Եթե ԱՄՆ-ում դատավորներն ու դատախազները խոշոր չափի նվերներ ստանան, մեծ սկանդալ կլինի. ԱՄՆ պաշտոնյա

«ԱՄՆ-ում եթե հայտնի դառնա, որ դատավորները, դատախազները մեծ չափի նվիրատվություններ են ստացել, մեծ սկանդալ կլինի»,- նշում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի  քրեական բաժնի հակակոռուպցիոն հարցերով ավագ իրավաբան Փիթեր Ջ. Էյնսվորթը և հավելում, որ միայն այդ փաստը կարող է հիմք լինել հետաքննություն սկսելու համար: Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է Փ.Ջ.Էյնսվորթի հետ:

Պարոն Էյնսվորթ,  ասացիք, որ մեծ սկանդալ կլինի, եթե խոշոր չափերի հասնող նվիրատվությունների մասին հրապարակում լինի, իսկ ի՞նչ կհետևի այդ սկանդալին:

-Առաջին հերթին, օրենքը թույլ չի տալիս այդ չափի նվերներ տալ:  Ուոթերգեյթյան գործից հետո բարեփոխումներ եղան (1972-74 թվականներին քաղաքական սկանդալ ԱՄՆ-ում.  Հանրապետական Ռիչարդ Նիքսոնի աշխատակազմի կողմից ապօրինի գաղտնալսումներ էին կատարվել Ուոթերգեյթ հյուրանոցում տեղակայված դեմոկրատների նախընտրական շտաբում, ինչի շնորհիվ Նիքսոնը հաղթեց նախագահական ընտրություններում: Սակայն բացահայտման հետևանքով հանրապետական նախագահը ստիպված էր հրաժարական տալ,- հեղ. ): Մենք օրենքներ ունենք, որոնք արգելում են նման նվերների ստացումը, մասնավորապես, խոսքը Քրեական օրենսգրքի մասին է: Հստակ նշվում է նաև, որ պատժվում են նաև նրանք, ովքեր չեն հայտարարագրում այդ նվերը, դրա փաստն ու չափը:

Բնական է, ԱՄՆ-ում հետաքննություն կսկսվեր, կհայտանաբերվեին գործի կոնկրետ հանգամանքները ու կնշվեր, որ դա որևէ կոռումպացված գործունեության, գործարքի մաս է: Բնական է, որ համապատասխան ընթացք կտրվեր: Առնվազն նա իր աշխատանքը կկորցներ, եթե հայտանաբերվեր, որ ինչ-որ մեծ գումար է նվեր ստացվեր: Եթե նա ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչ է կամ այլ պաշտոնյա, առնվազն աշխատանքը կկորցներ: Եվ պետք է նշեմ, որ մեր օրենսդրությունը բավականին «քթի մազ» է նվերների հարցում:

Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ կուսումնասիրեին այն գործերը, որոնք վերաբերում են դատավորների կողմից նման արարք իրականացնելուն՝ դատախազների կամ գործադիր իշխանության ներկայացուցիչների դեպքում (դատախազները պատկանում են գործադիր իշխանությանը), համապատասխան մարմին կստանձներ այդ գործը և կուսումնասիրեր այդ պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրերը:

Կարևոր ուղերձն այն է, որ ինչ-որ գործընթաց կսկսվեր, հետևանքներ կլինեին: Դե, իհարկե, ինչ-որ բացառություններ կան՝ ընտանիքի անդամներին տրվող նվերների մասով:

-Ասացիք, որ ԱՄՆ-ում նույնպես կա  կոռուպցիա, հիմնականում կոռուպցիայի ո՞ր հանցատեսականերն են տարածված: Օրինակ, Հայաստանում որպես կոռուպցիա գլխավորապես ընկալվում է կաշառակերությունը:

-Կաշառակերություն բավականաչափ ԱՄՆ-ում էլ կա: Վերջերս մենք փորձել ենք կենտրոնանալ այն կաշառակերության դեպքերի վրա, որոնք առանչվում են ԱՄՆ բորսաներում գործող, ԱՄՆ-ում գործող ընկերություններին: Եվ սկզբունքորեն անդրադարձ է արվում բոլոր այն կաշառքներին, որոնք այդ ընկերությունները վճարում են ամբողջ աշխարհում:

Այս դեպքում մենք ավելի շատ կենտրոնանում ենք այն գործերի վրա, որոնք առանչություն ունեն փողերի լվացմանը, այսինքն՝ փողերի լվացման միջոցով կարողանում են, օրինակ, ապօրինի գործունեության արգասիք միջոցներով գնել սեփականություն ԱՄՆ-ում: Եվ, բնական է, այսպիսի գործերը քննվում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական դատարաններում:

-Իսկ կաշառքի դեպքերը հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաների՞, թե՞ ավելի ցածր պաշտոնյաների շրջանում են լինում:

-Արդար կլինի ասել՝ բոլոր օղակներում նման գործեր եղել են: Եվ պետք է նշեմ, որ արդարադատության դեպարտամենտը լսել է գործեր, որոնք վերաբերում են ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ ցածր մակարդակի պաշտոյաներին:

Կարծում եմ հիմնական մարտահերվերը ԱՄՆ-ում, կարծում եմ նաև ամբողջ աշխարհում, այն է, որ մենք հավասարապես պետք է վերաբերվենք ինչպես բարձրաստիճան պաշտոյաների, այնպես էլ առավել ցածր պաշտոններ ունեցողների խախտումներին:

-Խնդրում եմ նաև ասեք, թե ի՞նչ կառույցներ են գործում ԱՄՆ-ում՝ կառուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:

-Շատ պարզ պատասխան կարող եմ տալ, մենք ունենք Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI), որը արդարադատության դեպարատամենտի հետ կոնկրետ գործեր է լսում՝ պետական, դաշնային և նահանգային մակարդակներում:

Այս առումով մեծ նշանակություն ունի ազատ մամուլը, որը հնարավորություն ունի տվյալներ հրապարակել կոռուպcիոն գործակելակերպերի, դեպքերի մասին:

-Հայաստանում այժմ նախատեսվում է քրեականացնել ապօրինի հարստացումը, իսկ ԱՄՆ-ում ինչպե՞ս է այս հարցը կարգավորված:  

-Տարբեր երկրներում տարբեր կերպ է հարցը լուծվում: Մենք ունենք Քրեական օրենսգիրք, որն արգելում է սուտ տվյալներ ներկայացնել ֆինանսական հայտարարագրերում: Հետևաբար, եթե մեծ մեքենա են նվիրել, չեմ հայտարարագրել այն (օրինակ, ես չեմ կարող մոռանալ Mersedes Benz-ի մասին, որը կայանված է ավտոտնակում), կարող եմ ազատազրկվել: Մեր քրեական օրենսգրքի այս դրույթները սկզբունքորեն արտացոլում են տարբեր երկրների ապօրինի հարստացմանը վերաբերող օրենսդրական դրույթները, որոնք ունեն տարբեր մեխանիզմներ և ձևակերպումներ՝ մի քիչ այս կերպ, մի քիչ այն կերպ:  Սկզբունքորեն բոլոր երկրները պետք է մշակեն այնպիսի գործիքներ, որոնք առավել առանաձնահատուկ են իրենց իրավական մշակույթին: Նպատակը նույնն է բոլորի դեպքում՝ նվազեցնել կոռուպցիան հասարակությունում:

Հ.Գ. Նշենք, որ Իրավաբան.net-ը պարբերաբար անդրադառնալով պաշոտնայների գույքի և եկամուտների հարցերին, հրապարակումներ է ունեցել նաև դատական իշխանության և դատախազության և այլ պաշտոնյաների կողմից խոշոր չափերի նվերներ ստանալուն:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի

Լուսանկարները՝ Գևորգ Թոսունյանի

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ