Վարուժան Հոկտանյանը դեմ է հակակոռուպցիոն մարմինների «copy-paste»-երին

Վարուժան Հոկտանյանը դեմ է հակակոռուպցիոն մարմինների «copy-paste»-երին: Նա ասում է, որ մեր երկրում նման մարմին գործարկելու համար հաճախ մարդիկ առաջարկում են օգտվել այս կամ այն երկրի փորձից` առանց հաշվի առնելու, որ դրանք համահունչ չեն մեր մենթալիտետին ու չեն կարող կիրառվել Հայաստանում:

«Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները» աշխատաժողովի ժամանակ նա նշեց, որ հակակոռուպցիոն անկախ մարմին կարող է գործել միայն այն երկրում, որտեղ օրենքները գործում են ու պատժելության մակարդակը բարձր է, հակառակ դեպքում, ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենի` այս մարմինը կվերածվի հերթական կոռումպացված մարմնի:

Ի թիվս այլ խնդիրների, հանրության կողմից հարկավոր է լինի հետաքրքրվածություն այս մարմնի գործունեության վերաբերյալ. «Կարևոր է նաև հանրային վստահության խնդիրը, բացի այդ, եթե իրազեկվածություն չկա, այդ մարմինը չի իրազեկում իր գործունեության մասին, դրա մասին շատ քիչ մարդիկ կիմանան ու վստահություն չեն ունենա դրա նկատմամբ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ հակակոռուպցիոն մարմինը պետք է նաև շատ հզոր ինֆորմացիոն համակարգերի տիրապետի, տիրապետի նաև նաև գաղտնի ինֆորմացիայի:

Ի՞նչ վտանգներ կան: Վարուժան Հոկտանյանը, վերլուծելով միջազգային փորձն, ասաց, որ հակակոռուպցիոն մարմինը լավագույն դեպքում կարող է դառնալ ոչ արդյունավետ գործող կաոռույց, բացի այդ եթե երկիրը շատ ռեսուրսներ չունի, չի բացառվում, որ ամբողջ ռեսուրսները գնան այդ մարմնի գործունեությանն ու օրինակ` իրավապահ համակարգերը զրկվեն իրենց արդյունավետությունից: Մյուս վտանգն այն է, որ հակակոռուպցիոն մարմինը կարող է դառնալ միջգերատեսչական կոնֆլիկտների աղբյուր ու սկսվեն գերատեսչությունների միջև բանավեճեր, թե ով պետք է այս կամ այն աշխատանքն իրականացնի:

Իսկ ամենակարևոր ռիսկերից է, որ հակակոռուպցիոն մարմինը կարող է դառնալ գործիք քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար:

Վարուժան Հոկտանյանը աշխատաժողովի մասնակիցներին նաև փոխանցեց, որ Գերմանիայում նման մարմին չկա և ոչ էլ պահանջարկ կա, որ ստեղծվի. «Ուսումնասիրելով նման երկրների փորձը, ընդունված է ասել, որ նրանք ունեն ապակենտրոնացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ, այսինքն` ոչ թե չեն պայքարում, այլ պայքարը տարբեր մարմիններում է գնում, ինչպես օրինակ` Հայաստանում կան իրավապահ մարմիններ, որոնք ունեն նման գործառույթներ»,- շեշտեց պարոն Հոկտնյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել