Ռոբերտ Աբաջյանը միայնակ կռիվ է տվել հակառակորդի դեմ

«Պապ ջան, ծնունդդ շնորհավոր».- Ապրիլյան պատերազմի հերոս կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը ամսի 1-ին շնորհավորել է հոր ծնունդը, իսկ 2-ի գիշերը երիտասարդը զոհվել է մարտերի ժամանակ:

«Ռոբերտը տեսել է, որ ադրբեջանցիները մոտենում են, կապ է տվել, հայտնել այդ մասին, ասել են՝ հետ արի, պատասխանել է, որ չի կարող, շատ են մոտիկ, իր ենթակայության 3 զինվորներին հետ է ուղարկել, ընկերոջը խփել են, իսկ ինքը մենակով կռիվ տվել ադրբեջանական 30 հոգանոց ուժերի դեմ»,- մի քանի ժամ տևող կռիվներից հետո ադրբեջանցիների խումբը մոտեցել է. «Ինքը տեսել է, որ չի կարող, նռնակը հանել է ու պայթեցրել իրեն ու ադրբեջանական ուժերին»,- ասաց Ռոբերտի հորեղբայրը՝ Գագիկ Օհանյանը:

«Հայրը Ռուսաստանում էր աշխատում, ինքը բոլոր հնարավորություններն ուներ ՌԴ գնալու, բայց չգնաց, ասեց՝ պիտի ծառայեմ: Ասում էր՝ ես գնում եմ դիրքեր պահեմ, որ դուք հանգիստ քնեք: Մենք հանգիստ քնած էինք նա մահացավ»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոբերտի հարազատներից մեկը:

Ռոբերտը սովորել է 147 համարի դպրոցում, նրա աշխարհագիտության ուսուցիչուհին՝ Օֆելյա Բարսեղյանը նշում է, որ նա բացսիրտ տղա էր. «Լավ էր սովորում, բավականին պարտաճանաչ էր աշխատանքները կատարում, չարաճճի տղա էր ու բավականին ճարպիկ»,- ասաց նա:

Ազնիվ էր, բարի ու նպատակասլաց տղա էր, բացի այդ խիզախ էր:

Ռոբերտ Աբաջյանը մահացավ 20-ամյա հասակում:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել