Լավ լուր Արցախից

Ապրիլի 2-ին թշնամու կողմից Մարտունու շրջանի Ներքի Ճարտար բանակավայրի հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված 11-ամյա Գևորգ Գրիգորյանը, ով երկար ժամանակ ինտենսիվ բուժում էր ստանում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում, հենակների օգնությամբ արդեն սկսել է քայլել: Այս մասին Իրավաբան.netը տեղեկանում է Արցախպրես-ից:

«Արևիկ» մանկական բուժմիավորման գլխավոր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը նշել է, որ բեկորային վիրավորում ստացած 11-ամյա Գևորգ Գրիգորյանը և 12-ամյա Վարդան Անդրեասյանը շարունակում են համապատասխան բուժում ստանալ:

«Հենակների օգնությամբ երեխաներն արդեն քայլում են: Եթե հենակներով սկսեն ազատ քայլեն մի քանի օրից դուրս կգրենք»,- ասել է Մ. Մարգարյանը:

Արցախպրեսի հետ զրույցում Գևորգն ու Վարդանը նշել են, որ այժմ իրենց ավելի լավ են զգում:

Ինչպես արդեն հաղորդվել էր, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Երեխաներից մեկը՝ Գևորգ Գրիգորյանը Վաղինակ Գրիգորյանի հարազատ եղբայրն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել