«Դուք պետք է ունենաք ազգային միասնություն կոռուպցիայի դեմ պայքարում». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

Կոռուպցիայի դեմ պայքարը հեշտ չի լինելու: Կարծում է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը. «Պայքարը հեշտ չի լինելու, մեզ հեշտությամբ այդ պայքարի արդյունքները չեն տրվելու: Քաղաքական կամքի առկայությունը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք պետական համակարգում հակակոռուպցիոն աշխատանքների ուղղությամբ»,- կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկման ժամանակ ասաց նախարարը:

Իսկ պայքարն արդյունավետորեն ծավալելու համար Արփինե Հովհաննիսյանի խոսքերով հարկավոր է երեք գործոն՝ իրավական համապատասխան բազա, կամք և միասնականություն:

Նախարարի խոսքերով՝ կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ վերջին տարիներին բազմաթիվ աշխատանքներ են տարվել, ի թիվս այլ գործողությունների, նա կարևորեց նաև քաղաքացիական հասարակության և կառավարության համագործակցությունը. «Սեպտեմբերի 23-ին մենք ազդարարեցինք պետություն և քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն հարթակի մասին, որտեղ ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ ԱՆ-ն հուշագիր ստորագրեց»:

Բացի այդ, տիկին Հովհաննիսյանը խոսեց ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտից, նա ասաց, որ այն ընդգրկված է Քրեական նոր օրենսգրքում, որը դեռևս լրամշակվում է: Ի դեպ, այս հարցի վերաբերյալ Իրավաբան.net-ը հարց ուղղեց նախարարին, ով նշեց, որ դեռևս հոդվածը մշակվում է ու մասնագիտական տեսակետներ կհայտնվեն հետագայում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ քրեական օրենսգրքում այս հոդվածը բավականին աղոտ է. «Հայաստանում այս հոդվածի առանձին մասը պետք է դառնա նաև այն, որ մեկն իմանա կոռուպցիայի մասին և թաքցնի այն, կարծում եմ՝ դա պետք է լինի քրեական հոդված»,- ասաց պարոն Սվիտալսկին:

Նա խոսեց դատական համակարգի և դատախազության կոռուպցիայի մասին,

Նա ընդգծեց, որ մեր երկիրը պետք է ազգային միասնություն կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես օրինակ միասնական է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Նա նաև մեջբերեց Լեհաստանի օրինակը՝ նշելով, որ կոռուպցիայի յուրաքանչյուր դեպք պետք է գրանցվի ու մտնի դատարան, իսկ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան բողոքարկել և փնտրել արդարադատություն կոռուպցիայի դեմ, առաջարկվում է նաև ունենալ հատուկ հակակոռուպցիոն դատավորներ:

Ըստ դեսպանի՝ դատավորների և դատախազների նկատմամբ պետք է լինի հատուկ ստուգիչ հանձնաժողով, որը մասնագիտացված է կոռուպցիայի դեմ պայքարում:

Այնուհետև արտահայտվեցին դոնոր կազմակերպությունների և ՔՀԿ-ների ներկայացուցիչները, մասնավորապես ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, ելույթ ունենալով, ասաց. «ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կարևորում է սույն թվականի սեպտեմբերի 23-ին Պետություն-ՔՀԿ հակակոռուպցիոն հարթակի ստեղծումը, որի շրջանակներում գործարկվելու են երկու աշխատանքային խմբեր` ապօրինի հարստացման քրեականացման և անկախ հակակոռուպցիոն մարմնի վերաբերյալ հարցերով»: Անդրադառնալով ապօրինի հարստացման վերաբերյալ քրեական օրենսգրքի նախագծում տեղ գտած հոդվածին, պարոն Զադոյանը նշեց, որ սխալ է ապօրինի հարստացման հոդվածով մեղադրանքի առաջադրման դեպքում ապացուցման բեռը դնել պետության վրա, քանի որ ապօրինի հարստացման  հանցակազմը հետևանքային հանցկազմ է` կատարված և չբացահայտված կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով ձեռք բերված գույքի և եկամուտների հայտաբերման դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու համար, ուստի այս հանցակազմի դեպքում ապացուցման բեռը պետք է դրվի մեղադրյալի վրա:  Կարեն Զադոյանը նշեց, որ ՀԵԻԱ-ի և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից համապատասխան առաջարկությունները առաջիկայում կներկայացնեն պատկան մարմիններին և քրեական օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբին:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ