45.8 միլիոն դրամ՝ անցանկալի հղիությունների կանխարգելման ծառայությունների համար

Այս տարվա նոյեմբերի 2-ին առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել «Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ՝ անցանկալի հղիությունների կանխարգելման նպատակով իրականացվող ծառայությունների համար:

Պայմանագրի արժեքը 45 միլիոն 820 հազար դրամ է (շուրջ 96.5 հազար դոլար): Ծառայությունների մատուցման վերջնաժամկետը մինչև այս տարվա վերջն է՝ դեկտեմբերի 25-ը: Պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցները հատկացվել են պետական բյուջեից: New Picture (75)

Գնման մասին փաստաթղթից տեղեկանում ենք, որ պայմանագրով նախատեսվում են անցանկալի հղիությունների կանխման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բեղմնականխման միջոցների տրամադրման,  բեղմնականխման միջոցներ ստանալու իրավունք ունեցող անձանց ներկայացվող պահանջների և բեղմնականխման միջոցների տրամադրման համար անհրաժեշտ հետազոտությունների իրականացման ծառայությունների տրամադրում: Այս ծառայությունները մասնավորապես ներառելու են.

1.Բեղմնականխման միջոցների ձեռքբերում, պահպանում և տրամադրում, 2.Բեղմնականխման միջոցների օգտագործման վերաբերյալ խորհրդատվություն, 3.Բեղմնականխման միջոցների տրամադրման համար անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, 4.Անցանկալի հղիությունների կանխման նպատակով մշտադիտարկման իրականացում:

«Կատարողը պարտավոր է Պատվիրատուին ներկայացնել բեղմնականխման միջոցների շրջանառության հետ կապված հաշվետվություն»,- նշված է գնման վերաբերյալ փաստաթղթում:

Կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի 40 արձանագրային որոշման հավելվածի «Մոր և մանկան առողջության պահպանման 2015 թվականի պետական նպատակային ծրագիր» հատվածում կարդում ենք այն մասին, որ նախատեսվում է «անցանկալի հղիությունների կանխարգելման և հղիության արհեստական ընդհատումների կրճատման, ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների և բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացում»:

Նույն փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ 2015-ին նախատեսվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրի աջակցությամբ իրականացվող անցանկալի հղիությունների կանխարգելման նպատակով հակաբեղմնավորիչ ժամանակակից միջոցների մատչելիության ապահովման ծրագիր իրականացնել: Այս ծրագրի ներառումը պայմանավորված է ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրի 2013թ. սեպտեմբերի 27-ի թիվ 4 փոփոխության համաձայն, որով ՀՀ կառավարությունը ստանձնել է ժամանակակից հակաբեղմնավորիչների գնման պարտավորություն:

скачанные файлы

Լուսանկարը՝ panorama.am-ի

Ինչպես արդեն իսկ հայտնի է, անցանկալի հղիությունները կանխարգելելու այս ծառայությունները տրամադրվելու են անվճար: Առողջապահության նախարարությունից փորձեցինք տեղեկանալ, թե անվճար այս ծառայություններից ովքե՞ր կարող են օգտվել: Նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունից ուղղորդեցին՝ տեղեկությունը ստանալու համար զանգահարել համապատասխան հեռախոսահամարով և խոսել մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի հետ:

Սակայն Գայանե Ավագյանը հայտարարեց, թե «իրավունք չունի հեռախոսով ինֆորմացիա տալու» ու թե ինֆորմացիան ստանալու համար կամ գրավոր դիմենք կամ էլ նախարարության հասարակայնության հետ կապերի միջոցով ստանանք:

Հատուկ Գայանե Ավագյանի  համար մեջբերում ենք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը, որի համաձայն, ոչ միայն իրավունք չունի, այլև պարտավոր է տեղեկություն տրամադրել բանավոր հարցմանը. «Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ