Նոր զարգացումներ Վալերի Պերմյակովի գործով

Այսօր Ավետիսյանների գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից: Այս մասին Իրավաբան.net-ին ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ հաղորդելով, որ դատախազությունից ելքը կատարվել է և ուղարկվել է դատարան:

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է  ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վ.Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։

Ըստ աղբյորի՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Վալերի Պերմյակովը 2014թ. մայիսի 21-ին զորակոչվել է ՌԴ զինված ուժեր և ծառայության անցել  Զաբայկալյան երկրամասի Պեսչանկա գյուղի մոտ: Հետագայում կլիմայական տաք պայմանների և դրամական բավարարման բարձր չափի պատճառով ցանկություն է հայտնել ծառայությունը շարունակել ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: 2014թ. նոյեմբերի 28-ին, ի թիվս այլ զինծառայողների, Վ.Պերմյակովը տեղափոխվել է և ծառայությունը շարունակել  Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասում: Նրան ամրակցվել է ԱԿՍ-74 տեսակի N համարի ինքնաձիգը՝ 689 համարի սվին դանակով:

Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ` դարպասի բաց դռնակից մտել է բակ, մոտեցել տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին։

Այնուհետև մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, այն է՝ ունենալով երկու փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ և երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ, վերը նկարագրված եղանակով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու փոխարեն՝ ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում, անօգնական վիճակում գտնվող վեցամսական Սերյոժա Ավետիսյանի մարմնի կենսական կարևոր օրգաններին, որոնց հետևանքով մանկահասակ երեխան հիվանդանոցում յոթ օր անց մահացել է:

Նախնական քննության տվյալներով՝ Վալերի Պերմյակովը զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով նույն տնից հափշտակել է սպորտային գլխարկ, տաբատ, բաճկոն, մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ, «NOKIA 302ե, «NOKIA 6300ե, «NOKIA 7260ե տեսակի բջջային հեռախոսներ, 6000 ՀՀ դրամ կանխիկ գումար և դեպքի վայրից հեռացել:

Այնուհետև Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ՝ նա, դուրս գալով Գյումրի քաղաքի վարչական տարածքի սահմաններից, հասել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի հատված։ Տեղանքը դիտարկելու, սահմանի անվտանգ անցման ուղիներ փնտրելու նպատակով ժամը 17-ի սահմաններում գաղտնի հատել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը, ուսումնասիրել տեղանքը, հետ վերադարձել՝ պլանավորելով առավել անվտանգ իրադրությունում՝ գիշերը, ապօրինի հատել սահմանը:

Նույն օրը՝ ժամը 24-ի սահմաններում, նա փորձել է ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 2015թ. հունվարի 13-ին՝ ժամը 00:12-ին, բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ.Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով: Վ.Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել