Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է

Գիտե՞ք ովքեր կարող են օգտվել ավտոմոբիլային ճանապարհներից և արդյոք դա վճարովի է:
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկությունը թույլատրվում է առանց սահմանափակումների`
ա) տրանսպորտային միջոցների (մարդատար, բեռնատար և հատուկ նշանակության ավտոմեքենաներ, ավտոբեռնասայլակներ, ավտոբուսներ, պիկապներ, մոտոցիկլետներ, մոտոռոլերներ և օդաճնշման դողերով այլ ինքնագնաց մեքենաներ ու մեխանիզմներ) համար` ճանապարհի երթևեկամասով.
բ) հետիոտնի և սայլակներով տեղաշարժվող հաշմանդամների համար` մայթերով և կողնակներով.
գ) հեծանվորդների համար` մայթերով, կողնակներով և հեծանվային արահետներով:
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին ճանապարհային և կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում երթևեկությունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել պետական ճանապարհային մարմնի ցուցումով:
Եթե ճանապարհից օգտվելը սպառնում է երթևեկության անվտանգությանը, ապա երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է ճանապարհի առանձին տեղամասերում սահմանափակել կամ դադարեցնել երթևեկությունը` անհապաղ իրազեկ պահելով պետական ճանապարհային մարմնին կամ ճանապարհի սեփականատիրոջը, նշելով սահմանափակման կամ դադարեցման պատճառը, մոտավոր ժամկետը:
Ո՞ ր դեպքերում է արգելվում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելը:
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են`
ա) թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաների և մեխանիզմների երթևեկությունը ասֆալտբետոնե և սև խճային ու կոպճային ծածկով (այսուհետ` կատարելագործված ծածկով) ավտոճանապարհներով.
բ) երթևեկամասի և կողնակների վրա մեքենաներ և մեխանիզմներ, կողմնակի առարկաներ, շինարարական նյութեր, ձյուն, շինարարական և կենցաղային աղբ թողնելը կամ թափելը.
գ) ոռոգման նպատակով կողային առուների օգտագործումը.
դ) չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների` ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը.
ե) կողնակների վրա ապրանքներ վաճառելը.
զ) երթևեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն և հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների և այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների վնասումը և աղտոտումը.
է) ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը` առանց ճանապարհը տնօրինողների հետ երթևեկության երթուղին համաձայնեցնելու.
ը) առանց ճանապարհը տնօրինողների հետ համաձայնեցնելու` ճանապարհային հեռանկարային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծումը: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է: Ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար օրենքով սահմանվում է վճար:
Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար օրենքով սահմանվում է վճար:
Ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վարձաչափը և վարձաչափի հաշվարկման ու վճարման կարգը սահմանում է դրա սեփականատերը:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել