Մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները

ՀՀ Աշխատանքային օրենսգիրքի 142-րդ հոդվածը սահմանում է, որ աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրով: Այն կազմակերպություններում, որտեղ, արտադրության բնույթով կամ այլ պայմաններով պայմանավորված, անհնար է հնգօրյա աշխատանքային շաբաթի կիրառումը, սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ` մեկ հանգստյան օրով:
Նշված հոդվածը միաժամանակ սահմանում է, որ առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
«Նշված ռեժիմը սահմանված է ՀՀ կառավարության 1 փետրվարի 2007 թվականի N 201-Ն որոշմամբ»,- Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Անդրադառնանք մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկություններին:
Իրավաբանի խոսքով` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների` մանկատների, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների, երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատությունների, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների, երեխաների խնամքի ցերեկային հաստատությունների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, տուն-ինտերնատների նախատեսված աշխատողների աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով ոլորտի աշխատանքային առանձնահատկությունները:
Դասավանդողներին, դաստիարակչական աշխատանքների մասնագետներին, ինչպես նաև կազմակերպություններում երեխաներին, հիվանդներին, հաշմանդամներին, տարեցներին խնամքի ծառայություններ մատուցող աշխատողներին սնվելու համար ընդմիջում տրամադրվում է սաների հետ միաժամանակ:
Կազմակերպություններում աշխատողների համար, կախված նրանց զբաղեցրած պաշտոնից և (կամ) մասնագիտությունից, աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել`
ա) շաբաթական 22 ժամ մանկավարժական աշխատանք` դասավանդող լոգոպեդների և դասավանդող դեֆեկտոլոգների, դասավանդող հատուկ մանկավարժների համար.
բ) շաբաթական 24 ժամ մանկավարժական աշխատանք` երաժիշտ ղեկավարների համար.
գ) շաբաթական 30 ժամ մանկավարժական աշխատանք` բուժական ֆիզկուլտուրայի գծով հրահանգիչների համար.
դ) շաբաթական 30 ժամ մանկավարժական աշխատանք` զարգացման շեղում ունեցող երեխաների դաստիարակների համար.
ե) շաբաթական 30 ժամ մանկավարժական աշխատանք` գիշերօթիկ հաստատությունների, մանկատների, հանրակրթական հաստատությունների երկարօրյա խմբերի դաստիարակների համար.
զ) շաբաթական 36 ժամ` մինչև 7 տարեկան երեխաների խնամքի ծառայություններ մատուցող աշխատողների (դայակ) համար.
է) շաբաթական 36 ժամ մանկավարժական աշխատանք` երկարատև բուժման ու խնամքի կարիք ունեցող երեխաների և ընդհանուր տիպի հաստատությունների դաստիարակների համար,
ը) շաբաթական 39 ժամ` 7 տարեկանից բարձր անձանց խնամքի ծառայություններ մատուցող աշխատողների (սպասուհի) համար:
Շուրջօրյա աշխատանքի ռեժիմի դեպքում, երբ դաստիարակչական և ուսումնական աշխատանքներն օրվա ընթացքում հաջորդում են միմյանց, կազմակերպության ղեկավարը կարող է աշխատողների աշխատանքային օրվա ռեժիմում սահմանել երկու ժամ անընդմեջ ընդմիջում: Հերթափոխի երկու մասերի միջև ընդմիջման ժամանակն աշխատաժամանակի մեջ չի հաշվառվում:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել