Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Գերխնդիրը ցուցմունքները գործի փաստերին հարմարեցնելն է. փաստաբան

Բանդայի կազմում սպանության, ավազակության և առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների գործով առաջին նիստն անցկացվեց՝ չորս ամբաստանյալների մասով: Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի այս գործից մաս առանձնացվեց և «Հայբիզնեսբանկ»-ից շուրջ 1 միլիոն դոլարի հափշտակության դրվագը քննվում է առանձին գործով:

Դատական նիստին պաշտպանական կողմը մի շարք միջնորդություններ ներկայացրեց: Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց դատարանում հարցաքննության կանչել «Ջունգ» մականունով Վահան Քյարամի Գալստյանին: Հիշեցնենք, որ ամբաստանյալներից Կարեն Վարդանյանը, ով մեղադրվում է «3-րդ մասի չենջի» աշխատակցի սպանության համար, իր ցուցմունքում նշել էր, որ տարադրամի փոխանակման կետի վրա հարձակումն իրականացրել է Ջունգի հետ, իսկ ամբաստանյալներ Ռաֆայելն ու Հայկը դրան չեն մասնակցել:

Լիպարիտ Սիմոնյանն իր միջնորդության մեջ նշեց, որ եթե չբավարարվի այն, ապա կխախտվի մրցակցային դատավարության սկզբունքը:

Հայկ Խոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը միջնորդեց դատարան հրավիրել դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետներին՝ եզրակացության վերաբերյալ մի քանի հարցերի պատասխանելու համար: Փաստաբանն իր խոսքում նշեց, որ դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ թե դեպքի վայրում, թե տուժողի հագուստի, թե կրակված գնդակի վրա չեն հայտնաբերվել Հայկի արյան հետքեր, այնինչ, համաձան մեղադրանքի, Հայկը դեպքի վայրում հրազենային վնասվածք է ստացել:

Ա. Ֆերոյանը  միջորդեց դատարան կանչել նաև գործով երկու վկաների, որոնց ցուցմունքների մեջ հակասություններ կան: Մասնավորապես, վկա Կարեն Ասլանյանն իր առաջին ցուցմունքում հայտնել է, թե զինված անձը սպիտակ հագուստով է եղել, նկարագրել է դիմագծերը, որոնց հիման վրա ֆոտոռոբոտ է մշակվել: Ի դեպ, հագուստի և հանցանքը կատարածների ֆիզիկական տվյալների նկարագրության մասով վիրավորված և 8 օր անց մահացած «չենջի» աշխատակցի ցուցմունքներն ու այս վկայի առաջին ցուցմունքները համընկել են:

Սակայն հետագայում Կարեն Ասլանյանը ցուցմունք է տվել, թե հանցանք կատարած անձիք եղել են սև հագուստներով և դիմակներով, հետևաբար՝ դիմագծերը տեսնել չէր կարող: Փաստաբան Ա. Ֆերոյանը նշեց. «Գերխնդիրը ցուցմունքները գործի փաստերին հարմարեցնելն է»:

Կարեն Վարդանյանի պաշտպան Թամար Բաղդասարյանն էլ միջնորդեց հանձնաժողովային դատաբժշկական կրկնակի փորձաքննություն նշանակել՝ պարզելու համար «չենջի» աշխատակցի՝ Հակոբ Մկրտչյանի մահվան իրական պատճառը: Նա իր միջնորդության մեջ հատվածներ մեջբերեց «Էրեբունի» ԲԿ տեղափոխված հիվանդի պատմագրից. առաջին օրը նրան վիրահատել են, նշված է, որ հրազենային վերքն ունեցել է մուտք, բայց ոչ ելք: Սակայն վիրահատության ժամանակ արված գործողությունների նկարագրության մեջ չի նշվում, որ փորձ է արվել գտնել ու դուրս բերել գնդակը:

Երեք օր անց երկրորդ վիրահատությունն է կատարվել և դուրս է բերվել մետաղական կտոր: Իսկ երրորդ անգամ վիրահատելուց հետո հիվանդի մոտ սեպսիս է ախտորոշվել:

Այս բոլոր միջնորդությունների դեմ տուժողի իրավահաջորդը՝ սպանված Հակոբ Մկրտչյանի եղբայրը առարկեց: Մեղադրող դատախազը սակայն ժամանակ խնդրեց դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնել:

Նշենք, որ ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանը նորից դատական նիստերի դահլիճում չէր. նրա հանդեպ կիրառված սանկցիան շարունակվումէ  ուժի մեջ մնալ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 11-ին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել