Լրտեսը սիրահետել, ամուսնության առաջարկ էր արել իրեն. ամբաստանյալ կինը ցուցմունք տվեց

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ռաֆիկ Պապոյանի և մյուսների՝ պետական դավաճանության գործով դատավարությունը: Նախ հետազոտվեցին գործում առկա ապացույցները: Հայտնի դարձավ, որ նախաքննության փուլում մայր գործից առանձնացվել է Արմանի և Սեյրանի մասը՝ հարուցված Քերական օրենսգրքի 302-րդ հոդվածի հիմքով (լրտեսությունը): Նշենք, որ գործի նյութերի համաձայն, Արմանն այն անձն է, ով ամբաստանյալներ Ռաֆիկի և Կարինեի միջոցով տեղեկություններ է հավաքել հայկական բանակի վերաբերյալ:

Այսօր ցուցմուքն տվեց ամբաստանյալ Կարինե Ղումաշյանը: Վերջինս նախ փոքրիկ հուզական ելույթ ունեցավ՝ ուղղված ԱԱԾ-ին, որը լրտեսին հայտանաբերելու փոխարեն իրեն է «ծաղրուծանակի ենթարկել», և որ իր պատիվն արատավորելու, քրեակատարողական հիմնարկում իր թափած յուրաքանչյուր արցունքի համար պատասխանտվություն են կրելու: Այնուհետև հարցերի միջոցով, Կարիեն Ղումաշյանը պատմեց, թե ինչպես է հանդիպել Արմանին, ինչ տեղեկություններ և ինչպես է հայտնել նրան:

2014 թվականին  որդիներից մեկի հետ մեկնել է Թուրքիա՝ աշխատելու, քանի որ ֆինանսական խնդիր է ունեցել ընտանիքը: Վարձակալված տանը ծանոթացել է համաքաղաքացի Ռաֆիկ Պապոյանին: Նա էլ մի օր խոստացել է, որ բարերարի հետ կծանոթացնի, ով օգնում է հայերին ու իրեն էլ կօգնի: Մի օր էլ այդ բարերար Արմանի հետ ծանոթացել է, պատմել է իր ընտանքի մասին, ով ինչով է զբաղվում: Այդ հանդիպման ժամանակ Արմանն իր նոթատետրում նշել է իր զավակների ծննդյան օրերը:

Այս հանդիպումից հետո շուրջ մեկ ամիս կապ չի եղել, մի օր էլ զանգել է իրեն, խնդրել հանդիպել, քանի որ կարևոր բան ունի ասելու: Սրճարանում հանդիպման ժամանակ Արմանն իր ձեռքերն է բռնել, ասել, որ ամուսնացած չէ ու ցանկանում է իր անձնական կյանքը դասավորել: Մի քանի հանդիպում հետո էլ իրեն ամուսնության առաջարկ է արել: Պատասխանել է, թե շտապել չի ուզում, կարող են ընկերություն անել:

Իսկ 2015-ին հունվարին վերադարձել է Հայաստան՝ ամուսնալուծվելու նպատակով: Իսկ որդուն թողել է Թուրքիայում՝ ընկերուհու ընտանիքում: Մինչ վերադառնալն Արմանն իրեն 1200 դոլար է տվել, որ նվերներ գներ ու Հայաստանում ամուսնալուծվելու ծախսերը հոգար: Երբ նվերներ գնելիս են եղել, Արմանն իր ու որդու անձնագրերն է խնդրել, դրանք պատճենել ու վերադարձրել: Պատճառաբանել է, թե դա իրենց անվտանգության համար է անում: Խնդրել է նաև անպայման իրեն ու ավագ որդուն, ով հայկական բանակի սպա է, անպայման ծանոթացնել ու համոզել, որ վերջինս իր հետ կապ հաստատի: Նույնիսկ նրա ծննդյան առթիվ սպորտային հագուստ է նվեր գնել ու խնդրել փոխանցել:

Մինչ ավտոբուսով Հայաստան հասնելը, հեռախոսազրույցի ժամանակ Արմանն իրեն ասել է, թե ոչ մի դեպքում Հայաստանից իրեն չզանգի: Սակայն վերադառնալուց երկու շաբաթ հետո, երբ որդին զանգել ու հայտնել է, թե ձեռքի գումարը վերջացել է, ինքը զանգել է Արմանին ու խնդրել, որ որոշակի գումար փոխանցի որդուն: Սակայն Արմանը գոռգռացել է վրան՝ ասել, թե ինչու ես զանգում, չէի ասել, որ չեմ ուզում իմ հեռախոսահամարին Հայաստանից զանգեր գրանցվեն:

Այս պահից սկսած ինքը սկսել է կասկածներ ունենալ Արմանի ով լինելու վերաբերյալ: Սպա որդու անունով «Օդնոկլասնիկի» կայքում էջ է բացել ու սկսել շփվել Արմանի հետ: Մասնավորապես՝ նրան հայտնել է զորամասի համարը, որտեղ նա ծառայում է: Ավելի ուշ, երբ այցելել է Արցախում ծառայող որդուն, նրան ցույց է տվել այդ խոսակցությունը: Որդին բարկացել ու խստորեն պատվիրել, որ դադարեցնի այդ մարդու հետ շփումը, քանի որ հավանական է, որ նա կարող է լրտես լինել: Սակայն ինքը որդուն չի լսել ու շարունակել է, իր իսկ բացատրությամբ, «բացահայտել, թե ով է նա». ««Եթե ես իմ որդուն լսեի, այսօր ամբաստանյալի աթոռին չէի լինի»»: «Ես ուզում էի իմանալ, թե ում հետ եմ պատրաստվում կյանքս կապել»:

Այն հարցին, թե երբ արդեն կասկածներ կային, որ նա լրտես է, ինչու՞ չի դիմել իրավապահ մարմիններին, կինը պատասխանեց. «Դե ես նրան համակրում էի, ամեն ինչ խառնվել էր իրար»:

Կարինեն պատմեց նաև, որ Թուրքիայում Արմանի հետ շփվելու ժամանակ որևէ կասկած չի ունեցել նրա բարերար լինելու վերաբերյալ: Նա մեկ-մեկ իր գրպանն էլ 30, 50, 100 լիրա մտցրել՝ երեխայի համար քացր գնելու համար:

Արմանը միշտ ականջները փակող գլխարկ է հագել և ակնոցներ դրել: Մի օր ինքը համարձակվել է փորձել գլխարկը հանել, սակայն Արմանը խփել է ձեռքերին: Խնդրել է նույնիսկ իր ընտանիքի հետ ծանոթացրել, Արմանը սակայն հրաժարվել է: Պատմել է, որ Անկարայում է ծնվել-մեծացել, իր տունն այնտեղ է, սակայն հիմա աշխատում է Ստամբուլում: Ու բացի բարեգործական ընկերություն ունենալը, նաև կահույքի ֆաբրիկա ունի, որը արտադրանքը Եվրոպա է արտահանում:

Հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն մյուս ամբաստանյալները:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել