Երբ Ձեր մեքենան տարել են հատուկ տարածք. Ի՞նչ է պետք իմանալ

Տրանսպորտային միջոցի բերման ենթարկումը իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոցի օգտագործումը դադարեցնելու ժամանակավոր հարկադիր միջոց, որը ներառում է (վարչական իրավախախտման հայտնաբերման տեղում արգելանքի տակ դնելու պատճառը վերացնելու անհնարինության դեպքում) վերջինիս տեղափոխումը հատուկ տարածք:

Տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության` տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանում: Ստորաբաժանումը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տեղեկացնում է տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի մասին:

Տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, որի ձևը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:

Արձանագրության մեջ նշվում է բերման ենթարկված տրանսպորտային միջոցի մեջ գտնվող իրերի ցուցակը: Արձանագրության կրկնօրինակը հանձնվում է այն անձին, որի նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոցը, իսկ հատուկ տարածք տրանսպորտային միջոցի տեղափոխման դեպքում` նաև հատուկ տարածքում տրանսպորտային միջոցի պահպանման համար պատասխանատու անձին:

Տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու և պահպանման ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով` սկսած հատուկ տարածքում դրա տեղավորման պահից:

Եթե տրանսպորտային միջոցը տնօրինողը կամ տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձը տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 120 ժամվա ընթացքում`

ա) վերացնում է արգելանքի տակ դնելու պատճառները, ապա ոստիկանությունն անմիջապես տրանսպորտային միջոցը հանում է արգելանքից.

բ) չի վերացնում արգելանքի տակ դնելու պատճառները կամ վերացնելով արգելանքի տակ դնելու պատճառները` տրանսպորտային միջոցը չի հանում հատուկ տարածքից, ապա տրանսպորտային միջոցի պահպանման ծախսերը մարելու նպատակով տրանսպորտային միջոցի վարորդից (տիրոջից, տիրոջ ներկայացուցչից) հաջորդող յուրաքանչյուր լրիվ օրվա համար գանձվում է վճար՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով, որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ (հաշվին):

Տրանսպորտային միջոցի վարորդի (սեփականատիրոջ, սեփականատիրոջ ներկայացուցչի) կողմից պահպանման ծախսերը կամավոր չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով դրանք ենթակա են բռնագանձման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել