Նրանք չպետք է լինեն հակակոռուպցիոն խորհրդում. Էդմոն Մարուքյանը՝ Հովիկ Աբրահամյանի և մյուսների մասին

Էդմոն Մարուքյանը քննադատում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անգործությունը: Իրավաբան.net-ի հետ զրույցում ԱԺ պատգամավորն ասաց, որ գործողությունների հաշվետվությունից նա հասկացել է, որ կոռուպցիան նվազեցնող մեխանիզմներ չկան. «Այս մարմնի գործունեությունը դեռևս իմիտացիոն բնույթ է կրում, այսինքն՝ իմիտացիայից զատ, դեռևս ես որևէ բան չեմ տեսել, իսկ այդ հաշվետվությունն էլ, որ կարդաք, կտեսնեք, որ այնտեղ որևէ ռեալ քայլ՝ ուղղված հավասար հնարավորությունների ձևավորմանը, մոնոպոլիաների կրճատմանը, տնտեսական հնարավորությունների ավելացմանը, չկա»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է շահերի բախման քաղաքականության ներդրմանն, ապա ըստ մեր զրուցակցի, այդ մասին ընդհանրապես խոսակցություն չկա. «Դուրս է գալիս, որ մեր պաշտոնյաները կարող են շարունակել նույն ձևով պնդել, որ ես այսինչ բանի հետ կապ չունեմ, սակայն իմ հարազատինն է, այն դեպքում, երբ կոնկրետ շահերի բախման բազմաթիվ դեպքեր կան: Կոռուպցիոն ռիսկերն այստեղ միանշանակ առկա են, բայց դրա ուղղությամբ ոչ մի օրենսդրական քայլ չի արվում, մարդիկ շարունակում են մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստանալ ու մի քանի միլիոնի հայտարարագիր ներկայացնել, որևէ մեկին այս խնդիրը չի հետաքրքրում»:

Անդրադառնալով խորհրդի անդամներին, մասնավորապես՝ այն հանգամանքին, որ այն ղեկավարում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, աշխատանքներին մասնակցում են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, պարոն Մարուքյանը նշեց. «Գործադիր իշխանության ներկայացուցիչները չպետք է ներգրավված լինեն հակակոռուպցիոն խորհրդի կազմի մեջ: Փաստեր կան, թե ոչ, թե նրանք կոռուպցիոն տարբեր գործընթացների մեջ մտնում են, սա արդեն երկրորդական հարց է, առաջին խնդիրն է, որ մենք վստահելի խորհուրդ ունենանք, պետք է բացառվի գործադիր իշխանության մարմինների մասնակցությունը, ինչը չի արվել»,- շեշտեց պարոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ իր ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստ է համագործակցել կոռուպցիայի դեմ պայքարող անկախ կառույցների հետ:

Նշենք, որ այդ կառույցներից ամենաակտիվն ու ամենազդեցիկը ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան է, որին անդամակցում են 70-ից ավելի ՀԿ-ներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել