Այսկերպ մեր երկրում պարզապես շղարշ է ստեղծվելու, որ ապօրինի հարստացումը քրեականացվել է. Կարեն Զադոյան

Կառավարություն և քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն երկխոսության աշխատանքային հերթական հանդիպումը տեղի ունեցավ այսօր` դեկտեմբերի 8-ին:

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում անդրադարձ կատարեց ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մեջ ամրագրված 410-րդ հոդվածին (Ապօրինի հարստանալը), այն սահմանում է.

«1. Ապօրինի հարստանալը՝ պաշտոնատար անձի եկամտի կամ գույքի չափի էական աճը կամ պաշտոնատար անձի կողմից էական ծախսերի կատարումը, որը չի հիմնավորվում նրա իրավաչափ եկամտով պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքը, որը կատարվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով»:

Կարեն Զադոյանի խոսքերով՝ ապացուցման բեռն այս նախագծով դրվում է միայն պետության վրա, ինչն անարդյունավետ կարող է լինել. «Ապացուցման բեռը միայն պետության վրա դնելով մենք որևէ առաջընթաց չենք ունենա, որովհետև ապօրինի հարստացման ինստիտուտը հետևանքային հանցակազմ է»,- նշեց բանախոսը:

Ինչո՞ւ է այն հետևանքային հացակազմ, որովհետև պարոն Զադոյանի խոսքերով, մինչ ապօրինի հարստանալը հետևանք է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործությունների կատարման, օրինակ՝ պաշտոնատար անձը չարաշահում է իր լիազորությունները, կաշառք է վերցնում և այդ հանցագործությունները չեն բացահայտվում, որի արդյունքում պաշտոնատար անձը ապօրինի հարստանում է:

«Նոր քրեական օրենսգրքի նախագծի 410-րդ հոդվածով սահմանված է, որ «Ապօրինի հարստանալը» հանցակազմի դեպքում ապացուցման բեռը կրում է պետությունը: Բայց, եթե պետությունը, իր համապատասխան մարմինների միջոցով կարողանար, ապա կբացահայտեր պաշտոնատար անձի կողմից կատարված վերը նշված հանցագործությունները` պաշտոնական լիազորությունների չարաշահումը, կաշառք վերցնելը (քանի որ պետությունն է կրում այս հանցագործությունների ապացուցման բեռի ծանրությունը), այլ ոչ թե  դրանց հետևանքային հանցագործություն հանդիսացող ապօրինի հարստանալը: Այս պարագայում ապացուցման բեռը պետք է կրի այն պաշտոնատար անձը, որը մեղադրվում է ապօրինի հարստանալու մեջ: Սա ոչ միայն մեր համոզմունքն է, այլ նաև ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի 20-րդ հոդվածի պահանջը: Նոր քրեական օրենսգրքի նախագծի 410-րդ հոդվածը, ներկայիս ձևակերպմամբ, հեռու է այս հանցակազմի լիարժեք բացահայտումից, այն որևէ լուրջ արդյունք չի կարող տալ, այսկերպ մեր երկրում պարզապես շղարշ է ստեղծվելու, որ ապօրինի հարստացումը քրեականացվել է»,- ասաց պարոն Զադոյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրի առաջնահերթություններից մեկն է»,- մասնակիցներին վստահեցնում էր ՀՀ արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետ Բագրատ Ղազինյանը:

«Առաջնային դերակատարում ունի նաև համարժեք օրենսդրական մակարդակը, որոնք թույլ կտան ապահովել պայքարի համարժեք մակարդակը: Այս շրջանակներում կարևոր է նշել, որ ներկայումս ԱՆ-ի և ՔՀԿ-ների համագործակցության շրջանակներում ակտիվ քայլեր են իրականացվում, մշակվում են օրենսդրական ակտեր»,- ասաց նա:

Քննարկման թեման ապօրինի հարստացման քրեականացումն էր ու այս ինստիտուտի ներդնումը մեր երկրում:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը ներկայացրեց ՀՀ-ում ապօրինի հարստացման վերաբերյալ դրույթը, ապօրինի հարստացման քրեականացման անհրաժեշտությունը և խնդիրները: Ըստ նրա՝ կարևոր է հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը, որ կհամակարգի ապօրինի հարստացման հետ կապված հարցերը:

Բանախոսների ելույթներից հետո տեղի ունեցավ քննարկում:

Նշենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից, գործընկեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ: Այսօրվա քննարկումն իրականացվել էր Արդարադատության նախարարության հետ համատեղ: «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության և համաֆինանսավորվել՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից:

Իրավաբան.net

Ընտրանի

Իրադարձություններ