Պետդավաճանության գործով ամբաստանյալ կնոջ որդիների ցուցմունքները հրապարակվեցին

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց պետական դավաճության գործով դատավարությունը: Դատարանում հարցաքննության էին հրավիրվել գործով վկաներ անցնող ամբաստանյալ Կարինե Ղումաշյանի որդիները:

Նրա ավագ որդին՝ Տիգրանը, ներկայումս ծառայում է բանակում, սպա է: Նա դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ՝ օգտվելով իր՝ մերձավոր ազգականի վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքից: Դատարանում հայտնեց նաև, որ նախաքննության ընթացքում երկու անգամ է հարցաքննվել: Առաջին անգամ իրենց չեն տեղեկացրել մոր դեմ ցուցմունք չտալու իրավունքի մասին, իսկ երկրորդ հարցաքննության ժամանակ քննիչն ասել է, թե այլևս իմաստ չունի հրաժարվել ցուցմունքներից:

Մեղադրող Արամ Արամյանի միջնորդությամբ հրապարկվեցին տղայի նախաքննական ցուցմունքները: 2009 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտել է 2013 թվականին և սկսել է ծառայությունը Արցախի զորմասերից մեկում՝ որպես դասակի հրամանատար: Մայրը երկու անգամ մեկնել է Թուրքիա աշխատելու, առաջին անգամ շուրջ տասը տարի առաջ, իսկ երկրորդ անգամ՝ 2012 թվականին: Հետագայում մոր մոտ է գնացել նաև կրտսեր եղբայրը՝ Դավիթը: Այնտեղ միասին աշխատել են կոշիկի ֆաբրիկայում, Դավիթը նաև ոսկերչություն է սովորել:

2014-ի հունվարին մայրը վերադարձել է Թուրքիայից: Եվ Վանաձորից մի անգամ   Skype-ով իր հետ զրուցելիս հարցրել է իր զորամասի տեղն ու համարը, նաև, թե արդյո՞ք այն «учебка» է, թե՝ ոչ: Պատասխանել է: Հետո մայրն ասել է, որ իր հետ կարևոր խոսակցություն ունի, սական համացանցով չի կարող:

Ապրիլին մայրն ընկերուհու հետ մեկնել է Ստեփանակերտ՝ որդու մոտ: Ընկերուհու հետ այնտեղ մնացել են 4-6 օր, իր տանը: Մի անգամ, երբ մոր հետ միասին խանութ են գնալիս եղել, մայրն իրեն ասել է, որ Թուրքիայում ծանոթացել է Արման անունով մեծահարուստ բարերարի հետ, ով մանկատներին, դպրոցներին ու նաև բանակին օգնություն է տրամադրում և ցանկանում է նաև տեղեկություններ իմանալ, թե որքանով են այդ գումարները նպատակային օգտագործվում: Ասել է նաև, որ պատրաստ է իրենց էլ օգնել գումարով, եթե Տիգրանը տեղեկություններ հայտնի:

Իսկ հետո մայրն իրեն ցույց է տվել, որ իր իսկ անուն-ազգանունով էջ է բացել odnoklassniki.ru սոցիալական ցանցում և իր անունից նամակագրություն է սկսել «Aro» անունով օգտատիրոջ հետ, ով այդ նույն «բարերարն» է եղել՝ մոր ներկայացնելով:  Ինքը նույնպես այդ էջից 2-3 անգամ նամակ է գրել: Անհայտ օգտատիրոջ այն հարցից հետո, թե արդյո՞ք այդ տեղամասում երկու զորամաս կա, կասկածել է, որ գրողը թուրք կամ ադրբեջանցի է, այդ օգտատիրոջը «սև ցուցակ» է գցել և մոր կողմից բացված իր անուն ազգանունով էջի անունը փոխել է՝ «OO OOO»:

Ի դեպ, որդուն Արցախում տեսակցելու գնացած մայրը նրան է փոխանցել բջջային հեռախոս, որի մեջ տղան իր քարտն է տեղադրել և կարողացել օգտվել նաև ինտերնետային կապից, և մեկ հատ սպորտային հագուստ, որն ուղարկել էր մեծահարուստ «բարերարը»:

Այնուհետև մորը զգուշացրել է, որ դադարեցնի նամակագրությունն այդ անձի հետ, քանի որ դա կարող է վտանգավոր լինել: Որոշ ժամանակ անց այս նույն Aro-ն նամակ է գրել Տիգրանի իրական էջին, այդ ժամանակ տղան ասել է, թե դու թուրք ես, հայհոյել է ու իր էջը նույնպես ջնջել սոցցանցից: Հետագայում իր և մոր հարաբերությունները վատթարացել են, քանի որ հորից իմացել է, որ մոր ցանկությամբ են ծնողներն ամուսնալուծվել:

Ցուցմունքները հրապարակելուց հետո դատարանը նորից անդրադարձավ՝ մերձավոր ազգականի վերաբերյալ ցուցմունք չտալու իրավունքի հարցին: Տիգրանը պնդեց, որ առաջին հարցաքննության ժամանակ իրեն չեն հայտնել ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի մասին. «Ցուցմունքները ճիշտ են, ես սխալ ցուցմունք չեմ տվել: Բայց եթե իմանայի, ցուցմունք չէի տա»:

Ամբաստանյալ Կարինե Ղումաշյանի մյուս որդին՝ 17-ամյա Դավիթը, նույնպես դատարանում  հրաժարվեց ցուցունքներ տալուց և հայտնեց, որ նախաքննության ժամանակ ցուցմունք տալուց առաջ իրեն չեն հայտնել, որ ցուցմունք չտալու իրավունք ունի: Եվ ցուցմունք տալիս սենյակում եղել են ինքն ու քննիչը, այնինչ՝  անչափահասների հարցաքննությանը պետք է ներկա լինի մանկավարժը կամ ծնողը: Միևնույն ժամանակ արձանագրության մեջ նշված է, որ ցուցմունքը վերցնելիս ներկա է եղել նրա հայրը: Իսկ այն հարցին, թե ինչպես է բացատրում այն, որ արձանագրության մեջ հոր ստորագրությունը կա, տղան ասաց, որ, ամենայն հավանականությամբ, հայրը հարցաքննությունից հետո է ստորագրել: Սակայն նա նույնպես հայտնեց, որ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները ճիշտ են:

Այսպիսով, դատախազի միջնորդությամբ նրա նախաքննական ցուցմունքները նույնպես հրապարկվեցին: Դավիթը պատմել է, որ երբ Թուրքիա են մեկնել մոր հետ, ապրել են Բավո անունով հայ կնոջ տանը, աշխատել են կարի ֆաբրիկայում: Այդ նույն տանն է ապրելիս եղել 40-45 տարեկան Ռաֆիկ անունով մի տղամարդ, ով չի կարողացել աշխատանք գտնել: Մի անգամ Ռաֆիկն (խոսքն այս գործով անցնող մյուս ամբաստանյալ Ռաֆիկ Պապոյանի մասին է,-հեղ.) իր մորն ասել է, թե ծանոթացել է հարուստ մարդու հետ, ով ցանկանում է օգնել հայերին, առաջարկել է ծանոթացնել նրա հետ: «Բարերարը» ծանոթանալու համար նրանց ռեստորան է հրավիրել: Արման անունով ներկայացած 33-38 տարեկան է եղել, մշտապես ականջները ծածկող գլխարկ է կրել: Այդ հանդիպումից հետո մայրը տպավորված է եղել նրանով:

Դրանից հետո մայրը 1-2 շաբաթը մեկ հանդիպել է նրան, նրանից գումար ստացել՝ 100-200 դոլարի չափով: Իսկ Հայաստան մեկնելու համար 1200-1300 դոլար է տվել մորը: Ցուցմունքի համաձայն՝ մայրը Հայաստան է եկել կարճ ժամանակով՝ ամուսնալուծվելու և փոքր որդուն հոր մոտից իր խնամքի տակ վերցնելու նպատակով: Իսկ իրեն Թուրքիայում է թողել ընկերուհու՝ Մարիայի հոգածությանը: Այս ընթացքում «բարերար» Արմանը համոզել է իրեն չվերադառնալ Հայաստան, խոստացել, որ իր համար աշխատանք կգտնի, սակայն նա վճռական է եղել և շուրջ մեկ ամիս անց մոր վերադառնալուց հետո ինքն էլ եկել է Հայաստանում:

Դավիթի ցուցմունքի համաձայն՝ երբ Տիգրանը մորը զգուշացրել է, թե Արմանը կարող է «շպիոն» լինել, որոշ ժամանակ մայրը դադարեցրել է նրա հետ նամակագրությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 18-ին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել