այս պահին իմ վարույթում շուրջ 25 գործեր կան, ծանրաբեռնվածությունը նաև պայմանավորված է գործից, պատկերացրեք՝ մի դատավորի մոտ 25 գործ է ու դրա կեսը արագացված դատական կարգով քննության է անցնում, իսկ մյուսի մոտ 25 խնդրահարույց գործեր: Գործի բարդությունն էական նշանակություն ունի:

– Ձեր վերաբերմունքը երդվյալ ատենակալների ինստիտուտի նկատմամբ:

– Դեմ եմ, ինձ թվում է, որ մեր երկրում այն չի աշխատի:

– Պատճառը բնակչության քանա՞կն է, այսինքն՝ «խնամի-ծանոթ-բարեկամ» հայտնի սխեման կգործի:

– Այո, զուտ դա, ուրիշ ոչինչ, պատկերացրեք, որ այս եղանակով ակնհայտ մեղավոր լինելու պարագայում, ատենակալները կորոշեն, որ անձն անմեղ է: Բացի այդ, մտածո՞ւմ եք երդվյալ ատենակալները պետք է իմանան նախադեպային որոշումները ու դրանք կիրառեն վճռի կայացնելիս, բացառված է:

– Ձեզ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել են:

– Ընդամենը երկու անգամ, երկու դեպքում էլ մերժել եմ, որովհետև աբսուրդ միջնորդություններ են ներկայացրել: Ես բավականին վրդովված էի, որովհետև փորձում եմ ամեն կերպ վստահություն ներշնչել երկու կողմերի մեջ էլ: Իմ կարծիքով՝ ընդհանրապես դատավորին չի կարելի չվստահել, դատավորն այնպես պետք է իրեն պահի, որ իրեն միշտ վստահեն:

– Հետաքրքիր է՝ ի՞նչ հեղուկ եք պահում դատական նիստի ընթացքում՝ Ձեր սեղանին:

– Ջերմուկ և սառը թեյ:

– Պարոն Ազարյան, ինչո՞ւ որոշեցիք դառնալ իրավաբան:

– Որոշումը կայացրեցի յոթերորդ դասարանում՝ էնտուզիազմի հետ կապված, ֆիլմեր նայելով: Որոշեցի դառնալ իրավաբան, առաջին տարին համալսարան չընդունվեցի, ծնողների կողմից ճնշման ենթարկվեցի, պնդում էին, թե մասնագիտությունն իմը չէ, ավելի ճիշտ է գնամ հորս գծով՝ գինեգործությամբ զբաղվեմ, չնայած այդ ամենին, ես անդրդվելի է, համառությամբ ընդունվեցի բուհ:

– Չե՞ք փոշմանել:

– Չէ, իհարկե, չեմ փոշմանել:

– Խնդրում եմ խոսել ընտանիքից:

– Իմ որդին ընտրել է հենց իրավաբանի մասնագիտությունը, 16 տարեկան է, ցանկանում է քրեական ոլորտում խորանալ: Իմ կինը իրավաբան չէ:

– Իսկ ինչպիսի՞ն եք ընտանիքում, ունե՞ք հոբիներ:

– Սիրում եմ հորս ամառանոցում աշխատել, հանգստանում եմ, առավոտները գնում եմ մարզասրահ: Իմ կարծիքով՝ դատավորը նաև պետք է ֆիզիկապես ուժեղ լինի: Հիշում եմ՝ մի փուլում ներդրվեց քրեական դատարանը, ես աշխատում էի այդ դատարանում: Գործերից մեկով ամբաստանյալի հարազատներից մեկը ցանկանում էր ինձ տեսնել, այդ տարիներին փակ գոտիներ չկային, ինչպես հիմա, հարազատները հեշտությամբ կարող էին մտնել դատավորների մոտ, նա եկավ ու ասաց, որ ցանկանում է ինձ հետ զրուցել, ես նրան ասացի, որ այդ իրավունքը չունի և նա հեռացավ: Մի օր աշխատանքից հետո մոտենում եմ մեքենային, դուռը բացում և տեսնում եմ, որ այդ անձը գալիս է դեպի ինձ՝ մի քանի հոգու հետ, մութ էր, ամայի տարածք. «Բա, խի՞ չես ուզում ինձ տենաս»,- ասաց ամբաստանյալի հարազատն, իսկ ես կոպիտ պատասխան տվեցի, հակառակ դեպքում, միգուցե այլ իրավիճակ կառաջանար: Այդ վստահ խոսելու հանգամանքն, իմ կարծիքով, նաև ֆիզիկական ուժից է գալիս:

– Ինչ նախասիրություններ ունեք մշակույթի հարցում: Ինչպե՞ս եք անցկացնում ազատ ժամանակը:

– Սիրում եմ լսել դասական և ջազ երաժշտություն, նախընտրում եմ նաև մեր հայկականը, խոսքքը միայն որակյալ էստրադայի և հեղինակային երգերի մասին է, սիրում եմ նաև ռուսական շանսոն: Տանել չեմ կարողանում ռաբիս երաժշտություն: Սիրում եմ Նարեկ Դուրյանի բեմադրությունները, ոչ մեկը բաց չեմ թողնում: Ազատ ժամանակ զբոսնում եմ, հաճախ եմ գնում վերնիսաժ, որտեղ հոգեպես հանգիստ եմ ապրում, երբ մեր վարպետների ձեռքերի աշխատանքներն եմ տեսնում, բացի այդ, շաբաթը մեկ անգամ պարտադիր պետք է եկեղեցի այցելեմ: Կարծում եմ՝ եթե մեր հասարակությունը հասկանա, որ պետք է վախենալ Աստծուց և օրենքից, շատ բան կփոխվի:

– Իսկ ի՞նչ չեք սիրում:

– Չեմ սիրում ձկնորսություն, որին երբեմն պարտադրված մասնակցում եմ որդուս պահանջ-խնդրանքով, չեմ սիրում նաև որսորդությունի, որին ինձ ոչ ոք չի կարող պարտադրել մասնակցել: Ուշագրավ է, որ 10 տարուց ավելի է, ինչ որսորդմիության անդամ եմ, երկու որսորդական զենք ունեմ, որոնք ինձ նվիրել է հայրս, ով իր հերթին երբեք որսի չի գնացել:

– Ժամանակ ունենո՞ւմ եք գրքեր կարդալու:

– Երբ ինձ հարցնում են՝ վերջին կարդացած գիրքը ո՞րն է, միշտ պատասխանում եմ՝ Քրեական օրենսգիրքը: Գրեթե ժամանակ չի լինում, մյուս կողմից էլ գրքերի շնորհիվ մարդը նաև մաքրվում է, այսինքն՝ մաքրվում է նրա հոգեկան աշխարհը:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Մտահղացման հեղինակ՝ Կարեն Զադոյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել