Ամուսիններից ու˚մ է պատկանում ամուսնության ընթացքում նրանց ձեռք բերած գույքը

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանվում է, որ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն`

1. Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

2. Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

3. Անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:

4. Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:

5. Ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա: Հարկ է ընդգծել, որ ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել միայն նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա, իսկ մյուս ամուսնու գույքի կամ ընդհանուր գույքում նրա բաժնի վրա բռնագանձում չի կարող տարածվել:

Նաև պետք է ավելացնել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասում նշված ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույք եզրույթը պետք է լայն մեկնաբանել, այսինքն այն ներառում է ոչ միայն շարժական կամ անշարժ գույք, այլև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հետևանքով ձեռք բերված արժեթղթեր, բաժնեմասեր կազմակերպություններում և այլն:

«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի համաձայն ոսկին, արծաթը, պլատինը և պալադիումը թանկարժեք մետաղներ են: Հետևաբար, վերոնշյալ մետաղներից պատրաստված թանկարժեք իրերը համարվում են համատեղ սեփականություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել