Դատական կաշառքի գործը. դատախազը պահանջեց դատավորի կին օգնականին 3 տարվա ազատազրկման դատապարտել

Դատավորի օգնականի կողմից կաշառք պահանջելու գործով այսօր մեղադրող դատախազը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդեց Արմինե Կարապետյանին 3 տարվա ազատազրկման դատապարտել:

Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության՝ Արմինե Կարապետյանը նույն դատարանի վարույթում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի կողմից քննվող քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Եսայանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակը նշանակելու համար դատավորին կաշառք տալու պատրվակով` խաբեությամբ ամբաստանյալի մորից` Ալինա Հովհաննիսյանից, 2014թ.-ին պահանջել է 1500 ԱՄՆ դոլար, սակայն Ալինա Հովհաննիսյանը որևէ գումար չի տվել` պահանջված չափով գումար չունենալու պատճառով: Վերոնշյալ գործով դատախազը՝ Ավետիս Ափիյանը, ամբաստանյալի՝ Գարիկ Եսայանի հանդեպ որպես պատիժ միջնորդել է նշանակել տուգանք՝ 500 հազար դրամի չափով, սակայն դատարանը՝ Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ վճռել է 2 տարվա ազատազրկման դատապարտել Եսայանին: Դատավճռի հրապարակումից հետո Ալինա Հովհաննիսյանը գոռացել է. «Կաշառքը չտվի, դրա համար դատեցիք էրեխուս»: Այսօր Արմինե Կարապետյանը դատարանում պնդեց, որ Ալինա Հովհաննիսյանին չի ճանաչել, նրա հետ առնչվել է միայն քրեական գործի շրջանակներում` դատավոր Վլադիմիր Գրիգորյանի հանձնարարականներով:

Այսօր դատարանում մեղադրող դատախազն անհիմն համարեց ամբաստանյալի այն պատճառաբանությունները, որ Ալինայի հետ առնչվել է միայն դատավորի հանձնարարականներով:

Նա մեջբերեց Ալինա Հովհաննիսյանի ցուցմունքից հատված, ըստ որի՝ դատավորի օգնականն իրեն կանչել է դատարան և կաշառքի մասին զրույց ծավալել. «Ըստ ցուցմունքի՝ Արմինեն ասել է. «Ալինա ջան, ինչքա՞ն եք պատրաստ ձեր երեխու համար մաղարիչ անել», ինքն էլ ասաց, որ պատրաստ է շատ անել, բայց տվյալ պահին չունի, հարցրել է՝ որքա՞ն են ուզում, Արմինեն ասել է, որ 1500 ԱՄՆ դոլար, ինքը պատասխանել է, որ գումար չունի, պետք է պարտքով վերցնի ու խնդրել, որ 1000 դոլարով այդ հարցը կարգավորեն, Արմինեն գնացել է դատավորի մոտ, 10 րոպե անց վերադարձել է ու ասել, որ գոնե 500 էլ ավելացնի, թող 1500 լինի, մենակ ինքը չի: Ալինան պատասխանել է, որ այդ 500 դոլարի համար չի խոստանում, բայց մի բան կանի»:

Ըստ դատախազի՝ դատաքննության ընթացքում հետազոտված փաստերը և ցուցմունքները բավարար են մեղադրական դատավճիռ կայացնելու համար, այնպես որ մեղադրողը միջնորդեց Արմինե Կարապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետով նախատեսված հանցագործության մեջ և նրա նկատմամբ պատիժ սահմանել՝ ազատազրկում 3 տարի ժամկետում` հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը:

Տուժող Ալինա Հովհաննիսյանն միացավ դատախազի միջնորդությանը՝ հավելելով. «Չնայած այն ամեն ինչին, ինչքան ինձ վարկաբեկեցին, ինչ ասացին` թողնում եմ դատարանի հայեցողությանը»:

Ամբաստանյալ Արմինե Կարապետյանի իրավունքների պաշտպան Սիմոն Ամիրխանյանը իր ելույթը սկսեց տարիներ առաջ ՀՀ նախագահի կողմից արված հայտարարությունը հիշեցնելով, ըստ որի՝ պետք է բացահայտել ու դատապարտել հանցագործություն կատարած դատախազներին, քննիչներին ու ոստիկաններին. «Սա հենց այդ դասական գործերից է, որ կատարվել է հանցագործություն դատախազի կողմից»,- ասաց փաստաբանը:

Ըստ նրա` վերոնշյալ գործով դատախազ Ավետիս Ափյանն ակտիվ դերակատարություն է ունեցել Ալինա Հովհաննիսյանին ուղղորդելու հարցում, քանի որ դատավար Վլադիմիր Գրիգորյանն ու դատախազը լարված հարաբերությունների մեջ են եղել. «Դատախազ Ափյանի վարույթում գտնվող և դատավոր Գրիգորյանի քննված գործերով դատավորը հաճախ է կայացրել արդարացման դատավճիռներ, որը դուր չի եկել դատախազին»,- հիմնավորեց փաստաբանը:

Անդրադառնալով գործի հանգամանքներին, նա պնդեց. «Քրեական գործի շրջանակներում նախաքննությունն իրականացնող մարմինը օրենքն ու իրավունքը փորձել է ռեզինի նման ձգել, որպեսզի անկարելին դարձնի կարելի»:

Փաստաբանը հպարտությամբ նշում էր, որ դատավոր Վլադիմիր Գրիգորյանն, առանց բացառության, խարդախության հոդվածներով անձանց ազատազրկում է, այնպես որ ըստ նրա՝ Արմինե Կարապետյանը, ով 4 տարուց ավելի աշխատել էր այս դատավորի կազմում, իմանալով այդ հանգամանքի մասին, չէր կարող հանցավոր համաձայնության գնալ տուժողի հետ և նրանից կաշառք պահանջել:

Բացի այդ, պարոն Ամիրխանյանն, անդրադառնալով տուժողին ուղղորդելու իր պնդումներին, նշեց, որ սկզբնական շրջանում Ալինան ՀՔԾ քննիչին ոչինչ չի ասել կաշառքի մասին, նա մեջբերեց նախաքննական ցուցմունքներից հատված, ըստ որոնց ՀՔԾ քննիչը մի քանի անգամ հարցաքննության է կանչել Ալինա Հովհաննիսյանին, հարցրել դատարանում կատարված հայտարարությունների մասին, Ալինան սկզբում պնդել է, որ իր որդու գործը Վերաքննիչ քրեական դատարանում է, ուստի ցուցմունք չի տա, մեկ դեպքում էլ ասել է, որ Արմինե Կարապետյանն իրենից կաշառք չի պահանջել:

Այս գործով դատարանում հետազոտվել էին նաև տուժողի և նրա մտերիմ շրջապատի, ինչպես նաև դատախազ Ափյանի հետ ունեցած հեռախոսային զրույցները. «Այդ գաղտնալսումներից մեկում, Ափյանը կրկին Ալինային հորդորում է դատավորի դեմ ցուցմունք տալ, Ափյանն ասել է՝ մենք քո կողքին եք, որից հետո Ալինան հայտարարում է. «Դուք իմ հետ եք, ես գնում եմ, սաղ գրեմ», հաջորդ օրը նա ցուցմունք է տվել Արմինեի ու դատավորի դեմ»,- շեշտեց փաստաբանը: Մեկ այլ վերծանման ընթացքում Ալինան ասել է. «Ես ընկա կրակի մեջ, դատախազը ինձ կրակը գցեց, թե ինձ պե՞տք էր սա»:

Վերջում փաստաբանն ասաց, որ դատախազը պետք է հրաժարվեր, իր խոսքերով, այս խայտառակ մեղադրանքից: Պարոն Ամիրխանյանը հայտարարեց, որ մեղադրանքը հնարավոր չի եղել ապացուցել գործում առկա փաստերով, ըստ նրա Արմինե Կարապետյանը պետք է ճանաչվի անմեղ, և խնդրեց դատարանին նրան արդարացնել` արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով:

Այս նիստին պետք է վերջին խոսքով հանդես գար նաև ամբաստանյալ Արմինե Կարապետյանը, սակայն դատարանի ծանրաբեռնվածության պատճառով նիստը հետաձգվեց` նշանակվելով վաղը:

Գ.Թ.

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել