Մարզահամերգային համալիրը վաճառվել է ԱՄՆ-ում հետախուզման մեջ գտնվող անձի. հետաքննության արդյունքները

«Երբ նա չներկայացավ դատարան, դատարանը նրան ձերբակալելու որոշում ընդունեց: Նա խուսափում է արդարադատությունից: Նրա գործը կվերաբացվի անմիջապես այն բանից հետո, երբ նա կձերբակալվի և կվերադարձվի պետությանը: Գործը փակված չէ և Դինոն հետախուզվում է»,- այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում գրում է ԱՄՆ Ալաբամայի արժեթղթերի հանձնաժողովի հատուկ գործակալ Մայքլ Վիլկերսոնը՝ անդրադառնալով Վահագ Դինո Ավադիսյանին:

8331a_awadisianԻնչպես ավելի վաղ գրել էինք, պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) և դրա հարակից տարածքների և շինությունների վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր է կնքել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերության հետ, որի տնօրենն ու միակ բաժնետերը ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանն է: Ինտերնետային աղբյուրներից հայտնի էր դառնում, որ նա ֆինանսական խարդախությունների մեջ մեղադրվելու համար ձերբակալված է եղել: Իսկ ահա պարզվում է, որ նրա դեմ հարուցված քերական գործը քննության ընթացքում է, և այս անձը հետախուզվում է Ալաբամայի իրավապահների կողմից:

Մայքըլ Վիլկերսոնը նշում է նաև, որ Դինո Ավադիսյանը դատարանին վճարել է 50 հազար դոլարի գրավ՝ մինչև դատավարության սկիզբը ազատության մեջ լինելու համար: Սակայն, քանի որ նա չի ներկայացել դատարան, ապա այդ 50 հազար դոլարը առգրավվել է նրանից անվերադարձ: Գրավ կիրառելու որոշումը եղել է նախորդ տարվա փետրվարի 21-ին:New Picture (93)

Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի համաձայն՝  Վահագ Դինո Ավադիսյանին մեղադրանք է առաջադրված 2009 թվականի հունվարին արժեթղթերի ապօրինի առուվաճառքի համար՝ Ալաբամայի օրենսգրքի մի քանի հոդվածներով:

Հետախուզվողը Երևանում է եղել սեպտեմբերի 1-ին

spt_3031514269451_Nona_Qamalyan (1)

Լուսանկարը՝ notarius.am-ի

Մարզահամերգային համալիրի առուվաճառքի պայմանագիրը վավերացվել է Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանի կողմից. առուվաճառքի պայմանագրի վերջին էջում նոտարի կողմից նշում կա. «Պայմանագիրը ստորագրվել է իմ ներկայությամբ: Պայմանագրում ստորագրած անձանց ինքնությունը, նրանց գործունակությունը իրավաբանական անձի ներկայացուցիչների լիազորությունները, ինչպես նաև օտարվող անշարժ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքներն ստուգված են»:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Նոնա Գասպարյանը հայտնեց, որ բացառվում է կողմերից մեկի բացակայությամբ գործարքի կնքումն ու վավերացումը նոտարի կողմից: Նա հիշեց, որ այդ գործարքի կողմերը եղել են պաշտպանության նախարարը, որը լիազորել է մեկ այլ անձի, և «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերության տնօրենը, որը  ԱՄՆ քաղաքացի էր, 45-50 տարեկան. «Տատուներով մարդ էր»:

Այսինքն, առնվազն սեպտեմբերի 1-ին հետախուզման մեջ գտնվող այս անձը գտնվել է Երևանում և առուվաճառքի պայմանագիր է կնքել պետության հետ:

Որտե՞ղ է գտնվում «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերությունը

Բնական է, որ ցանկանում էինք տեսնել  ՄՀՀ միլիոնատեր նոր սեփականատիրոջը և մի քանի հարց տալ նրան՝ այս խնդրահարույց գործարքի վերաբերյալ:

Դեռևս օգոտոսի 13-ին կառավարության ընդունված 935-Ա   որոշմամբ (այսուհետև՝ Որոշում), որով գույքն օտարվեց այս ընկերությանը, որպես ընկերության հասցե նշվում էր Հրաչյա Քոչարի 22/15-ը, որը, ինչպես պարզվեց, ընկերության նախկին տնօրենի բնակարանի հասցեն էր:

Ընկերության նոր հասցեն, որը նաև Վահագ Դինո Ավադիսյանի բնակության հասցեն է, Կոմիտասի 62-ն է՝ ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների:New Picture (95)

Սակայն այս հասցեով ուղարկված մեր հարցումը հետ վերադարձվեց՝ «անհայտ» և «թերի հասցե» նշումներով:

New Picture (94)

Համոզվելու համար ինքներս այցելեցինք հիշյալ հասցե, և պարզվեց, որ նորակառույց շենքի առաջին հարկում գործում է միայն 2 կազմակերպություն՝ «Յունիբանկ»-ը և «Ռեսո» ապահովագրական ընկերությունը: Շենքի վերին հարկերը բնակելի են: Շենքի աշխատակիցների հետ հարցուփորձը նույնպես անպտուղ էր. ոչ ոք այդտեղ սեփականության կամ վարձակալության հիմունքներով բնակվող որևէ Վահագի կամ Դինոյի կամ առհասարակ սփյուռքահայի չէր ճանաչում:

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կամո Ադամյանը  Իրավաբան.net-ի հարցմանն ուղղված պատասխանում հաստատել է, որ իրենց ունեցած տեղեկություններով նույնպես «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերության հասցեն Կոմիտաս 62-ն է:

Միևնույն ժամանակ նշում է, որ իրենց գործակալությունը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժնումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործակալությունը իրեն ներկայացվող տեղեկությունների ճշտության ստուգում չի իրականացնում և պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով առաջացած հնարավոր որևէ վնասի համար: Եվ նույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործակալություն ներկայացված փաստաթղթերի տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը ներկայացրած անձիք:

Իսկ ահա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18910  հոդվածի համաձայն՝ պետական մարմնին իր օրինական գործունեության մասին թերի կամ կեղծ տեղեկություն տրամադրելու համար տուգանք է սահմանվում 100 հազար դրամի չափով:

Նշենք, որ ունեինք նաև տեղեկություններ նրա բնակության վայրի մեկ այլ հասցեի վերաբերյալ. սակայն տեղեկություններն այս դեպքում ևս, չենք կարող ասել, թե հաստատվեցին: Մասնավորապես, տվյալ հասցեի բնակարանում վերանորոգում էր կատարվում և աշխատողներից մեկը հայտեց, թե տանտիրոջ անունը Վահե է՝ 30-32 տարեկան, սփյուռքահայ է:

Ի դեպ, մեր հարցմանն ի պատասխան, թե ո՞րն է«ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերության հասցեն, պաշտպանության նախարարությունից պատասխանել էին, որ տեղեկություններ չունեն, իսկ երրորդ հարցման պատասխանում նշել էին «Հրաչյա Քոչարի 22/15» արդեն հին հասցեն:

Ինչու՞ է մարզահամերգային համալիրը վաճառվել 30 միլիոն դոլարով

Հենց այս հարցի պատասխանն էինք փորձում ստանալ շուրջ երկու ամիս շարունակ: Անհասկանալի էր, թե  ինչու՞ է կառավարության  օգոստոսի 13-ի 935-Ա որոշմամբ՝ 60 միլիոն դոլար գնահատված անշարժ գույքն օտարվել կես գնով: Եվ այս հարցին զուգահեռ, փորձում էինք հասկանալ նաև, թե ինչպես է հետախուզման մեջ գտնվող անձը վճարել այդ 30 միլիոն դոլարը:

Կառավարության աշխատակազմին ուղղված հարցումը մակագրվել էր պաշտպանության նախարարությանը: Այստեղից մեզ պատասխանեցին, թե ՄՀՀ-ի գինը որոշվել է ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից, իսկ այստեղից էլ հայտնեցին, թե 935-Ա որոշման նախագիծը մշակել է պաշտպանության նախարարությունը (ՊՆ): Հերթական հարցման պատասխանում ՊՆ-ից պնդեցին, որ  անշարժ գույքի օտարման գինը որոշվել է ՀՀ ԿԱ պետական գույքի  կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից:

Իսկ ահա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ից 09.11.2015 թվականին վերոնշյալ հարցի կապակցությամբ ստացանք մի յուրօրինակ պատասխան, որը ոչ մի կերպ չի համատեղվում  ՀՀ Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթների հետ. տեղեկություն տրամադրելու համար պահանջում էին իրենց տրամադրել պաշտպանության նախարարությունից ստացված առուվաճառքի պայմանագրի պատշաճ կարգով վավերացված պատճենը:

Ստացված աբսուրդային պատասխանից հետո ստիպված էինք դիմել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Սակայն կառավարության աշխատակազմից ստացված պատասխանը նույնպես ոչինչ չէր ասում:

Սակայն այս պատասխանում կարևորը այն տեղեկությունն էր, որ առուվաճառքի պայմանագրի դրույթներն ուժի մեջ չեն մտել. «Վճարումը կատարված չէ, իսկ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի 935-Ա որոշման 3-րդ կետի համաձայն՝ այդ դեպքում առուվաճառքի պայմանագրի դրույթներն ուժի մեջ չեն մտնում»:

Որոշման 7-րդ կետի համաձայն՝ գույքի վաճառքի գումարն ու մյուս վճարումները պետք է կատարվեն առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում: Այսինքն, վճարումը պետք է կատարված լիներ մինչև հոկտեմբերի 7-ը:

Arman-Sahakyan-e1347348122145Հետաքրքական է այն, որ հոկտեմբերի 15-ին ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման ՍահակյանըԻրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան, նշել է, որ ներկայացված ներդրումային ծրագրով նախատեսված ֆինանսական ներդրումների վերաբերյալ դեռևս պայմանագրեր չկան: Եվ չկա որևէ տեղեկություն պայմանագրի դրույթները ուժի մեջ չմտնելու վերաբերյալ:

Իսկ Արման Սահակյանը, Որոշման 9-րդ կետի համաձայն, այն լիազորված անձն է, որ պետք է ապահովեր գնորդի ստանձնած պարտավորությունների կատարման հսկողությունը: Այսինքն, Արման Սահակյանը հոկտեմբերի 15-ին կամ թաքցրել է տեղեկությունը կամ առուվաճառքի պայմանագրի դրույթները շարունակել են ուժի մեջ մնալ՝ ի հակառակ կառավարության պատասխանի:

Ի դեպ, քանի որ արդեն հայտնի է, որ պայմանագրի դրույթները ուժի մեջ չեն մտել, ապա կառավարությունը պետք է նոր որոշում ընդունի՝ իր օգոստոսի 13-ի 935-Ա որոշման վերաբերյալ: Սակայն, կարծես, կառավարությունը չի շտապում:

Ի դեպ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրվում է հետևյալը. «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասի պահանջը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է»: Նույնաբովանդակ նշում է կատարվել նաև գործարքը վավերացրած նոտարի կողմից:

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը գրանցվել է հուլիսի 8-ին՝  ՀՀ կառավարության կողմից, գործադիր տնօրենը Վազգեն Ասատրյանն է:  Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրից նոյեմբերի 26-ին տեղեկացանք, որ այդ օրից իվեր որևէ փոփոխություն չի կատարվել, այլ տվյալներ իրենց չեն ներկայացվել:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

  Դիտվել է`