Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Այս ամենը նման է հաշվեհարդարի». կաշառքի դրվագով ներգրավված ամբաստանյալի ճառը դատարանում

Կաշառքի երկու դրվագ կա Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և նույն հիմնարկի է 12 աշխատակիցների գործով:

Այս դրվագներում ներգրավված են գործով երկու ամբաստանյալներ` դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն ու նույն հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության պետ Անգին Ղուկասյանը:

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ շարունակվեց բողոքի քննությունը:

Անգին Ղուկասյանն իր ճառում անդրադարձավ կաշառքի դրվագներին: Նա ասաց, որ 2010թ.-ին իր ծանոթներից մեկը մոտեցել է ու խնդրել, որ իր որդուն տեղավորի աշխատանքի` նշելով, թե շնորհակալություն նույնպես կհայտնի. «Ես նրա խնդրանքը փոխանցել եմ դեպարտամենտի ղեկավարին, ընդհանրապես տեղյակ չէի, թե ինչ շնորհակալության մասին էր խոսքը, ստացել եմ դեպարտամենտի ղեկավարի համաձայնությունը: Ես տվյալ մարդուն փոխանցել եմ հետևյալը` այո, համաձայն է, հետևյալ պայմաններով` գումարի չափ և այլն: Ըստ էության, դա աշխատանք խնդրողի և աշխատանք տվողի միջև համաձայնության կայացմանը նպաստելն է»,- ասաց ամբաստանյալը:

Այնուհետև նա պատմեց, որ հավակնորդն ընդհանուր հիմունքներով դիմել և մասնակցել է մրցույթի, ընդ որում, այդ փուլում Միսակ Մարտիրոսյանն արձակուրդի մեջ է եղել: Մրցույթային հանձնաժողովը ձևավորվել է դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի կողմից, ով, ըստ ամբաստանյալի, ընդհանրապես տեղյակ չի եղել պայմանավորվածության մասին, գործընթացն ընթացել է օրենքով սահմանված կարգով: Անգին Ղուկասյանը վստահեցրեց, որ գործով հանդես եկող անձիք, ովքեր որևէ կերպ առնչվել են այս դրվագին, ցուցմունքներում ներգործության մասին չեն խոսում: Ի վերջո, հավակնորդը մասնակցել է մրցույթի, հանձնել է քննությունները և միանձնյա հաղթող է ճանաչվել:

«Ինձ մեղադրել կաշառքի ստացման մեջ մի դրվագով, որտեղ որ ես բացարձակապես ոչինչ չեմ արել, սխալ է: Իմ գործունեություններում կա հակաօրինական արարք, բայց չկա կաշառք»,- ասաց ամբաստանյալը: Իր ճառը սկսելով Միսակ Մարտիրոսյանը հակադարձեց Անգին Ղուկասյանին, ըստ նրա` Անգին Ղուկասյանը խեղաթյուրել է որոշ փաստեր. «Մրցույթի ընթացքում մյուս դիմորդի` Դավիթ Դավթյանի ցուցմունքը կա, նա ասել է, որ գրավոր մրցույթում հաղթող է ճանաչվել, Անգին Ղուկասյանը մոտեցել է իրեն ու ասել, թե դու կգնա՞ս այնտեղ աշխատել, հեռու է, ասել է` ոչ ու դրանից հետո քիչ է ստացել Դավիթը: Բացի այդ, Անգին Ղուկասյանը խոսք չասեց գումարի մասին, իրականում նա գումար է վերցրել ու ստացել է բիժու, վերցրել է 200 դոլար»,- ասաց ամբաստանյալը:

Ինչ վերաբերում է երկրորդ էպիզոցին, ապա Անգին Ղուկասյանը դատարանում պատմեց, որ հերթական խնդրանքի առկայության ժամանակ նա միանգամից ասել է գումարի չափը` դրա մասին տեղյակ լինելով նախկին դրվագից. «Խնդրանքը փոխանցել եմ, դեպարտամենտի ղեկավարը դիմել է համախատասխան մարմին ու մարդը նշանակվել է տվյալ պաշտոնի»,- հիշեց ամբաստանյալը:

Նա վստահեցրեց, որ իր գործառույթը եղել է միայն հետևյալը` վերցրել է գումար ու այն փոխանցել Միսակ Մարտիրոսյանին. «Ես որևէ մեթոդով չեմ ազդել, որ մարդն իսկապես իր ցանկացած նպատակին հասնել, այդ դեպքում ես իրոք կարող էի պրոցեսում ներգրավված լինել: Իմ արարքում բացակայում է կաշառքի ստացման օբյեկտիվ կողմի հատկանիշները»,- շեշտեց ամբաստանյալը:

Անգին Ղուկասյանը նաև համոզմունք հայտնեց, որ իր և դեպատրամենտի նախկին ղեկավարի միջև չի եղել նախնական համաձայնություն, դատավոր Վազգեն Ռշտունին հարցրեց. «Դուք առաջարկել եք դեպարտամենտի ղեկավարին` նշելով, թե մարդ կա, ով պատրաստ է հարց լուծել, դուք գումարը վերցրել եք ու փոխանցել եք իրեն, նախնական համաձայնություն ինչո՞ւ չկա». «Նման պարագայում որոշվում է, թե գումարը ինչպես է բաժանվում, ինչպես են կողմերը զբաղվում, մեր մեջ նման համաձայնություն չկար»,- ասաց ամբաստանյալը:

Վերջում նա կարծիք հայտնեց, որ այս ամենը նման է հաշվեհարդարի. «Ես աշխատում էի սպորտի նախարարությունում, քրեական գործի հարուցումից հետո սպորտի նախարարությունում այպիսի իրավիճակ ստեղծվեց, որ ազատման դիմում գրեցի, հետո դիմեցի Հ1, արագ ընդունեցին, ու քրեական գործի մասին իմանալով` ամիսներ անց հեռացրին: Պատիժը նշանակելիս խնդրում եմ հաշվի առեք, այն ինչ-որ ես կրել եմ, կորցրել, ցանկացած պատիժ ինձ համար ընդունելի է, միայն ոչ ազատազրկման ձևով, ոչ այնքան իմ խնդիրն է, որքան երեխաների»,- եզրափակեց Անգին Ղուկասյանը:

Հիշեցնենք` Անգին Ղուկասյանը ճանաչվել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել է պատիժ` ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով` անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել, քան 72.280 (յոթանասուներկու հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամի չափով։ Նրա նկատմամբ կիրառվել է պատիժը պայմանականորեն չկրելու հոդվածը:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել