Խորհրդարանական կառավարման համակարգը ավելի ժողովրդավարական է, քան մյուս համակարգերը. Արամ Վարդևանյան

Մարդու հիմնական իրավունքների և ազատությունների տեսանկյունից սահմանադրական մակարդակում առաջին անգամ առաջարկվում է նախատեսել պատշաճ վարչարարության իրավունքը և պետության կողմից պատճառված վնասի հատուցման պարտականությունը. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ պետք է քաղաքացին կողմ քվերակի առաջարկվող Սահամանադրության նախագծին:

«Ինքս մշտապես այն կարծիքին եմ եղել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է առավել բարձր մակարդակով հենց վարչարարություն իրականացման պահից: Նշվածը ոչ միայն կնպաստի մարդկանց իրավունքների պաշտպանությանը, վարչական մարմինների նկատմամբ վստահության բարձրացմանը, այլ նաև պատշաճ վարչարարությունը անխուսափելիորեն հանգեցնելու է վարչական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը: Ինչ վերաբերում է պետության կողմից պատճառված վնասի հատուցման պարտականությանը, կարծում եմ իրավունքի գերակայության սկզբունքը որդեգրած ցանկացած պետություն մարդուն պատճառած վնասի համար պետք է կրի հասցրած վնասի հատուցման պարտականություն: Դրա մասին է վկայում նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանների նախադեպային պրակտիկան»,- նշում է ա. Վարդևանյանը:

Նրա խոսքով,  ողջունելի է այն, որ նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր հիմնական իրավունքի սահմանափակման հիմքերն առանձին նախատեսել. դրանով սահմանադիրը հրաժարվում է իրավունքների ընդհանուր և հիմնականում չարաշահումների ռիսկ պարունակով սահմանափակումների մեխանիզմից: Նշված մոտեցումը բխում է իրավական որոշակիության սկզբունքի կանոններից, իսկ սահմանադրական դատարանի վերջին 10 տարվա ընթացքում կայացված որոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված սկզբունքի կանոնները հաճախ չեն պահպանվել:

Անդրադառնալով պետության կառավարման առաջարկվող նոր մոդելին, Ա. Վարդևանյանը նշում է, որ խորհրդարանական կառավարման համակարգը ավելի ժողովրդավարական համակարգ է, քան կիսանախագահական, նախագահական և այլ համակարգերը. «Պետք է հստակեցնեմ, որ դրանից չի ենթադրվում, որ այն երկրները, որտեղ խորհրդարանական չէ կառավարման համակարգը, չեն կարող ունենալ ժողովրդավարության բարձր մակարդակ: Պարզապես, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում ժողովրդավարության մակարդակը, որպես կանոն, բարձր է, և դա պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ իշխանության ճյուղերի գործառութային բաժանումը, զսպումների, հակակշիռների երաշխավորումը շատ ավելի դյուրին է իրացնել այս համակարգի պարագայում»:

Սահմանադրականության կայացման գործընթացում մշտապես էական նշանուկություն է ունեցել քաղաքական փոքրամասնության դերի բարձրացման երաշխիքների նախատեսումը: Այդ տեսանկյունից շատ կարևոր է նախագծով առաջարկվող իրավական ակտի նոր տեսակը այն է օրգանական (սահմանադրական) օրենքները, որոնք պետք է ընդունվեն որակյալ մեծամասնությամբ, այն է` Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

«Չեմ կարող չնշել նաև սահմանադրական վերահսկողության տեսանկյունից էական և, իմ կարծիքով, անհրաժեշտ առաջարկությունները: Այսպես՝

  • Հայաստանում առաջին անգամ կներդրվի իրավական ակտերի նախնական սահմանադրական վերահսկողության հնարավորությունը, որի դիմող սուբյեկտը լինելու է Հանրապետության նախագահը;
  • Հայաստանում առաջին անգամ կներդրվի սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման համակարգը, որը լուծելու լիազորությունը կվերապահվի Սահմանադրական դատարանին: Արդյունքում համապատասխան մարմինների միջև առաջացած վեճերը կտեղափոխվեն իրավական հարթակ;
  • Անհատական սահմանադրական գանգատների հետ կապված այն հիմնական սահմանադրական խոչընդոտը երբ Սահմանադրական դատարանը սահմանափակված է միայն օրենքի սահմանադրականության ստուգմամբ և կվերացվի, որի արդյունքում յուրաքանչյուր ոք կկարողանա Սահմանադրական դատարանում բարձրաձայնել ցանկացած նորմատիվ ակտի սահմանադրականության և համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հարցը»,- նշում է նա:

Ա. Վարդևանյանի խոսքով, սահմանադրական վերահսկողությունը  սահմանադրականության կայացման երաշխիք է: Հետևաբար, սահմանադրական վերահսկողության շրջանակների նման ընդլայնումը միայն կարող է նպաստել Հայաստանում սահմանադրականության կայացման գործընթացին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել