Գիտության պետական կոմիտեում բազմաթիվ խախտումներ է արձանագրել Վերահսկիչ պալատը

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեում իրականացված ստուգումներով հայտնաբերվել են բազմաբնույթ խախտումներ, թերություններ և ռիսկեր: Այս մասին այսօր Աժ-ում հայտնեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը` ներկայացնելով Վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը:

«Հիմնարար գիտական հետազոտությունների իրականացման ծրագրերը ֆինանսավորվել են` անտեսելով փորձաքննության գործընթացը: Բացասական փորձագիտական եզրակացություն ստացած որոշ գիտական թեմաներ ներառվել են ֆինանսավորման ենթակա թեմաների ցանկում և ստացել համապատասխան ֆինանսավորում: Պայմանագրերում հիմնարար հետազոտությունների իրականացման և ակնկալվող արդյունքների վերաբերյալ պարտավորություններ սահմանված չեն»,- ասաց Իշխան Զաքարյանը:

Նրա խոսքով` Գիտության պետական կոմիտեն ենթակառուցվածքի պահպանում և զարգացում ծրագրով (բազային ծրագիր) ֆինանսավորելուց հետո ծրագիրն իրականացնող կազմակերպություններից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն (հաշվետվություն) չի պահանջել, չի ստացել և հսկողություն չի իրականացրել:

«Խախտելով օրենսդրության պահանջները` Կոմիտեն իրականացրել է ոչ պետական կազմակերպությունների բազային ֆինանսավորում: Բազային ծրագրով ֆինանսավորում ստանալու նպատակով կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերում ծախսերը հաշվարկներով հիմնավորված չեն: Հայտերը համապատասխան հանձնաժողովի կողմից ուսումնասիրված են մակերեսորեն: Հանձնաժողովի գործունեությունը հաճախ կրում է ձևական բնույթ»,- նշեց Վերահսկիչ պալատի նախագահը:

Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ գիտական թեմատիկ ծրագրերի համար հատկացված միջոցները ծախսվել են տվյալ թեմայի հետ հիմնականում առնչություն չունեցող նպատակներով: Նմանատիպ, ինչպես նաև շուրջ 235,000.0  հազ.  դրամի ֆինանսական այլ բնույթի խախտումների օրինակները ներկայացված են Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունում:

Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի գործունեությունն իրականացվել է` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Վերահսկիչ պալատի 2011  թվականի գործունեության տարեկան ծրագրին համապատասխան: Վերահսկողություն իրականացնելու ընթացքում Հայաստանի վերահսկիչ պալատն   առաջնորդվել է Բարձրագույն վերահսկիչ մարմինների համաշխարհային կազմակերպության վերահսկողության սկզբունքներով:

Վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվությունում նշվում է, որ,  ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով,  վերահսկվող օբյեկտների ղեկավարները Վերահսկիչ պալատին տրամադրել են տեղեկատվություն ընթացիկ հաշվետվություններում ամրագրված` հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ:

Իրավաբան.net- ի լրագրողի հետ զրույցում Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը տեղեկացրեց, որ բոլոր այն դիտողությունները, որոնք ներկայացրել է Վերահսկիչ պալատը, արդեն շտկված են:

Նունե Հովսեփյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել