Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ի՞նչ շանտաժ, Ձեզ մի հատ կարգի բերեք». տուժողը գոռաց պաշտպանի վրա

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց նույն դատարանի դատավորի նախկին օգնական գործով դատավարությունը. շարունակվեց տուժող Ալինա Հովհաննիսյանի հարցաքննությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության, Արմինե Կարապետյանը եղել է նույն դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնականը: Խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, նույն դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Եսայանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակը նշանակելու համար դատավորին կաշառք տալու պատրվակով` խաբեությամբ ամբաստանյալի մորից` Ալինա Հովհաննիսյանից, 07.05.2014թ պահանջել է 1500 ԱՄՆ դոլար: Սակայն Ալինա Հովհաննիսյանը որևէ գումար չի տվել` պահանջված չափով գումար չունենալու պատճառով: Արմինե Կարապետյանը փորձել է խաբեությամբ եղանակով Ա. Հովհաննիսյանից հափշտակել 619935 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Դատավճռի օրը, երբ որդուն առաջին ատյանի դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել, նա հենց նիստերի դահլիճում բաղվել է. «Կաշառք ուզեցիք, չտվեցի, դրա համար դատեցիք էրեխեուս»: Այս արտահայտություններից հետո սակայն շուրջ 2.5 ամիս հետո է Ալինան քննիչի մոտ ցուցմունք տվել Արմինե Կարապետյանի դեմ: Մինչ այս իր ցուցմունքներում հերքել է, թե Արմինեն իրենից գումար է պահանջել:

Տուժողը ասաց, թե 2.5 ամիս ստել է քննիչին իր ցուցմունքներում, քանի որ այդ ամբողջ ընթացքում իրեն վախեցրել են փաստաբան Լիանան (ազգանունը չի նշվում) և Խաչիկը՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի մորաքրոջ որդին: «Ասում էին Թորգոմիչը (Վլադիմիր Գրիգորյան) հզոր մարդ ա,  մի մոռացի, որ տղեդ բերդում ա»:

Ալինա Հովհաննիսյանի խոսքով, այդ 2.5 ամիսների ընթացքում հիշյալ անձիք իրեն սովորեցրել են, թե ինչ պետք է քննիչին ասի: Իսկ 2.5 ամիս անց, հարցաքննության հերթական օրը, երբ քննիչը միացրել է դատավճռի ձայնագրությունը, նորից լսել է այդ ամենը, վերապրել է ու վատ է զգացել: Հարցաքննությունը շարունակվել է հաջորդ օրը և որոշել է ճշմարտությունը պատմել:

Հարցաքննության ժամանակ երբեմն թե տուժողը, թե ամբաստնյալն ու նրա պաշտպանը հունից դուրս էին գալիս: Եվ պաշտպանական կողմի միևնույն հարցը՝ վերոհիշյալ հանգամանքի վերաբերյալ, մի քանի անգամ կրկնելուց հետո տուժողն ասաց. «Դուք էլ եք ինձ ճշտել՝ երկուսով» (Նկատի ունենալով ՝ ամբաստնյալին և նրա պաշտպանին): Պաշտպանը պատասխանեց. «Շանտա՞ժ ես անում»: Իսկ տուժողը խնդրեց պաշտպանին. «Կարգի հրավիրեք Ձեզ»: Այս արտահայտության համար թե պաշտպանը, թե դատավորը սաստեցին նրան: Պաշտպանն ասաց, թե «գողական է գնում», իսկ դատավորն էլ՝ «բա կինը նման արտահայտություն կանի՞»:

Գործի նյութերում առկա է նաև հեռախոսային խոսակցության գաղտնալսման ձայնագրություն. տուժողը զրույցում ասում է, թե Թորգոմիչին է զանգել, ասել, թե ամեն ինչ փողով չի, մարդկային լինի ու ինքն էլ «լավության տակ չի մնա»: Սակայն դատարանում տուժողն ասաց, որ ինքը երբեք դատավոր Վլադիմիր Գրիգորյանի հետ չի խոսել, հավանաբար զրույցի ժամանակ անունն է շփոթել. «Եթե Թորգոմիչի համարն իմանայի, իրեն էլ կզանգեի»:

Տուժողի հարցաքննությունն ավարտվեց, հաջորդ դատական նիստին՝  նոյեմբերի 19-ին, կհարցաքննվեն գործով վկաները:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել