Գործադիր մարմնում աշխատանքի փորձը հնարավորություն տվեց պատկերացնելու խնդիրները ներսից. ՄԻՊ թեկնածու

Ներկայիս արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) թեկնածուներից մեկն է: Հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրվել է ԱԺ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության կողմից: Արդյո՞ք նա պատրաստ է այս պաշտոնում աշխատել, ի՞նչ խնդիրներ է տեսնում ոլորտում և ի՞նչ լուծումներ պետք է տրվեն. այս ամենի մասին Իրավաբան.net-ը զրուցել է Արման Թաթոյանի հետ:

Պարոն Թաթոյան, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ի՞նչ առաջնային խնդիրներ կան և ՄԻՊ նշանակվելու դեպքում որտեղի՞ց եք սկսելու աշխատանքը:  

-Խնդիրները շատ են, գիտեք: Ես չափազանց կարևորում եմ ՄԻՊ աշխատանքը՝ թե անձի իրավունքների պաշտպանությունը, թե կանխարգելիչ գործունեությունը, որը նպատակ ունի ընդհանուր առմամբ կանխելու անձի իրավունքների խախտումները: Ուզում եմ ասել, որ ինքս իմ աշխատանքային գործունեության ընթացքում այդ ուղղությամբ բազում աշխատանքներ տարել եմ: Մասնավորապես, ՄԻՊ աշխատակազմում ղեկավարել եմ աշխատանքային խմբեր, կազմել ենք արտահերթ հրապարակային զեկույցներ՝ դատապարտյալների, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված:

Չափազանց կարևորում եմ խոշտանգումների կանխարգելման ոլորտը: Որպես արդարադատության փոխանախարար ինձ հնարավորություն տրվեց անմիջականորեն ղեկավարել խոշտանգումների կանխարգելմանն ուղղված օրենսդրության բարեփոխման ողջ փաթեթը: Եվ ԱԺ-ն անցյալ տարի ընդունեց օրենսդրական փաթեթը. խոշտանգումների բնորոշումը համապատասխանեցվեց միջազգային չափանիշներին, հստակ նախատեսվեց քրեական պատասխանատվություն բոլոր այն դեպքերի համար, որոնք կարող են քրեական հետապնդման շրջանականերում լինել՝ հնարավոր բռնության դեպքեր և այլն: Այս դեպքերում մասնավոր մեղադրանքը դարձվեց հանրային. եթե նախկինում քրեական գործ չէր հարուցվում, քանի որ անձից դիմում չկար, այժմ քրեական գործ է հարուցվում, եթե դեպքը տեղի է ունեցել:

Շատ կարևոր եմ համարում խոցելի վիճակում գտնվող անձանց (մասնավորապես՝ անազատության մեջ գտնվող անձանց) իրավաբանական օգնության համակարգի կատարելագործումը: Այդ առումով էլ ձեռնարկել եմ և անմիջականորեն ղեկավարել եմ ողջ բարեփոխումների փաթեթը: Մասնավորապես, երբ կալանավորված անձիք հնարավորություն չունեին քրեական գործով ներգրավված պաշտպանից բացի այլ փաստաբանից իրավաբական օգնություն ակնկալել: (Օրինակ, ամուսնալուծության, առուվաճառքի հետ կապված իրավական օգնության կարիք ունի անձը, սակայն այդ գործերով չէր կարող այլ փաստաբան աշխատել, բացի քրեական գործով ներգրավված պաշտպանից, սակայն օրենսդրական փոփոխություններից հետո այժմ կալանավորված անձիք այլ փաստաբանների ծառայություններից նույնպես կարող են օգտվել,- Հեղ.): Ես այդ խնդիրներից տեղյակ էի, քանի որ աշխատել էի ՄԻՊ աշխատակազմում և ընդհանրապես շփվում էի ոլորտի հետ:

-Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ի՞նչ աշխատանքներ եք կատարել:

-Ես ի սկզբանե՝ 2004 թվականից աշխատել եմ քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբում: Այստեղ, բնականաբար, գրեթե յուրքանչյուր օր բազմաթիվ այցելություններ են եղել քրեակատարողական հիմնարկներ, ձերբակալված անձանց պահման վայրեր, ոստիկանության բաժիններ՝ բոլոր այն հաստատությունները, որտեղ կարող էին անձիք անազատության մեջ պահվել: Նաև զբաղվել եմ զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ: Եվ դրանից բացի, երբ Մարդու իրավունքների պաշտպանը դարձավ խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ (ԵՄ աջակցությամբ ծրագիր 2009-2011 թվականներին), ես պատասխանատու էի ՄԻՊ-ը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի զեկույցի կազմման, համակարգման համար, կատարում էինք մոնիտորինգներ, վերհանվում էին խնդիրները, ներկայացվում համապատասխան մարմիններին՝ դրանք լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

-Դուք Ձեր գիտելիքներն ու փորձը բավարար եք համարում՝ ՄԻՊ պաշտոնում աշխատելու համար:

-Այո, իհարկե: Ես գտնում եմ, որ այն փորձն ու գիտելիքները, այն աշխատանքը, որ կատարել եմ ՄԻՊ աշխատակազմում և իմ ամբողջ գործունեության ընթացքում, ինձ կօգնի:

Ի դեպ հավելեմ նախորդ մտքիս, որ խոշտանգումների կանխարգելման փաթեթի մշակման ժամանակ համագործակցել ենք նաև հասարակական կազմակերպությունների հետ և, օրինակ, հասարակական կազմակերպությունների առաջարկով ֆիզիկական կամ հոգևոր ցավը պատճառելու համար քրեական պատասխանատվություն սահմանվեց ոչ միայն այն դեպքերի համար, երբ է ցավ պատճառողը պաշտոնատար անձ է, այլև երբ դեպքը կատարվել է երկու տարբեր սուբյեկտների միջև:

-Խոսենք նաև Ձեր թեկնածության դեմ հնչող քննադատությունների մասին: Նշվում է, որ թեև Դուք հայտարարել եք, որ կարող եք անկաշկանդ աշխատել ՄԻՊ պաշտոնում, սակայն կառավարությունում պատասխանատու պաշտոն զբաղեցրած լինելու հանգամանքն իսկ կարող է կաշկանդել:

-Դա բացարձակ նշանակություն չունի: Հակառակը, դա ինձ միայն կօգնի: Գործադիր մարմնում աշխատանքի այս տարիների փորձը լիարժեք հնարավորություն տվեց պատկերացնելու խնդիրները ներսից: Երկրորդ՝ հնարավորություն տվեց հասկանալ, թե ինչպես է պետական մարմինը ընկալում օմբուդսմենի զեկույցները և ինչպես դա շարադրել (հստակ և միաժամանակ պաշտպանին հատուկ խստությամբ), որ ի վերջո հասնես արդյունքի: Իմ կարծիքով, պետք է վերջնական նպատակը լինի մարդու իրավունքների պաշտպանությունը և դրա համար ամեն ինչ անի պաշտպանը՝ անկախ նրանից, թե որ մարմնին է մեղադրում՝ այս կամ այն խախտման համար:

-Բազմիցս խոսվում է այն մասին, որ նախորդ երեք օմբուդսմեններն իրենց գործունեության համար  «քարկոծվել» են, Դուք պատրա՞ստ եք նման բուռն արձագանքների:  

-Ես ինքս ՄԻՊ աշխատակազմի այն բաժնում եմ աշխատել, որը չափազանց զգայուն, խնդրահույց հարցեր է վերահանվել, և նաև իմ վերլուծություններն են ընկած եղել նախորդ պաշտպանների զեկույցների հիմքում: Լիարժեք տիրապետում եմ այդ խնդրին: Եվ հասկանում եմ, թե ինչ աշխատանք պետք է տանել՝ արդյունքի հասնելու համար:

-Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բավականին փոքր է, հատկապես մարզերում ռեսուրսները քիչ են: Դուք, նշանակվելու դեպքում, կմիջնորդեք աշխատակազմը մեծացնել:

-Ինձ համար չափազանց կարևոր է մարզային գրասենյակների առկայությունը: Ես ինքս էլ այն ժամանակ գործեր եմ ունեցել, երբ մարդիկ մարզից էին գալիս, դժավարություններ էին լինում: Ամեն ինչ կախված է նպատակից, եթե նպատակը աշխատանքի արդնունավետությունը բարձրացնելն է, ապա պետք է ամեն ինչ անել դրա համար:

-Պարոն Թաթոյան, վերջին հարցս եմ տալիս. ինչպե՞ս եք գնահատում նախորդ օմբուդսմենների աշխատանքը:

-Թե Կարեն Անդրեասյանի, թե Արմեն Հարությունյանի և թե Լարիսա Ալավերդյանի աշխատանքը,  իրենց գործունեությունը ուղղված է եղել մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, և կարծում եմ, որ իրենք նպատակ են ունեցել և հակված են եղել իրենց առջև դրված խնդիրները լուծելուն:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել