Նորություններ

13 միլիարդ դրամ հավաքագրելու համար պետությունը պատրաստ է իր քաղաքացիներին դարձնել իրավախախտ և զանցառու. փաստաբան

2.5 մլն վարչական ակտ միայն երկու տարվա ընթացքում, այսքան են կազմել ՃՈ-ի տուգանքները: Ասում է փաստաբան Դավիթ Ասատրյանը: Ինչպես պայքարել ոչ օրինական ակտերի դեմ, ի՞նչ պետք է նկատի առնել ձմեռային եղանակներին: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք նրա հետ:

– Վարորդները սկսել են ավելի հաճախ իրենց իրավունքները պաշտպանել դատական համակարգում, արդյոք դատարանները անաչա՞ռ են վարչական գործերով:

– Նախ ասեմ, որ մենք հարցում ենք իրականացրել Ճանապարհային ոստիկանությանը և պարզել, որ ՃՈ-ի կողմից երկուսուկես տարվա ընթացքում կազմվել է 2.5 միլիոն վարչական ակտ, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի վարչական պատասխանատվության է ենթարկվել: Եթե հաշվի առնենք, որ մոտավորապես 300 հազար վարորդներ ունենք, ապա 2,5 մլն վարչական ակտը շատ մեծ թիվ է կազմում: ՃՈ-ն նշել է, որ գանձված ընդհանուր գումարը կազմել է 20 միլիարդ դրամ, մի փոքր թվաբանական վերլուծություն անելու դեպքում պարզվում է, որ յուրաքանչյուր վարչական ակտը 100-200 կամ թեկուզ 2000 դրամանոց է, բայց մենք գիտենք, որ նվազագույն տուգանքները արագաչափերի մասով կազմում են 1000 ՀՀ դրամ, իսկ տեսանկարահանող սարքերի՝ 5000 ՀՀ դրամ: Այնուամենայնիվ, խոսք է գնում մեծ գումարների մասին: Երբ մենք այս մասին բարձրաձայնում ենք մեր միջազգային գործընկերների մոտ, նրանք զարմանում են: 2,5 միլիոն վարչական ակտը անգամ Ֆրանսիայի, Ռուսաստանի նման երկրների համար շատ մեծ թիվ է: Ինչ վերաբերում է դատական պաշտպանության իրավունքին, ապա հիշեցնեմ, որ գոյություն ունի Եվրոպական դատարանի նախարարների կոմիտեի 2004թ. հանձնարարական, ըստ որի Հայաստանը պետք է իրականացնի վարչական ակտերի արդյունավետ վերահսկողություն: Ի՞նչ է նշանակում՝ արդյունավետ. ՄԻԵԴ-ն ընդունում է բողոքներ, որոնք սպառել են ներպետական դատական ատյանների արդյունավետ միջոցները, դատարանը քաջ գիտակցում է, որ յուրաքանչյուր վարչական ակտ ունի իրավաբանական ուժ, և եթե ՀՀ-ում չիրականացվի արդյունավետ վերահսկողություն, ապա տեսականորեն հնարավոր է՝ բոլոր վարչական ակտերը ուղարկվեն Եվրոպական դատարան, որի դատավորները չեն կարող այդքան գործ վարել:

– Իսկ արդյոք արդյունավետ վերահսկողություն իրականացվո՞ւմ է:

– Ես գտնում եմ, որ արդյունավետ վերահսկողություն չկա դատարաններում, դրա մասին է խոսվում հայցադիմումների վերադարձը, որոնք մեծ թիվ են կազմում: Շատ հաճախ վարորդը պարզապես նպատակահարմար չի գտնում կամ էլ ֆինանսական միջոցներ չունի հայց պատրաստել, նա ինքնուրույն գրում է, սակայն դատարանները մշտապես այդ հայցերը վերադարձնում են: Պետությունը չի երաշխավորել այն իրավական համակարգը, որ անձիք կարողանան մինիմալ միջոցներով դիմել դատարան:

– Մեն նույնպես հարցում ենք իրականացրել ոստիկանությանը: Վարչական մարմինների ակտերի մասով արտաբյուջետային եկամուտները 10 ամսվա կազմել են ընթացքում 11 միլիարդ, իսկ պլանը եղել է 13 միլիարդ: Հետևել եք արտաբյուջեի ընթացքում գանձված գումարների ծախսերին, ո՞ւր են գնում այդ գումարները:

– Հետաքրքիր ասացիք՝ պլան եղել է 13 միլիարդ դրամ: Ի՞նչ է ստացվում՝  պետությունը պլան է կազմում, որ այս տարի պետք է տուգանեմ այսքան քաղաքացու, որ կարողանամ հավաքել իմ արտաբյուջեն: Այդ պլանի կատարման համար մարդկանց դարձնում են զանցառու և իրավախախտ: Իսկ պլանը գաղտնի հարկահավաքություն է, հարկի նպատակն է պետության որոշակի գործողություններ կատարել: Տվյալ դեպքում, արտաբյուջեն կազմվում է ոստիկանության կարիքները հոգալու նպատակով, օրինակ՝ ոստիկանների քանակը ավելացնելու համար: Շատ հաճախ մենք ակցիաների ժամանակ տեսնում ենք, որ ոստիկանները ցուցարարներից շատ են: Այսպիսով՝ պլանը կատարվում է, մարդկանց տուգանում են, փորձում են խախտել նրանց արժանապատվությունը: Այդ պլանին հետևելը որպես այդպիսին շատ խնդրահարույց է, հարցումներ կատարել եմ, միշտ մերժում են՝ նշելով, որ դա ծառայողական գաղտնիք է, սակայն դա պետք է բացահայտվի, որ հանրությունն իրազեկ լինի:

– Հաճախ վարորդները ստիպված են լինում խախտում կատարել, որպեսզի խուսափեն խցանումներից: Տեղյակ եմ, որ վթարների դեպքում թույլատրվում է շրջանցել, անգամ եթե խախտում ես օրենքը, իսկ խցանումներից խուսափելու համար արդյոք նորմեր կա՞ն, որ վարորդը հոծ գիծը խախտի ու չտուգանվի:

– Վթարների ժամանակ կարգավորում կա: Երբ վարորդները չեն կարողանում առաջ շարժվել՝ իրենց կամքից անկախ պատճառներով, նրանք կարող են հատել փողոցը ձախ մասով, բայց պետք է իրականացնեն համապատասխան միջոցներ, որ չստեղծվի վթարային իրավիճակ: Խցանումների ժամանակ իրավահարաբերություններն այլ են, խախտումները կարող են արձանագրվել ու արձանագրվում են: Մեր շահառուները միշտ այդ մասին են նշում են, նրանք ասում են, որ երբ տեղի է ունենում խցանում, անցնում են «կանգ գիծը», միանում է կարմիր լուսացույցը, և նրանք չեն կարողանում վերադառնալ թույլատրելի հատված, իսկ «կանգ գիծն» էլ խախտել են, արդյունքում նրանք տուգանվում են: Սակայն պատճառը խցանումն է, քանի որ տուգանված վարորդի դիմաց մեքենա է եղել ու նա ստիպված կանգնել է հենց փողոցի մեջտեղում: Ինչևէ, մեքենաների թիվը գնալով ավելանում է մեր երկրում: Հայաստանում և ավելանում են: Այդ խնդիրը մնում է առկախված, պատկան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն իրավիճակը շտկելու համար: Դա պետության պարտականությունն է:

– Հետիոտների խնդրի մասին կցանկանայի խոսենք: Վերջերս հետիոտնը սև հագուստով միանգամից դիմացս հայտնվեց, բարեբախտաբար արագ չէի երթևեկում և վրաերթ չեղավ, վստահ եմ՝ շատ վարորդներ են հայտնվել նույն իրավիճակում: Կան օրենսդրական նորմեր, կան տուգանքներ, սակայն ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվում՝ հետիոտները խախտում են կանոնները՝ վտանգելով իրենց կյանքը: Այս խնդիրը լուծում ունի՞:

– Խնդրին մի քանի տեսանկյունից կարելի է մոտենալ, նախ պետությունը պետք է որոշ գործողություններ իրականացնի, օրինակ՝ Արշակունյաց պողոտայում ունենք երկու վերգետնյա անցում, մնացած անցումները հենց ճանապարհի վրա են, իսկ այստեղ թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, որը շատ մեծ արագություն է: Տվյալ պարագայում պետությունը պետք է վերգետնյա և ներգետնյա անցումներ կառուցի, որ վարորդներն ու հետիոտները չառնչվեն նման խնդիրների հետ: Հետիոտնը նույնպես մտածում է, որ հարկավոր է փողոցը անցել, այդ անցման ժամանակ անձի կյանքը կախված է վարորդի կամաարտահայտությունից: Իհարկե, հետիոտների նկատմամբ կարող են կիրառվել տուգանքներ, սակայն սա չի իրականացվում, որովհետև հարկավոր է իրականացնել արձանագրություն, վարչական վարույթ, դրա համար անհրաժեշտ է փաստաթղթեր, անձը կարող է չունենա փաստաթուղթ ու չպարզվի նրա ինքնությունը և այլն: Սակայն այս բոլոր խնդիրները լուծելի են, հակառակ դեպքում ամբողջ աշխարհն այդ խնդիրները կունենար: Եթե լինի նպատակ, ապա կարծում եմ՝ այդ հարցը կլուծվի:

– Ձմռան եղանակներին վթարներ են տեղի ունենում ճանապարհենրի անմխիթար վիճակի, չմաքրված լինելու և մերկայասառույցների պատճառով: Ի՞նչ իրավունքներ ունեն վարորդները, երբ տեղի է ունեցել ավտովթար ոչ իրենց մեղքով, այլ նշյալ հանգամանքներից ելնելով ու ինչպե՞ս կարող են վերականգնել վնասը:

– Մերկասառույցների վերացումը համայնքի, պետության պարտականությունն է: Սա կախված է ֆինանսական միջոցներից: Այո, վարչարարությամբ պատճառված վնասի հետ կապված կան խնդիրներ: Անձը, եթե ցանկանում է ՏԻՄ-երից որոշակի վնասի հատուցում ստանալ, պետք է ցույց տա պետության կողմից կատարված հակաիրավական քայլը, փորձի գտնել այն իրավական փաստաթղթերը, որտեղ նշվում է, որ տվյալ համայնքը պարտավոր է մաքրել համապատասխան տարածքը, բացի այդ պետք է արձանագրվի՝ լուսանկարի, վկաների դիմի: Ոչ միայն մերկասառույցի, որոշակի տեղերում փոսերի, ջրահեռացման համակարգի բացված մասերի պարագայում շատ են խնդիրները, երբ մեքենան բախվում է ու վթարվում: Պետության պարտականությունն է վնասը փոխհատուցել: Հայաստանում պրակտիկան գրեթե չկա, որ վարորդները կարողանան դատարանի միջոցով վերականգնել իրենց իրավունքները: Այդուհանդերձ սա պետության պարտականությունն է: Այս հարաբերությունները կլուծվի համապատասխան դատական ակտերից հետո, երբ մարդիկ իրենց իրավունքները պաշտպանեն, որովհետև յուրաքանչյուր փոփոխություն գալիս է նրանից, որ մարդիկ ձգտում են այդ փոփոխությանը՝ իրենց ակտիվ գործողության ընթացքում, այն է՝ դատարանի, վարչական մարմնի միջոցով: Իմ կարծիքով՝ սա լուծվող խնդիր է, եթե անձի իրականացնեն իրենց իրավունքներ: Այդուհանդերձ պրակտիկան շատ թույլ է:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել