Ինչո՞ւ է ՃՈ-ի ծանուցումների համակարգը շարունակում խնդրահարույց մնալ

Սահմանադրությունն ասում է, որ պետությունը կաշկանդված է քաղաքացու հիմնական իրավունքներով: Նշվում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ հավելելով, որ մարդու հիմնական իրավունքներից մեկը նոր սահմանադրությամբ լսված լինելու իրավունքն է. «Լսված լինելու իրավունքն էլ սկսում է ծանուցումից, մինչև չծանուցես, քաղաքացին հնարավորություն չի ունենա լսված լինելու, այսինքն՝ մասնակցելու վարչական վարույթին»,- անդրադառնալով Ճանապարհային ոստիկանության ծանուցումների համակարգին ասաց պարոն Ղազարյանը:

Թե ինչո՞ւ է ծանուցումների համակարգը շարունակում խնդրահարույց մնալ, պարոն Ղազարյանի պնդմամբ՝ պատճառը սահմանափակ հնարավորություններն են. ոստիկանությունը վերցնում է ավելին, քան կարող էր անել. «Բայց ինքը անպայման ուզում է իր նպատակին հասնել, այսինքն՝ եթե 1.5 միլիոն վարչական տույժի մասին որոշում է կայացվել, ուրեմն այդ մեկ ու կես միլիոնը պետք է Վարչարարության հիմունքների մասին օրենքով սահմանված երեք փուլերով անցնեն, բայց այդքան ռեսուրս չունի ոստիկանությունը: Հիմա հարց է բարձրանում՝ եթե ռեսուրս չունի, ապա ի՞նչ պետք է անի՝ կարճի, թե՞ վարչական փուլերը շրջանցելով ի վերջո այդ 1.5 միլիոնին հասնի: Հայաստանում վերջին երեք տարիներին արվում է երրորդը, այսինքն՝ շրջանցում է վարչական փուլերը, որպեսզի կարողանա մշակել այդքան քանակությամբ դիմումներ. Սահմանադրության երրորդ հոդվածը թույլ չի տալիս դա անել՝ ասելով, որ դու չես կարող, պետությունը, քո առաքելությունն իրականացնել մարդու հիմնական իրավունքի հաշվին: Ուստի այնքան վարչական տույժ կազմիր, որքան կարող ես, եթե ավելին ես ուզում, ապա արա, բայց ոչ քաղաքացու իրավունքի հաշվին»,- նշեց նա:

Ըստ իրավաբանի՝ այս պրակտիկան դանդաղ, սակայն դրական ուղղությամբ է սկսում շարժվել:

Փաստաբան Լուսինե Վիրաբյանն էլ կարծում է, որ ներակումս ՃՈ-ն ընդհանրապես չի ծանուցում վարորդներին, քանի որ կա Azdarar.am ու ոստիկանության կայքի համակարգը, իսկ երբ վարորդը ծանուցված չի լինի, նրա իրավունքները սահմանափակվում են. «Եկեք իրավիճակ պատկերացնենք՝ վարորդն ունի տուգանք, համապատասխան վարչական ակտ, որը գնացել է հարկադիր ծառայություն, ԴԱՀԿ-ն արգելանք է դրել վարորդների հաշիվների վրա, վարորդը կրել է բազմաթիվ վնասներ: Ի դեպ, արգելանքը չի դրվում, օրինակ, 5000 ՀՀ դրամի չափով, այլ ամբողջ գումարների վրա: Հաճախ լինում են դեպքեր, երբ վարորդն ունենում է վարկ, որ պետք է մարի, սակայն չի կարողանում գումարն իր հաշվից հանել, գալիս է տույժ ու տուգանք և այլն: Դրանից հետո ծանուցում է ստանում վարորդը, կարողանում է բողոքարկել, իսկ Վարչական դատարանում բողոքարկման գործընթացը ամիսներ է տևում, անգամ տարուց ավելի: Պատկերացնում եք՝ վարորդն ինչքա՞ն ճանապարհ է անցնում, քաշքշուկի մեջ ընկնում ու վնասներ կրում: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում ՃՈ-ն չի իրականացնում միջանկյալ վարույթն, արդյունքում տուժում է վարորդը»,- մեզ հետ զրույցում ասել է տիկին Վիրաբյանը:

Ճանապարհային ոստիկանությունը վերջին երկուսուկես տարիների ընթացքում կազմել է 2.5 միլիոն վարչական ակտ: Ի պատասխան փաստաբան Դավիթ Ասատրյանի հարցմանը՝ հայտնել են ՃՈ-ից.  «Այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի վարչական պատասխանատվության է ենթարկվել: Եթե հաշվի առնենք, որ մոտավորապես 300 հազար վարորդներ ունենք, ապա 2,5 մլն վարչական ակտը շատ մեծ թիվ է կազմում»,- հարցազրույցի ժամանակ ասել է փաստաբանը:

Այդուհանդերձ, հարկավոր է հստակ իմանալ ծանուցումների համակարգ, որպեսզի հետագայում չտուժեք: Հաճախ մեր զրուցակիցները բարձրաձայնում են այն խնդիրը, որ որոշ քաղաքացիներ պարզապես չեն հետևում էլեկտրոնային կայքերին կամ էլ հնարավորություն չունեն այցելելու Azdarar.am կամ էլ ոստիկանության կայքի համապատասխան համակարգ:

ՃՈ-ից էլ պատճառաբանում են, որ երբեմն վարորդները փոխում են իրենց գրանցման վայրը, առանց համապատասխան քայլեր ձեռնարկելու, որ նամակները նոր բնակավայր ուղարկվեն:

Ինչևէ, ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս գոնե շաբաթը մեկ այցելել Azdarar.am, այստեղ կա երկու համակարգ՝ մեկի միջոցով վարորդները կարող են տեսնել, թե ինչ չծանուցված նամակներ կան ՃՈ-ից, մյուսի՝ քաղաքապետարանից՝ կարմիր գծերի հետ կապված:

Azdarar

Բացի այդ, ՃՈ տուգանքների մասին կարելի է տեղեկանալ ոստիկանության կայքի համապատասխան բաժնում:

cho

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել