Կոռուպցիոն ռիսկերը և առկա հիմնախնդիրները կրթության ոլորտում

2015 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց «Կոռուպցիոն ռիսկերը և առկա հիմնախնդիրները կրթության ոլորտում» թեմայով հակակոռուպցիոն միջոցառում Սյունիքի մարզի ՔՀԿ-ների հետ: Հակակոռուպցիոն միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա ՀԿ Սյունիք մարզային գրասենյակում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող Անի Ասատրյանը: Նա նաև զեկույց ներկայացրեց «Կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներն ու կոռուպցիոն դրսևորումները» թեմայով: Իր զեկույցում վերջինս  շեշտեց, որ ոլորտի կարևորագույն խնդիրներից են ոչ միայն դպրոցներում և ԲՈՒՀ-երում պարբերաբար կազմակերպվող դրամահավաքները, այլ նաև ԲՈՒՀ-երի և Միջնակարգ մասնագիտական կրթական հաստատությունների կողմից ուսանողներին տրվող կրթաթոշակների յուրացումները: Ոչ պակաս կարևոր խնդիր է նաև գյուղական համայնքների ուսուցիչների աշխատավարձերի սահմանման չափորոշիչների անհամաչափությունը քաղաքային համայնքներում դասավանդող ուսուցիչների աշխատավարձերին: Ինչպես հայտնի է, նույն աշխատանքի համար քաղաքային համայնքի դպրոցում դասավանդող ուսուցչին աշխատավարձ է տրվում դրույքաչափի համաձայն, իսկ գյուղական համայնքի դպրոցում դասավանդող ուսուցչին` աշակերտների քանակով հաշվարկված, այն դեպքում, երբ և քաղաքային, և գյուղական համայնքների դպրոցներում աշխատող ուսուցիչներն ըստ էության կատարում են նույն աշխատանքը: Եվ անհասկանալի է այն փաստն, որ այս տարբերությունը չի տարածվում դպրոցների տնօրենների վրա, քանզի վերջիններից վարձատրությունը նույնանման է, անկախ այն հանգամանքից քաղաքի, թե գյուղի դպրոց են նրանք ղեկավարում: Այս խնդիրներն են, որ պարարտ հող են նախապատրաստում կոռուպցիայի զարգացման համար:

 Այնուհետև «ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի ՔՀԿ-ների խմբի  քայլերը կրթության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ» վերնագրով իր զեկույցը ներկայացրեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Սյունիքի մարզի ՔՀԿ-ների խմբի անդամ, «Կապանի ուսուցիչներ» ՀԿ ներկայացուցիչ Մարինե Սահակյանը: Նա նշեց, որ այս ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում են դրամահավաքները սկսած նախակրթական ուսումնական հաստատություններից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ: Եվ նաև, ինչը շատ մտահոգիչ է, գյուղական համայնքներում աշխատանքի են ընդունվում անձինք, ովքեր չունեն անգամ տարրական գիտելիքներ և մասնագիտական որակավորում, հետևաբար, պարզ է, որ նրանց աշխատանքի ընդունման գործընթացում առկա է եղել կոռուպցիոն բաղադրիչը:

«Սյունիքի դպրոցականներ» ՀԿ նախագահ Սյուզաննա Միրզոյանն իր ելույթում նշեց, որ շատ կարևոր է նաև ուսուցիչների և դասախոսների կրթական մակարդակի բարձրացումը: Ըստ վերջինիս, անհրաժեշտ է, որ մանկավարժները լինեն ոչ միայն կոնկրետ առարկայի հմուտ մասնագետ, այլ նաև լավ հոգեբան, ինչի համար պարտադիր պայման է ԲՈՒՀ-երում կրթական ծրագրերի մեջ ներառել հոգեբանությունը, որպես կարևորագույն առարկա:

Հանրային քննարկման ընթացքում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների կողմից արված բոլոր առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն ՀԵԻԱ-ին՝ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու համար:

IMG_5065 IMG_5074 IMG_5054 (1)

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ