ՀՔԾ-ն իրավաչափ համարեց, որ փախուստի դիմած մեղադրյալի նկատմամբ ոստիկանները բռնություն են կիրառել

2015 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Դավիթ Հ.-ն, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ձերբակալված անձանց պահման վայրից փախուստի դիմելու համար, հայտնել էր ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյաներ:

Մասնավորապես` Դավիթ Հ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ  2015 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում, երբ գտնվել է Երևան քաղաքում բնակվող ազգականի ավտոմեքենայում, ոստիկանության ծառայողները հարձակվել են իր վրա՝ քաշքշելով ավտոմեքենայից հանել և բռնության գործադրմամբ նստեցրել են ոստիկանության ավտոմեքենան և բերման ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին:

Դավիթ Հ.-ի հաղորդման հիման վրա՝ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով քննության են ենթարկվել Դավիթ Հ.-ի կողմից նշված՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու դրվագների բոլոր հանգամանքները, մասնավորապես՝ քրեական գործով անհապաղ իրականացվել են քննչական լայնածավալ գործողություններ, կատարվել մի շարք  հարցաքննություններ, կազմակերպվել վերջինիս և ոստիկանության ծառայողների հետ առերես  հարցաքննություններ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում, ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, կալանքի տակ գտնվող, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի ձերբակալված անձանց պահման վայրից փախուստի դիմած, ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող Դավիթ Հ.-ին բռնելու ժամանակ, վերջինս շարունակ ակտիվ դիմադրություն է ցույց տվել՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցներին:

Ոստիկանության ծառայողները նրա դիմադրությունը խափանելու նպատակով ձեռնամարտի հնարքներ են կիրառել, որը պայմանավորված է եղել վերջինիս վնասազերծելու, նրա կրկնակի փախուստը կանխարգելելու և ցուցաբերած դիմադրությունը հաղթահարելու անհրաժեշտությամբ, ինչի արդյունքում վերջինս ստացել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Կատարված քննության ընթացքում բավարար ապացույցների համակցությամբ չի հաստատվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև արդարադատության  կամ պետական ծառայության դեմ ուղղված որևէ այլ հանցագործություն կատարելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործով վարույթը:

Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել