Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Բանդայի գործը կքննվի երկու մասով

Բանդայի կազմում սպանության, ավազակության և առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների գործով դատարանի որոշմամբ՝ մաս է անջատվել. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, ով այս գործով պաշտպանում է բանդայի պարագլուխ համարվող Ռաֆայել Հարոյանի իրավունքներն ու շահերը: Դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, այս որոշումը հիմնավորել է գործի քննության ողջամիտ ժամկետը չխախտելու մտահոգությամբ:

Փաստաբանն այս որոշումը դրական է համարում, քանի որ, ըստ էության, «3-րդ մասի» տարադրամի կետի վրա ավազակային հարձակման, սպանության և «Հայբիզնեսբանկից» շուրջ 1 միլիոն դոլար հափշտակելու դրվագները միմյանց հետ կապ չունեն. «Երբ քննվում էր բանկի մասով դրվագները, այն մեզ չէր վերաբերում, երբ քննվում էր բանդիտիզմի դրվագը, նրանց չէր վերաբերում, և կարծես գործի քննությունը ձգձգվում էր»:

Այսուհետ՝ մայր գործով կշարունակվի բանդիտիզմի, ավազակությանն առնչվող մեղադրանքների մասով քննությունը. այս գործով ամբաստանյալներն են Ռաֆայել Հարոյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Հայկ Կոջոյանն ու Կարեն Վարդանյանը:

Իսկ գործի անջատված մասով քննություն կկատարվի համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեղադրանքների մասով: Այս մասով ամբաստանյալներն են Տիգրան Հովհաննիսյանը, նրա կինը՝ Էդիտան, Գոհար Գաբրիելյանը, Մառլեն Մուրադյանը, Վահե Ստեփանյանը:

Լիպարիտ Սիմոնյանը նշեց նաև, որ դատարանը մասնակիորեն բավարարել է իր նախորդ նիստերից մեկի ժամանակ կատարված միջնորդությունն այն մասին, որ պետք է քրեական գործ հարուցվի ամբաստանյալներից Գոհար Գաբրիելյանի դատարանում տրված ցուցմունքների հիման վրա: Դատարանը նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝  այդ ցուցմունքների հիման վրա քրեական գործ հարուցելու համար:

Նշենք, որ Գոհար Գաբրիելյանը հայտարարել էր, որ նախաքննության ընթացքում իրեն, մորը ու իր երեխային  ոստիկանություն տանելուց հետո տասն օր պահել են հատուկ վայրում,  իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել և ինքը ստիպված է եղել խոստովանական ցուցմունքներ տալ:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել