Նորություններ

Նոտարական համակարգում գրեթե չկա կոռուպցիա. նոտար Լիլիթ Մուրադյան

Արյան և դիակների նկատմամբ վախը Լիլիթ Մուրադյանին ստիպեցին ընտրել նոտարի մասնագիտությունը: Երկու տասնյակ տարուց ավելի ոստիկանությունում աշխատած կինը ցանկանում էր քննիչ դառնալ: Այսօր նրա զրուցակիցները մեղադրյալներ կամ վկաներ չեն, սակայն զրույցները պակաս ծանր չեն: Լիլիթ Մուրադյանն աշխատում է Կենտրոն վարչական շրջանի նոտարական գրասենյակում: Ասում է, նոտարի մասնագիտությունը նմանություններ ունի քննիչի աշխատանքի հետ: Վստահեցրեց, որ կեղծարարի է բացահայտել: Նոտարի աշխատանքի, արյունից վախի և քաղաքացիների հետ շփման դժվարությունների, համակարգում առկա խնդիրների մասին է մեր հարցազրույցը:

– Տարբեր նոտարների հետ եմ խոսել մասնագիտություն ընտրելու առնչությամբ: Որպես կանոն գործում է նույն սխեման նրանց դեպքում, ովքեր ուսանել են խորհրդային տարին, այսպես՝ այս նոտարներն ավարտել են բուհը և նրանցից անգամ չեն հարցրել՝ ինչ են ուզում, միանգամից ուղարկել են տարբեր նոտարական գրասենյակներ: Բայց դուք ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում եք սովորել 1997 թվականից մինչև 2001 թվականը: Ձեր դեպքում այդ ստիպողական տարրը չկար, ինչո՞ւ որոշեցիք նոտարի գործունեությունը ծավալել:

– Նմանատիպ հարց ինձ տվեց նաև այդ ժամանակվա նախարար Հրայր Թովմասյանը՝ ինչո՞ւ հենց նոտար: Նախ ասեմ, որ ես առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ եղել, ապրանքագետի մասնագիտությամբ, շատ եմ սիրել իմ մասնագիտությունը, ապրանքագետ է եղել իմ մայրը: Այս մասնագիտությամբ ընդամենը 3 տարի եմ աշխատել: Խորհրդային փլուզումից հետո վերացավ գնային պետական համակարգը և ակտուալ չէր այդ մասնագիտությունը: Ոստիկանության համակարգում ֆինանսիստի հաստիք կար, դարձա ոստիկան: 20 տարի ծառայել եմ համակարգում: Տարիների ընթացքում, աշխատանքի բերումով, ցանկանում է քննիչ դառնալ, ուստի ավարտեցի ԵՊՀ-ն՝ այդ նպատակին հասնելու համար, սակայն ամուսինս ճիշտ ուղու վրա ինձ դրել, ասաց. «Համաձայն եմ, որ դու դառնաս քննիչ, բայց արյունից և դիակներից վախենում ես»,- ես հասկացա՝ ինչ եմ ուզում անել, որոշեցի մասնակցել նոտարական քննություններին:

– Հիմա չե՞ք փոշմանել:

– Ո՛չ, ու այնպես չէր, որ հուշեցին ինձ մասնակցել քննությանն և ես էլ առանց մտածելու գնացի այդ քայլին: Ես սիրում եմ այս մասնագիտությունը, սիրում եմ մարդկանց օգնել:

– Ձեր նախկին մասնագիտությունը, կարծում եմ, որ օգնում է նոտարի աշխատանքի ժամանակ:

– Շատ է օգնում, առաջին հերթին հասկանալ մարդուն, մարդու տեսակը, ցանկությունը, խաղաղեցնել մարդուն:

– Դուք ասացիք, որ արյունից և դիակներից վախենում եք: Այս մասնագիտությունում աշխատելիս, այո, արյան ու դիակների հետ չեք առնչվում, սակայն կան արյունակցական կապեր, որոնք լուրջ խնդիրներ են առաջացնում և կան մահացածներ, նկատի ունեմ՝ ժառանգության հարցերը և այլն: Փորձենք հասկանալ քաղաքացիների հետ աշխատանքն ի՞նչ դժվարություն է պարունակում, որովհետև, Դուք ազատվել եք քննիչի սթրեսային առօրյայից, սակայն պակաս սթրեսային չէ նաև այս մեկը:

– Իրականում, ես այդպես էլ այդ հոգեվիճակներին չկարողացա հարմարվել: Երբ ընդունվեցի ոստիկանություն՝ 1992թ.-ին, պատերազմական տարիներն էր ու մեզ մոտ գալիս էին բոլոր այն ծնողները, ովքեր կորցրել էին իրենց որդիներին, գալիս էին կենսաթոշակ նշանակելու և այլ իրավական հարցերով: Ես առաջին երկու տարին բոլոր ծնողների հետ հավասարապես հուզվում էի, աշխատակիցներս կատակում էին՝ կմեծանաս, կսովորես, ես չսովորեցի: Հիմա էլ են ինձ մոտ գալիս տարբեր անձիք, ինձ համար ամենածանր կորուստներն են: Մնացածը լուծելու: Մենք նաև հաշտարարի առաքելություն ենք իրականացնում:

– Ծանր նոտան, փոխարինեք առավել դրականով, ինչ հետաքրքրաշարժ հուշեր կպատմեք Ձեր առօրյայից:

– Անցյալ տարի աշնանը երկու անձ եկան ինձ մոտ՝ ասելով, որ փոխառության պայմանագիր են ցանկանում կնքել և լիազորագիր՝ առքուվաճառքի: Պարզվեց, որ մեքենան են վերցնում, գումար են տալիս որպես կանխավճար, մնացածը փոխառություն ձևակերպում, վերցնում են գրավ դնում և այլն: Ես անընդհատ հարցեր էի տալիս՝ հասկանալու նպատակը և այլն, բացատրում եմ մեխանիզմները և այլն: Նրանք ինձ չէին էլ ճանաչում, ասացին, որ եկել են՝ ռիսկը հասկանալու համար, ես նրանց պարզաբանեցի, որ իրենց ռիսկը 100 տոկոսանոց է: Ես պարզաբանեցի մեքենան վաճառողին, որ ինքն ապահովված չէ, հնարավոր է, որ գրավը դրվի, փողը վերցնի ու գնա, առաջարկեցի եռակողմ անել, գումարը տան անձին, սակայն մյուս երիտասարդը չհամաձայնվեց: Խոսքը գնում էր 40 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ավտոմեքենայի մասին, գնորդը 5000 հազար ԱՄՆ դոլարը տալիս է, իսկ 35 հազար ԱՄՆ դոլարը ներկայացնում է որպես պարտք և վերջ: Ես անհանգիստ էի, բոլոր պայմանագրերը պատրաստում են մեր աշխատակիցները, ես գնում-գալիս եմ: Մի պահ, հարցրի, թե գնորդը որպես ինչ է ներկայանում այդ իրավաբանական անձում, սկսեց կմկմալ, հետո մի կերպ արտաբերեց՝ փոխտնօրեն բառը: Ներս մտա, որպեսզի պետռեգիստրով հասկանամ՝ ինչ կազմակերպություն է և այլն, այս երիտասարդը հետևիցս ներս մտավ ու ասաց, որ եթե չեն ուզում, թող մնա, հետո կիրականացնենք գործարքը: Ես այդ պահին հայտարարեցի, որ ոստիկանություն եմ զանգում, միանգամից խառնվեց, ես դուրս եկա՝ երիտասարդին ասացի, որ իրեն խաբում են: Երկու օր հետո եկան՝ ծաղիկներով, քաղցրավենիքով, շնորհակալություն հայտնեցին, ասելով, որ այդ անձին «02» հաղորդաշարով ցույց են տվել, նա նույն ձևով մի շարք անձանց խաբել է, չէին կարող այդ մարդուն դատապարտել, քանի որ պնդում էր, որ փոխառություն է վերցրել ու տալու է: Ասեմ, որ նմանատիպ դեպքեր շատ են լինում:

– Այսինքն՝ մի կողմը հստակ խաբելու ու շորթելու նպատակ է հետապնդում:

– Այո, դրա համար, աշխատում եմ շատ հարցեր տալ: Երբեմն քաղաքացիները բարկանում են այդ հանգամանքից, բայց պետք է հետաքրքրվել, որպեսզի խնդիրներ չլինեն:

– Եթե տոկոսային հարաբերակցություն անցկացնենք՝ ի՞նչ խնդիրներով են առավել դիմում Ձեր գրասենյակ:

– Ելնելով տարածքային բնույթից. Նորք Մարաշում գրասենյակը մեկն է ու այստեղ բազմաբնակարան շենքեր չկան: Հիմնականում, սեփականաշնորհման, ժառանգական և այլ հարցերով են դիմում:

– Կոռուպցիան առկա է գրեթե բոլոր ոլորտներում: Նոտարական համակարգում այն ի՞նչ դրսևորումներ ունի:

– Իրականում, նոտարական համակարգում գրեթե չկա կոռուպցիա: Բոլոր գրասենյակներում սակագները փակցրած են, քաղաքացիները հստակ գիտեն իրենց գործարքների արժեքը: Այնպես որ, թափանցիկ գործելաոճի արդյունքում կոռուպցիան բացառվում է: Հաշվի առնելով, որ ամենաբարձր հարկվող մարմինն ենք մենք համարվում: Նոտարի շրջանառության հարկը 20 տոկոս է, նման շրջհարկ գոյություն չունի:

– Այսինքն՝ դա վա՞տ է, թե՝ լավ:

– Վատ, ամբողջ գործունեությունը նոտարի վրա է, գինը գոյանում է պետտուրքից և ծառայության վճարից: Մնացածով նոտարը ստիպված է լինում գրասենյակ պահել, աշխատավարձ տալ և այլն:

– Իսկ որևէ առաջարկներ, նախաձեռնություններ եղե՞լ են:

– Բազմաթիվ են եղել, կառավարությանը ներկայացվել են այդ տվյալները: Տարեկան եկամուտն են ուսումնասիրում՝ նոտարինը, այսպես ասած, «մինուսով» է:

– Ես Ձեր աշխատասենյակում տեսնում եմ երիտասարդի լուսանկար: Նա Ձեր որդի՞ն է, մարզի՞կ է:

– Այո, լողորդ է:

– Քանի՞ երեխա ունեք:

– Մեկ, երիտասարդս պատրաստվում է դառնալ բժիշկ: Ամուսինս նույնպես բժիշկ է:

– Ի՞նչ հոբբիներ ունեք:

– Խոհանոցային, սիրում եմ հետաքրքիր ուտեստներ պատրաստել:

– Ո՞րն է այն ուտեստը, որ սիրում եք պատրաստել ու նաև ճաշակել:

– Սալյանկան, փիթին և զապիկանկաները: Շատ եմ սիրում: Որդիս նույնպես սովորել է լավ պատրաստել:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան

Կարդացեք նաև՝

«Ինչպե՞ս կարելի է կնոջը բերել, որ իր համաձայնությունը տա». նոտարի խնդրանքին զարմանքով էին արձագանքում Գավառում

Եթե իմ դուռը բացող չլինի, իմ ծառայությունից ոչ ոք չօգտվի, նշանակում է՝ ես իզուր եմ աշխատում. նոտար Վերա Աբաջյանը

«Տարիների փորձը նոտարին հոգեբան է դարձնում»

Ինչո՞ւ է նոտարը արտասվել առաջին անգամ աշխատասենյակ մտնելիս

ՀՀ նոտարական պալատի նախագահը` անձական և գործնական հաջողությունների մասին

«Կարելի է ասել, որ միայն քահանայի ու նոտարի մոտ է քաղաքացին իր սիրտը բացում». Գյումրիի նոտար

«Նոտարը կեղծ գործարքներ կնքելու և գումարներ աշխատելու համար չէ». Աստղինե Սարգսյան

«Նոտարն ավելի մեծ առաքելություն ունի, քան կնիք դնելն է». Մարինե Մանուկյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել