Ընտանիքի անդամների հրկիզման փորձ՝ ամուսնու կողմից

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Գևորգ Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, նրան մեղադրանք է այն բանի համար, որ նա 2015 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, զանգահարելով նախկին կնոջը՝ Արևիկ Մ.-ին և դստեր ՝ էլֆրիդա Մ.-ին և նրանցից տեղեկանալով, որ վերջիններս այլևս իրեն տեսնելու և իր հետ շփվելու ցանկություն չունեն, դրանից վրդովված հեռախոսազրույցի ընթացքում սպանության սպառնալիքներ է հնչեցրել ինչպես էլֆրիդա Մ.-ի և Արևիկ Մ.-ի հասցեին, այնպես էլ մյուս երկու դստրերի՝ Անահիտ և Մալենա Մ.-երի հասցեներին, որից հետո սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ ստեղծելու միտումով, վերջիններիս վախեցնելու և նրանց մոտ տագնապի ու անվտանգության համար անհանգստության զգացում ստեղծելու համար ուղևորվել է մոտակա բենզալցակայան, գնել 2 լիտր տարողությամբ դիզելային վառելիք և գնացել Արևիկ Մ.-ի բնակության վայր, որտեղ դիզելային վառելիքը լցրել է պատուհանների վրա ու տան շրջակայքը և հեռացել:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»

Իրավաբան.net -ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները և անունները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել