Նավալնին ընդդեմ Պուտինի. մեղադրում է Պուտինին հակակոռուպցիոն օրենքները խախտելու մեջ

Մոսկվայի Տվերի դատարանը մերժել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու ներկայացրած դատական հայցն ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ռուսական RIA լրատվականին:

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Նավալնին հայտնել է, որ դատական հայցը ներկայացրել է հինգշաբթի օրը՝ մեղադրելով Պուտինին հակակոռուպցիոն օրենքները խախտելու մեջ այն բանից հետո, երբ անցած տարի նավթաքիմիական ՚Սիբուր ընկերությունը, որի գլխավոր բաժնետերը Պուտինի փեսան է (Կիրիլ Շամալով), Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամից ստացել է 1.75 միլիարդ դոլար անսովոր ցածր տոկոսադրույքով:

Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հինգշաբթի օրը լրագրողներին տեղեկացրել է, որ ՌԴ առաջնորդը տեղյակ չի եղել իր դեմ ներկայացված հայցի մասին: Նաև տեղեկացվում է, որ Մոսկվայի Տվերի դատարանի դատավոր Անաստասիա Զյուրկոն մերժել է Նավալնու հայցը տեխնիկական հիմքերով:

Նավալնին Twitter-ի իր պաշտոնական էջում հեգնանքով նշել է, թե «ցնցված» է դատարանի այս որոշումից, և հավելել, որ շատ հետաքրքիր է, որ իր հայցը մերժելու դատարանի որոշումը ոչ մի առնչություն չունի հայցի բովանդակության հետ, այլ «ակնհայտորեն» հիմնված է տեխնիկական պատճառների վրա:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ