Ի՞նչ է երիտասարդ նախարարը պատրաստվում փոխել համակարգում. հարցազրույց Արփինե Հովհաննիսյանի հետ

Ազգային ժողովում նա ուներ մեկ օգնական, ներկայումս նրա ենթակայության տակ աշխատում են 100-ից ավելի իրավաբաններ ու ոչ միայն, նրա ղեկավարած կառույցը վերահսկում է, կարգավորում և նախագծում հարյուրավոր նախագծեր, ի վերջո նա ամենաերիտասարդն է կառավարությունում, ամենաերիտասարդը այս գերատեսչության նախկին ղեկավարների շարքում, ամենաերիտասարդը Հայաստանի պատմության մեջ նախարարի պաշտոնը զբաղեցրածների շարքում:

Արփինե Հովհաննիսյանը Արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնեց 2015թ. սեպտեմբերին ու անգամ քաղաքական համագործակցությունը, լրատվամիջոցների գուշակությունները, նրան դեռ չեն զրկել պաշտոնից: Ի՞նչ է երիտասարդ նախարարը պատրաստվում փոխել համակարգում, ո՞րն է ամենակարևոր բանը, որ մենք պետք է իմանանք նրա մասին, ինչպե՞ս է պատկերացնում հակակոռուպցիոն պայքարն, ի՞նչ լուծումներ է տեսնում շարքային քաղաքացիների հոգսը թեթևացնելու համար ու ի՞նչ որակներ է ամենաշատը կարևորում տղամարդկանց մեջ:

Մասնագիտական հարցազրույց՝ համեմված անձնական տարով: Արփինե Հովհաննիսյանի պատկերացումները քաղաքացիական հասարակության հետ համագործակցության, ինստիտուտների գործունեության, իրավական կրթության ու այլնի մասին:

Մանրամասները՝ «Հայ հանրաճանաչ իրավաբանները»  հատուկ նախագծի երկրորդ հարցազրույցում:

«Հայ հանրաճանաչ իրավաբանները» հատուկ նախագիծը միտված է ընթերցողին ներկայացնել բացառիկ ավանդ ունեցող հայ իրավաբաններին: Նախագծի կանոնների համաձայն` առաջին երեք զրուցակիցներն ընտրում են հաջորդ հերոսներին:

– Հարգելի նախարար, Դուք պաշտոնը ստանձնեցիք 2015թ. սեպտեմբերի 4-ին, ի՞նչ եք հասցրել անել այս 6 ամսվա ընթացքում և ի՞նչ է մնացել:

-Անելիքներս բավական շատ են, սակայն արդեն իսկ որոշ խնդիրների լուծումներ հասցրել եմ ներկայացնել  ՝ կապված մի քանի կարևոր նախաձեռնությունների հետ, օրենսդրական նախաձեռնություններ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, Քրեակատարողական օրենսգրքում որոշ փոփոխություններ, ինչպես նաև մի շարք կառավարության որոշումներում, ընդհանրապես ԱՆ-ի իրավասությանը վերաբերող մի շարք ոլորտներում՝ տեսակցությունների թվի, վարորդների իրավունքների հետ կապված բավականին հայտնի ու քննարկված նախագծերը: Սահմանադրական հանրաքվեից հետո որոշակի աշխատանքներ արդեն կատարվել են, որոնք, ըստ էության, ազդարարում են խոշոր օրենսդրական փոփոխություններ, և ԱՆ-ն այդտեղ առաջին պատասխանատուն է ու հիմնական բեռը կրողը: Այս տեսանկյունց նաև միջազգային կազմակերպությունների հետ մի շարք կարևորագույն պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնց արդյունքներն առաջիկայում կտեսնեք:


– Ի՞նչ
օրենսդրական նախաձեռնություններով եք առաջիկայում հանդես գալու:

– Օրենսդրական տեսանկյունից կարող եմ  այս տարին հռչակել մեծ և համակարգային բարեփոխումների տարի, որոնք բխում են Սահմանադրությունից, Ընտրական օրենսգրքիցԱյսպես միայն Նախագահի հրամանագրում նշված 12 հիմնական իրավական ակտերի և դրանից բխող թվով 100 իրավական ակտերի նախագծերի մշակման  հիմնական պատասխանատուն ԱՆ-ն է: Բազմաթիվ են օրենսդրական նախաձեռնությունները, դրանք մեկ խնդրի կարգավորման համար չեն, այլ համակարգային են: Շատ են փոփոխությունները, կարող եմ ժամերով թվարկել, բայց ցանկանում եմ այդ մասին խոսել այն ժամանակ, երբ կներկայացվեն հանրության դատին:

Arpine-Hovhannisyan_1253-2– Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծն, այն բացառիկ իրավական ակտերից է, որն կարելի է ասել՝ հավանության է արժանացել քաղաքացիական հասարակության սեկտորի կողմից: Ե՞րբ այն կունենանք ընդունված:

– Այո, մեր կարևոր քայլերից մեկ ՀԿ-ների մասին երկար քննարկված օրինագիծն է, որը ի վերջո ներկայացվեց կառավարություն ու ԱԺ: Այնպես չէ, որ հնարավոր է այս նախագիծն այնպիսի տեսքի բերել, որ բոլորին բավարարի, այդուհանդերձ
արել ենք առավելագույնը:

– Ես ճի՞շտ հասկացա. ՀԿ-ների մասին օրենքի նախագիծն նախատեսվում է գարնանային նստաշրջանին արդեն ընդունված ունենալ:

– Ես զերծ կմնայի մատնանշելուց որևէ ժամկետ, որովհետև ԱԺ-ն ունի իր օրակարգը և իր ծանրաբեռնվածության համապատասխան է կառուցում գրաֆիկը: Այդուհանդերձ, նշեմ, որ ԱԺ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը պետք է այն ընդգրկի քառօրյա նիստերի օրակարգ, որովհետև առաջին փուլում այն ընդգրկված է եղել նստաշրջանի օրակարգ: Այս նախագիծը արդյունքում կդառնա ԱԺ-ում քննարկման առարկա, այն հույսով, որ ընդունվի մինչև ամառ:

– Կառավարությանը քննադատում են, վատաբանում, նշում, որ ձեր պայքարը կոռուպցիայի դեմ ձևական բնույթ է կրում: Այո, հիմա դուք նշեցիք, տարբեր նախագծեր են մշակվում, պատասխանատվություն է նախատեսվում պաշտոնատար անձանց հայտարարագրերի ներկայացման համար: Բայց ինձ կամ այս հարցազրույցը կարդացող քաղաքացիներին, ներեցեք, բայց այդ լուծումները չէ, որ հետաքրքրում են: Երկու ուղղությամբ զրուցենք: Նախ վերևների կոռուպցիան՝ մոնոպոլիաներ, չարաշահումներ, կոռուպցիոն սխեմաներ, ինչ է անում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը:

– Ես մի շատ կարևոր շեշտադրում եմ ուզում անել՝ օգտագործելով այս հարթակն, այս հարցազրույցն ու նաև այն, որ ձեր լսարանը հաճախ հենց իրավաբաններն են ու իրազեկ մարդիկ: Պետք է հստակ կարողանալ տարանջատել՝ որ մարմնից ինչ ես ակնկալում ու այդ մարմնի լիազորություններն ինչպիսին են: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, միավորելով պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, իր առջև նպատակ է դրել օրենսդրական փոփոխություններով ու տարբեր այլ մեխանիզմների միջոցով գտնել այն խնդիրները, որոնք առաջացնում են կոռուպցիոն ռիսկեր, հետազոտել, այսպես ասած՝ ախտորոշել ու վերացնել դրանք: Չափազանց կարևոր է մի հանգամանք, որ մենք չենք ասում, թե այս պահին գիտենք այդ դեղատոմսն ու ինքներս էլ կկատարենք: Ուստի շատ անձիք, իմ շատ գործընկերներ մակերեսային հարցին մոտենալով՝ նշում են, որ գումարներ է կառավարությունը ստացել, որոնք խորհուրդն ուղղել է ինչ-ինչ նպատակների, ինչ-որ դասընթացների ու արդյունքի չի հասել: Հենց այս շրջանակներում հարկ եմ համարում շեշտել, որ IMG_9987-copyխորհուրդը պատժիչ մարմինը չէ, այն քննչական մարմինը չէ, իրավապահ համակարգի բլոկի լիազորություններ չունի, այս մարմնի խնդիրը բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների միջոցով հասկանալն է, թե որտեղ են այն խնդիրները, որոնք պիտի վերացվեն, որ գոյություն ունեցող որոշ արատավոր երևույթներ վերանան: Նախ սկսենք նրանից, որ ընդամենը վեց ամիս է գործել խորհուրդն ու գումարն էլ, որի մասին խոսվել է, ստացվել է մեկ ամիս առաջ կնքված համաձայնագրի հիման վրա:: Խոսքը նրան է վերաբերում, որ կան աշխարհում ընդունված, միջազգային փորձագետների կողմից հաստատված սխեմաներ: Եթե մենք ինքներս մեզ չենք վստահում ու կա նման մթնոլորտ, ապա պետք է վստահենք այն սխեմաներին, որոնք ժամանակի ընթացքում ու տարբեր մարդկանց վրա կիրառմամբ տվել են իրենց արդյունքները: Այդ նպատակով գումարն ուղղվելու է միջազգային փորձագետների կողմից մեզ օգնելուն, որպեսզի կարողանանք  ճիշտ ախտորոշել  և  լուծել մեր խնդիրները: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ոչ թե ինչ-որ անհատական խնդիրների ու դրվագների պետք է անդրադառնա, այլ գլոբալ հարց լուծի,այն է՝ վերհանել հանրության մեջ առկա խնդիրները և կարգավորել դրանք:

– Երկրորդ ուղղությունը՝ ներքևների կոռուպցիան: Վստահ եմ՝ շարքային քաղաքացիներին այս հարցն ավելի է հետաքրքրում, քաղաքացիների սպասարկման ոլորտում ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու:

– Որպես ՀՀ քաղաքացի ասեմ, որ հանրային ընկալումների տեսանկյունից մեզ չափազանց շատ խանգարում է այն, որ կան կարծրացած ընկալումներ, որոնք մեզ ուղեկցում են ու մինչև ամենավերջնական տեսքով դրանք արմատախիլ չանենք,մեր խնդիրները չեն կարող լուծում ստանալ: : Ես կարող եմ ասել ու դուք էլ կարծում եմ՝ կհամաձայնվեք ինձ հետ, որ ամեն ինչ այնպես չէ, ինչ սրանից 2 կամ 8 տարի առաջ էր: Ասել, որ չի եղել առաջընթաց, ուղղակի պետք է չափազանց սուբյեկտիվ լինել բացասական իմաստով, բայց ասել, որ բան չունենք անելու ու քայլեր չկան ձեռնարկելու, սա էլ կլինի երեսապաշտություն: Քանի դեռ մենք ունենք անգամ մեկ, երկու կամ երեք դեպք, պատասխանատու ենք ինչպես բացթողումների այնպես էլ  ընկալումների համար: Ուստի բազմաթիվ քայլեր պետք է ձեռնարկվեն, պատահական չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, կառավարության կողմից հաստատված ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը կոնկրետ թիրախային ոլորտներ են ընտրել: Այստեղ բազմաթիվ քայլեր արվում են ու կշարունակվեն իրականացվել: Ես կարող եմ իմ իրավասության շրջանակներում ասել, որ քաղաքացիների առօրյան հեշտացնելու նպատակով ուզում ենք մի կարևոր նախաձեռնություն իրականացնել, փակագծեր չեմ բացի: Միայն նշեմ, որ խոսքը վերաբերում է նրան, որ ԱՆ-ի տարբեր պատկան մարմինների ու հիմնարկների կողմից բազմաթիվ ծառայություններ են մատուցվում և այդ ժամանակահատվածում բնականաբար քաղաքացիների կողմից դժգոհություններ կարող են առաջանալ: Մեր խնդիրն է, այնպես անել, որ խնայենք քաղաքացիների ժամանակը, ռեսուրսներն ու այնպես անել, որ նրանք քաղաքակիրթ սպասարկում ստանան: Խոսքը վերաբերում է ՔԿԱԳ գործառույթներին, նոտարիատին, թարգմանությունների կետրոնի, ռեգիստրի, շարժական գույքի գործակալության կողմից մատուցվող ծառայություններին և այլն: Մենք այստեղ կոնկրետ քայլեր ունենք ձեռնարկելու, որը հնարավորություն կտա առկա ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը գրեթե վերացնել, ինչու՝ գրեթե վերացնել, որովհետև 100 տոկոսանոց արդյունք բավականին դժվար է, գոնե այս փուլում ակնկալել:

IMG_9959 copy– Ձեր պաշտոնավարման ընթացքում նաև համագործակցության օրակարգ ձևավորվեց քաղաքացիական հասարակության հետ: Ինչպե՞ս եք պատկերացնում առաջիկայում քաղաքացիական հասարակության կազմակերպություններ հետ համագործակցությունը:

– Վերադառնալով ասեմ՝ ‹‹Հասարակական կազմակերպությունների մասին›› օրենքի նախագծի կյանքի կոչելն ու ՀԿ սեկտորի հետ համագործակցությունը, պարզապես բառեր չէին, որ պետք է գեղեցիկ հնչեին: Մեր նպատակը հենց այն է, որ  ստեղծված խորհուրդները, դառնան ինքնակարգավորվող ու ինքնակազմակերպվող: Սկզբում շարժիչ ուժի դեր պետք է տանի նախարարությունը, բայց դա չի նշանակում, որ անընդհատ պետք է օրակարգը արհեստականորեն ներմուծվի ԱՆ-ի կողմից: Իմ նպատակը համագործակցությունն այնպիսի մակարդակի հասցնելն է, որ խնդիրն ահազանգողը, բարձրաձայնողը, անհրաժեշտությունը տեսնողը լինեն հենց իրենք ու դրանք անեն կառուցողական քննադատության, և ոչ թե միայն թերությունը մատնանշելու ու դրա վրա հրճվելու ձևաչափով: Սա ամենաանընդունելին է: Ժամանակին Շոպենհաուերը նշել է, որ ինչպես դեղը չի հասնում իր նպատակին, երբ չափաբաժինը չափազանց մեծ է, այնպես էլ քննադատությունը չի հասնում իր նպատակին, եթե անցնում է արդարության սահմանը: Քննադատությունը պատասխանատվություն է: Եթե ինչ-որ մեկը իր վրա վերցնում է այդպիսի պատասխանատվություն, ապա պետք է լինեի հնարավորինս զգույշ, քանի որ  մշտապես անհիմն և անարդացի քննադատույթունը կարող է հանգեցնել նրան, որ այդ քննադատության  նույնիսկ չնչին հիմնավոր տարը այլևս ուշադրության չարժանանա:

– Ես ամեն շաբաթ վերլուծում ու ընթերցողին եմ ներկայացնում դատավորների հայտարարագրերը: Ասեմ՝ բավականին հարուստ դատավորներ ունենք: Ինչո՞ւ ենք մենք՝ հարկատուներս ՄԻԵԴի վճիռներով վճարում դատական սխալի համար, ինչո՞ւ պատասխանատվություն չի սահմանվում հենց դատավորների նկատմամբ:

– Այս խնդիրը բավական երկար քննարկված, տարբեր իրավաբանների կողմից տարբեր տեսակետների արժանացած հարցադրումներից մեկն է: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե մենք խոսում ենք պետությանը պատճառված վնասի մասին, ինչ-որ մեկի մեղքի պատճառով, դա պետք է ապացուցված լինի դատական կարգով: Այդ առումով, քաղաքացիաիրավական օրենսդրության շրջանակներում, եթե ապացուցված է դատարանի սխալ ակտը, որով դատավորը մեղավոր է ճանաչված, մենք անգամ այդ դեպքում հետադարձ պահանջի իրավունք ունենք: Սա այսօր էլ կա, գործող կարգավորում է, բայց ՄԻԵԴ-ի հարցին մոտենալիս ես կարող եմ ասել, որ երկրների գրեթե բոլորում կարգավորումը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեր երկրում: Այստեղ պետությունը իր պետական մարմնի կատարած սխալի համար պետք է պատասխանատվություն կրի, այդ սխալը պետք է չէ հասկանալ այնպես, որ դատավորը եղել է կոռումպացված ու սխալ քայլ է ձեռնարկել: Շատ հաճախ մենք գործ ունենք օրենքի սխալ կիրառման հետ, օրենքի բացի, ոչ ճիշտ ընկալման սխալի: Ես հարցը բոլորովին այլ հարթությունից կդիտարկեին, ես կքննարկեի ընդհանուր համակցության մեջ այն որոշումները, որոնք եղել են ու վեր կհանեի այն սխալները, որոնց համար մենք ստիպված ենք եղել փոխհատուցում կատարել:

– Գաղտնի չէ, որ մեր իրավագետներից որևէ մեկը հեղինակավոր պարբերականում չեն հրապարակվել, ինչպե՞ս անենք, որ մեր գիտական պոտենցիալը դուրս գա միջազգային հարթակ, օրինակ՝ դատախազության «Օրինականություն» ամսագիրը միջազգային հարթակում ոչ մեկ չի ճանաչում: Բացի այդ, մենք գիտական իրավական պոտենցիալ չունենք, շատ հաճախ մարդիկ գիտությունների թեկնածու են դառնում, ծառայությունից ազատվելու համար: Եթե ունենք լուրջ գիտկնականներ, որոնք գործում են միջազգային հարթակում, խնդրում ենք վկայակոչել նրանցից երեքինը, որոնք վերջին տարիներին երեք հեղինակավոր պարբերականներում հրապարակվել են:

Arpine-Hovhannisyan_1253-3 (1)– Ես հարցին կրկին մի փոքր այլ ձևով կմոտենամ: Մենք ունենք բավականին լուրջ իրավաբաններ, ովքեր ծանրակշիռ գործունեություն են ծավալում իրենց երկրի շրջանակներում, ինչու չէ նաև ունենք իրավաբաններ, բայց նրանք շատ քիչ են, ովքեր միջազգային հարթությունում են գործունեություն ծավալում: Գիտական միտքն ինչպե՞ս դարձնել ճանաչելի, սա ժամանակի խնդիր է, որովհետև ոչ թե մենք չունենք այդ պոտենցիալը, այլ որպես փոքր պետություն, այդ պոտենցիալը ճանաչելի դարձնելու խնդիր ունենք: Ինքս դասավանդելով ԵՊՀ-ում, կարող եմ ասել, որ ունենք բազմաթիվ ուսանողներ, որոնք լուրջ հաջողություններ են գրանցում՝ աշխարհի տարբեր բուհերում սովորելով ու ներկայացնելով մեր պետությունը: Իմ համակուրսեցիներից մեկը դասավանդում է ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանում, բնականաբար այնտեղ հրապարակվում է, նա հայտնի է, ես անուններ չեմ ուզում թվարկել, որովհետև նշելով մեկի անունը կմոռանամ մյուսներին: Բոլորովին այլ հարց է, որ մենք այդ գիտական մտքի ճանաչելիության խնդիր ունենք:

– Մեր բուհական կրթությունն ավելի շատ դասախոսական կրթություն է, խոսքն իրավագիտության մասին է, փոխարենը, օրինակ՝ ԱՄՆում հետազոտական է, դասախոսին վճարում են, որ նա հետազոտություններ կատարի, հետո գա դասախոսություն կարդա: Այդ ամենն ավելի շատ կա հայաստանյան նորաբաց բուհերում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում և այլն: Ինչպե՞ս անենք, որ փոխենք մեր կրթական համակարգը, որ դասախոսական կազմն էլ իրեն լավ զգա, հետազոտություններ անի, միայն չվճարվի ժամաքանակի համար:

– Ես չէի ասի, որ համալսարանական կրթական մոտեցումը սխալը է: Ես կգնայի երկու սկզբունքների համադրման ճանապարհով, ես կարող եմ ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի իմաստով ասել, այստեղ մագիստրատուրայում նմանատիպ փորձ է արվում ներդնել: Նախ պետք է սկսենք սկզբից՝ համալսարան ովքեր են ընդունվում, դպրոցից հետո, երբ գալիս են, արդյոք հետազոտական բնույթի դասախոսությունները առաջին կուրսի ուսանողի համար կարող են լինել արդյունավետ, բացի այդ՝ բազային գիտելիքներ նրանց անհրաժեշտ են, թե ոչ: Ես ինքս կողմնակից եմ, որ որոշակի տարիների ընթացքում տրվեն բազային գիտելիքներ, այնուհետև հետազոտականը, որը շատ ավելի կարևոր է՝ հաշվի առնելով ուսանողի նախասիրությունները:

– Գաղտնիք չէ, որ Սահմանադրական հանձնաժողովի մեջ ի պաշտոնե արդարադատության նախարարն էր Հրայր Թովմասյանը, հետագայում, որ նախարարը փոխվեց, հանձնաժողովի կազմն էլ փոխեցին, նախարարի փոխարեն նշվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը, դա պայմանավորված էր Հրայր Թովմասյանի անձով: Այո, եղան նոր նախարարներ, բայց էլի Հրայր Թովմասյանը մնաց այս հանձնաժողովում, ես գիտեմ ձեր պարզաբանումները Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի կազմում նորից նրա ընդգրկման վերաբերյալ: Բայց եկեք հարցը դիտարկենք ի սկզբանե ձևավորված ավանդույթով՝ գործընթացների մեջ ներգրավված է ոչ թե ինստիտուտը, այլ անձը:

– Ես առաջին փոխարինման հետ կապված մեկնաբանությունից զերծ կմնամ: Երկրորդ դեպքում պարզաբանումը եղել է հստակ, ես ուզում եմ ասել՝ գոնե այս փուլում, երբ ԱՆ-ն պատասխանատու կատարող է այդ իրավական ակտերի գերակշիռ մեծամասնության համար, այս դեպքում տրամաբանությանը լիովին կհակասեր, որ այդ խորհրդում լիներ Արդարադատության նախարարը, ով միևնույն ժամանակ կլինի զեկուցող, պատասխանատուն ու կատարողը: Իսկ գլոբալ մոտեցումը հետևյալն է, այո´, ես կարծում եմ՝ ինստիտուցիոնալացումը ցանկացած հարցի ու ինստիտուտների մակարդակով  շատ կարևոր է  է, սա երկրի զարգացման առաջընթացի գրավականներից մեկն է, երբ որ ոչ թե անձերն են  կարևորվում այլ ինստիտուտները, թեև անձի գործոնը երբեք ու որևէ պարագայում չի կարող անտեսվել:

IMG_0024 copy– Այս հարցազրույցը չէր կարող լինել առանց՝ անձնական տարրերի: Ես հիշում եմ մեր նախորդ զրույցը, երբ դուք ԱԺ պատգամավոր էիք, այնտեղ մենք խոսեցինք գրականության, կինոյի և այլնի մասին: Նույն հարցերը չեմ տա, բայց խնդրում եմ այս հարցերիս հնարավորինս անկեղծ պատասխանել: Ո՞րն է ամենակարևոր բանը, որ մարդիկ պետք է իմանան Ձեր մասին:

– Հետաքրքիր հարց: Որ շատ հաճախ այն ուղղամտությունն ու անկեղծությունը, որով ես մտքերս հնչեցնում եմ կամ շարադրում, դա հենց այն է, ինչ ես նկատի եմ ունենում ու դրա տակ չկա այլ բան, քան այն ինչ ես ասում եմ կամ նկատի ունեմ: 

-Չարլզ Լեմը ասել, որ իրավաբանները երևի, ինչ-որ ժամանակ երեխա են եղել:Հետաքրքիր  է, Դուք մանկուց եք ցանկացել լինել իրավաբան, ինչ-որ նախապատմություն ունի Ձեր՝ մասնագիտության ընտրությունը: Ինչպե՞ս եղավ որ ընտրեցիք իրավաբանի մասնագիտությունը:

– Թերևս համաձայնվեմ այդ մտքի հետ, քանի որ հիմա երբ փորձում եմ մտաբերել հատուկ դրվագ ընտրության հետ կապված չի ստացվում: Այն կարծես արյանս մեջ լիներ, այլ միտք չեմ էլ ունեցել, ի սկզբանե  իրավաբանի մասնագիտություննէլ ցանկացել եմ ունենալ: Իհարկե մայրիկիս գործոնը չեմ բացառի, քանի որ նա էլ ցանկանում էր, որ ես ընտրոմ այս մասնագիտւթյունը և երբեք այլ տարբերակի մասին խոսակցություն չի էլ եղել: Հումանիտար ուղղվածության նկատմամբ նախասիրությունս ակնհայտ էր նրանով, որ ինչպես դպրոցում, այնպես էլ համալսարանական տարիներին ընդգծված սեր ունեի պատմություն առարկայի նկատմամբ:

– Ո՞րն է Ձեր կյանքի փիլիսոփայությունը՝ լավ կյանքի համար:

– Զբաղվել սիրած գործով, մարդկանց հետ լինել ազնիվ, չամաչել նայել մարդկանց աչքերին, շարժվել առաջ՝ այդ ընթացքում չվնասելով որևէ մեկին:

06cc50f2-539a-4722-9ac3-27afb2e1b3bc-1 (2)– Ի՞նչ որակներ եք ամենաշատը կարևորում տղամարդկանց մեջ:

– Մեծահոգություն, բարդույթավորված չլինել, ինքնաբավություն, հումոր, շատ բացառիկ հատկանիշներ չեն, ազնվություն, սա ամենակարևոր հատկանիշներից մեկն է, բազմաթիվ առիթներով եմ ասել տղամարդկանց համար հատկապես: Մեր հասարակությունը իր բնույթով տղամարդկանց հասարակություն է, պատրիարխալ է, և տղամարդուն հատկացված է որոշակի դեր, տղամարդու համար սահմանված են հասարակության մեջ որոշակի հատկանիշներ, որոնք ինքը պետք է ունենա՝ կլինեն դրանք կարծրատիպային, թե ոչ այնքան, կարևոր չէ: Շատ հաճախ հասարակության մեջ տեղի ունեցող տրանսֆորմացիաներով պայմանավորված, թվում է, թե աննկատ է մնում, որ մարդկանց, այդ թվում՝ տղամարդկանց դերը սկսում է փոփոխվել, ու այդ հատկանիշները սկսում ենկորչել, իրականում, մարդիկ խոսում են մի բանից, ինչ իրենք չունեն, պահանջում են դիմացինից մի բան, ինչ իրենք չունեն, և շատ հաճախ այստեղ քննադատության սայրն ուղղվում է դեպի հակառակ կողմը՝ լինի դա հակառակ սեռը, թե իրենց չնման ինչ-որ մեկը, միայն նրա համար, որովհետև մարդիկ չեն համապատասխանում իրենց պատկերացումներին:

– Խնդրում եմ նշել հայ կամ արտասահմանցի իրավաբանի իդեալը Ձեզ համար, կա՞ այդպիսի մարդ:

– Երբեք իմ կյանքում իդեալներ որպես այդպիսին չեմ ունեցել՝ այն բառի իմաստով՝ որոնց կուրորեն փորձել եմ նմանվել կամ հետևել նրանԱյս դեպքում էլ չկան իդեալներ, կան մարդիկ, որոնց մտքերն ինձ համար նշանակություն ունեն, դրանք կարող են լինել և՛ անտիկ ժամանակաշրջանից, և՛ մինչև նոր միտք, լինել գրական հերոսներ, ինչպես օրինակ՝ ‹‹Սպանել ծաղրասարյակին›› գրքի գլխավոր հերոս Ատտիկուս Ֆինչը, այնպես էլ իրական մարդիկ: Միայն ուզում եմ նշել, որ  ինձ համար միշտ հիացմունքի են արժանի եղել այն իրավաբանները, որոնք չեն վախեցել դառնալ քննադատության թիրախ, իրենց վրա վերցրել են պատասխանատվության ծանր բեռը՝հավատալով, որ իրենց կատարած գործը դրական փոփոխություններ կբերի մարդկանց կյանքում և մտածողության մեջ:

– Եթե հիշում եք, մեր նախորդ հարցազրույցի ընթացքում խոսեցինք անձնական կյանքի «Չ»-երի մասին, մասնավորապես «Ամուսնացած չէ» հանգամանքին, Դուք խոստացանք այդ «Չ»-ն լուծել 2015թ.-ին:

– Չէի, խոստացել, ասել էի, որ կփորձեմ: Անձնական կյանքում երբեք չես կարող հստակ կանոններ սահմանել, ժամկետներ մատնանշել, եթե դու անձնական կյանքիդ չես վերաբերում, ինչպես բիզնեսի: Ուստի կարծում եմ, որ այս հարթության մեջ պետք է լինի օրինաչափ զարգացում, դուք դրա արդյունքը կտեսնեք:

– «Հայ հանրաճանաչ իրավաբանները» հատուկ նախագիծը ենթադրում է, որ զրուցակիցը պետք է նշի այն իրավաբանի անունները, որոնք, ըստ նրա կարող են համարվել հանրաճանաչ, ըստ Ձեզ՝ ով կարող է լինել մեր հաջորդ զրուցակիցները:

– Դավիթ Հարությունյան:

Հարցազրույցը վարեց Գևորգ Թոսունյանը

Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի

Նախագծի մտահաղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Կարդացեք նաև՝

«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսվի ընտանիքից և դպրոցից». Վրեժ Գասպարյան

«Ես սովորում եմ». Ալվինա Գյուլումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել