Կոռուպցիան բիզնես ոլորտում. չդրված կետադրական նշանի ու ռիսկերի, անտարբերության և լավագույն փորձի մասին

«Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերն ու բարեխղճության հիմնախնդիրները Հայաստանում» աշխատաժողովը «Արթուրս Աղվերան Ռիզորթ» հյուրանոցային համալիրում շարունակվեց նաև այսօր՝ դեկտեմբերի 11-ին:

Ինչպե՞ս կառուցել արդյունավետ գործող և կոռուպցիայից զերծ տնտեսություն. առաջարկները տարբեր էին:

Աշխատաժողովի մասնակից, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանն առաջարկում է գնալ Հոնկոնգի ճանապարհով. «Ի լրումն օրենսդրական դաշտի պետք է այդ մշակույթի ձևավորմանն աջակցենք: Հոնկոնգը, իհարկե, մեզնից շատ հեռու է և առաջատար, սակայն «Ethical code» սահմանելով իր բիզնեսի, գործարարների միության կողմից՝ պետական գնումների պրոցեսներում արգելակել է բոլոր այն ընկերությունների մասնակցությունը, որոնք ներառվել են սև ցուցակում, այսինքն՝ որևէ կերպ առնչվել են կոռուպցիայի հետ: Ուշ, թե շուտ, կարծում եմ, մենք էլ նման իդեալիստական բաներին պետք է մոտենանք»,- նշեց տիկին Գևորգյանն, իսկ ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը հավելեց, որ սա Հոնկոնգի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի գործունեության արդյունքն է:

Օրենսդրության մեջ մեկ կետադրական նշանի բացակայությունը կարող է կոռուպցիայի պատճառ դառնալ: Կարծում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրինության անդամ, Զարգացման գծով տնօրեն, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը: Նա խնդիր է տեսնում պետության ֆորմալ ինստիտուտների բացակայության մեջ, ըստ նրա՝ բիզնեսը այն փորձում է լուծել ոչ ֆորմալ ինստիտուտների կիրառման միջոցով. «Ես կարծում եմ՝ այս դեպքում կոռուպցիան այդ գումարային փոխանցումն է, կոռուպցիան ինքը՝ որպես ֆենոմեն, ընդամենը այդ ոչ ֆորմալ ինստիտուտի աշխատանքի վճարն է, որը պետությունը անում է՝ ի դեմս կոռուպցիոն գումարների հոսքերի, քաղաքական աջակցության, բարեկամական հարաբերությունների և այլն»,- ասաց պարոն Ջրբաշյանը՝ հավելելով. «Որպես օրինակ բերեմ մի էլեմենտ՝ մեր մաքսային օրենսգրքում կա կետ, որը վերաբերում է թաղման պարագաների, առարկաների ներմուծմանը ՀՀ տարածք, և երբ այդ կետի վրա ես հղում տալիս, պատկան մարմինները ուղղակի մատնանշում են ԵՄ մաքսային օրենսգիրք, որտեղ այդ նույն կետը կա, որ թաղման պարագաները ներմուծման ժամանակ ազատվում են ավելացված արժեքի հարկի վճարումից, երկու օրենսգրքերում էլ նույն ամրագրումն է: Մի տարբերություն է առկա, եվրոպականում դրանից հետո դրված է «բութ» և նշված է 25 անվանում՝ հստակ կոդերով, այն բոլոր ապրանքատեսակները, որոնք համարվում են թաղման պարագաներ, մինչդեռ Հայաստանի օրենսդրության մեջ տրված է վերջակետ ու համապատասխան մաքսային աշխատողը ինքն է որոշում՝ տվյալ առարկան հանդիսանում է թաղման պարագա, թե՝ ոչ: Եվրոպական մաքսային աշխատանքը նման ֆունկցիա չունի, որովհետև հստակ կոդեր են առկա»,- շեշտեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահը: Այս թերի կարգավորման արդյունքում, նրա խոսքերով, Հայաստան ներմուծվող ծաղիկները հիմնականում դիտարկվում են որպես թաղման պարագաներ:

Այնպես որ պարոն Ջրբաշյանը հորդորում է ինստիտուցիոնալ համակարգերը կարգավորել:

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը նշում է, որ Հայաստանում ՓՄՁ ոլորտում կոռուպցիայի վերացումը միայն պետության խնդիրն է, քանի որ այս պարագայում վնասը միայն պետությանն է կրում. «Այս խմբի կողմից այդ պահանջարկը չկա, այն կոռուպցիոն սխեմաները, որոնք այսօր կան ու կիրառվում են այս ոլորտի նկատմամբ, դրանք բոլորը երկկողմանի հանցանք են, երկկողմանի ձեռնտու գործընթացներ են»,- ասաց նա:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն անդրադարձավ տարբեր խնդիրների, մասնավորապես նա շեշտեց, որ Կոռուպցիայի դեմ խորհուրդը պետք է սահմանի նպատակներ:

Բացի այդ, այսօր եղան բազմաթիվ այլ ելույթներ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրեց ոլորտի իրավիճակը և կոռուպցիայի դեպ պայքարի հաջողված փորձեր: «Բիզնես և ՔՀԿ միավորումների դերը բիզնես ոլորտի կոռուպցիայի հաղթահարման գործում» թեմայի անդրադարձավ ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը: «Տեղեկատվության ազատությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործիք գործարարների համար» զեկույցով հանդես եկավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը խոսեց «Բիզնեսի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների միասնական ջանքերը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարում» թեմայից:

Միջոցառումն ամփոփելով ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը շեշտեց, որ աշխատաժողովի ժամանակ վեր հանվեցին բազմաթիվ կարևորագույն խնդիրներ, իսկ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը վստահեցրեց՝ այդ խնդիրները կներկայացնեն համապատասխան պետական մարմիններին:

Նշենք նաև, որ աշխատաժողովը կազմակերպվել է ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից: Գործընկերներն են ՀՀ արդարադատության նախարարությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ու Ինֆորմացիայի ազատության կենտրոնը: Միջոցառումը իրականացվում է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Արթուրս Աղվերան Ռիզորթ» ընկերության համաֆինանսավորմամբ:

Ի դեպ, հավելենք՝ առաջին անգամ նմանաբնույթ աշխատաժողով ֆինանսավորում է հենց բիզնես ընկերությունը: Միջոցառման ժամանակ կազմակերպիչները հույս էին հայտնում, որ այս քայլը խթան կհանդիսանա ընկերությունների համար՝ աջակցելու քաղաքացիական հասարակությանը իր աշխատանքներում, որոնք միտված են գործարար միջավայրի բարելավմանը:

Գ.Թ.

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ