Ծանրաբեռնվածության պատճառով հանրային պաշտպանի գրասենյակը որևէ դիմում չի մերժում. Արթուր Հովհաննիսյան

Հանրային պաշտպանի գրասենյակը (ՀՊԳ)  հիմնադրվել է սոցիալապես անապահով խավերին օրենքով նախատեսված կարգով ու դեպքերում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար։ ՀՊԳ-ն ունի 49 հանրային պաշտպանի դրույքով գործող 52 հանրային պաշտպաններ (6 հանրային պաշտպան 0.5 դրույքով են աշխատում)։ Հանրային պաշտպաններից 25-ը աշխատում են Երևան քաղաքում, 27-ը մարզերում։ Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատի կայքից: Ավճար իրավաբանական օգնության և ՀՊԳ գրասենյակի ծառայությունների մասին Իրավաբան.net-ը զրուցեց Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի հետ:

-2011 թվականի վերջին «Փաստաբանության մասին» օրենքի  5-րդ հոդվածով սահմանվեց, որ քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչություն կարող են անել միայն արտանոգրված փաստաբանները: Սակայն մինչև վերջերս Հանրային պաշտպանի գրասենյակը խիստ քաղաքացիական գործերի դեպքում խիստ սահմանափակ դեպքերում է օգնություն ցուցաբերում: Արդյո՞ք վաղ չէր օրենսդրական նման փոփոխություն կատարելը:

– Հանրային պաշտպանի գրասենյակը չի մատուցում սահմանափակ ծառայություններ, այլ իրավաբանական օգնություն տալիս է նրանց, ում օրենքով հասնում է:

Ես ուզում եմ հասկանալ սահմանափակ օգնություն հանրային պաշտպանները չեն տալիս: Ուղղակի քաղ գործերով օգնություն տալիս են նրանց, ում օրենքով հասնում է: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք վաղ էր, թե՝ ոչ, ապա այստեղ խնդիրը այլ էր՝ արյունավետ և որակյալ փաստաբանական ծառայությունների մատուցումն էր: Երբ փաստաբաններն իրենց վստահորդների շահերը ներկայացնում են, պարտավոր են  պահպանել փաստաբանի վարքագծի կանոնները,  վստահորդ-շահերի պաշտպան հարաբերություններում շատ հարցեր կանոնակարգված են: Օրինակ, փաստաբանն իրավունք, եթե գործով կողմերից մեկին ծառայություն է մատուցել, նաև մյուս կողմի հետ համագործակցի: Իսկ նման դեպքեր լինում են, երբ քաղաքացու շահերը ներկայացնում է ոչ փաստաբանը, ով կաշկանդված չէ վարաքգծի կանոններով: Ոչ փաստաբանի համար չկան այդ կանոնները, նա ընդամենը սահմանափակված է քաղաքացիաիրվական հարաբերություններով: Նա ազատ գործում է և կարող է չարաշահել այդ ազատությունը: Շատ դեպքեր են եղել, երբ քաղաքացին ասել է, թե այս իրավաբանն ինձ խաբեց, գումարս վերցրեց, ոչ մի աշխատանք չարեց, խնդրում ենք պատժեք իրեն, աջակցեք ինձ, և երբ մենք պարզել ենք, որ այդ մարդը փաստաբան էլ չէ: Այստեղ տուժեց ո՞վ: Քաղաքացին, որի շահերը ներկայացրել էր ոչ փաստաբանը:

Այո, բայց  չե՞ն լինում դեպքեր, երբ հանրային պաշտպանը քաղաքացուն մերժում է օգնություն ցույց տալ կամ ոչ բարեհամբույր է ընդունում:

-Այսօր բոլոր դիմումները պատշաճ ուսումնասիրվում են ՀՊԳ ղեկավարի կողմից, և եթե հիմնավոր է պահանջը և դատական պաշտպանության կարիք կա, ապա դիմումը չի մերժվում:  Հնարավոր է, որ ցանկանան ներկայացնել այնպիսի պահանջ, որը քննվել  է դատարաններում և մերժվել է, կամ դատարան դիմելու ժամկետը բաց թողնելուց հետո են դիմում ՀՊԳ: Երբ պատասխանում են, որ «շանս չունեք» կամ անիմաստ է պահանջ ներկայացնելը, քաղաքացին դժգոհ կմնա: Եղել են դեպքեր, երբ դժգոհ քաղաքացին բարձրացել է մեզ մոտ, անձամբ ես էլ եմ ընդունել, խոսել ենք, բացատրել, թե ինչու հանրային պաշտպանը չի կարող այդ գործը վերցնել, բայց նորից դժգոհ է մնացել:

Եղել է դեպք, երբ անձը  պահանջում էր օգնություն կոորպորտիվ վեճի վերաբերյալ, և սա այն դեպքն է, երբ մենք չենք կարող հանրային պաշտպան տրամադրել: Մենք նրան բացատրում ենք,  որ ձեռնարկատիրական բնույթի գործերով հանրային պաշտպանի գրասենյակը իրավաբանական օգնություն չի տալիս, իսկ նա ասում է, թե ես միայնակ թոշակառու եմ, «Փարոս»-ի անդամ եմ և ինձ հասնում է այդ անվճար իրավաբանական օգնությունը: Սակայն սուբյեկտ լինելը դեռևս բավարար չէ: Նույնիսկ, եթե անձը միայնակ բնակվող կենսաթոշակառու է, սակայն ցանկանում է 1 միլիոն դրամը գերազանցող գույքային պահանջ ներկայացնել, ապա այս դեպքում չենք կարող հանրային պաշտպան տրամադրել:

(Թե ովքեր կարող են անվճար իրավաբանական օգնություն ստանալ հանրային պաշտպանի գրասենյակի կողմից, տես՝ այստեղ):

Այնուամենայնիվ, բազմիցս է խոսվում Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության մասին, Դուք կարծու՞մ եք, որ 50 հանրային պաշտպանը բավարար է:

-Իհարկե, ոչ: Դեռևս 2009-2011 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով նախատեսվում էր, որ հանրային պաշտպանների (այդ ժամանակ նրանք 32 էին) հաստիքները առնվազն դարձնել 75: Ամեն տարի բյուջեն կազմելիս նախատեսում ենք ավելացնել հաստիքների քանակը, սակայն դեռևս ապարդյուն: Այս վերջերս աշխատավարձերը մի քիչ բարձրացան՝ կապված պետական բոլոր ծառայողների աշխատավարձերի բարձրացման հետ:

Ասացիք, որ դեռևս 2009-2011 թվականներին նախատեսել էր հանրային պաշտպանների թիվն առնվազն 75 դարձնել: Սակայն նրանց թիվն այդքան չդարձավ, սակայն օրենսդրական փոփոխությունը կատարվեց և քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչություն կարող են անել միայն փաստաբանները: Արդյո՞ք խնդիր չեք տեսնում:

-Ես այդտեղ խնդիրը չեմ տեսնում. խնդիրն այն է, որ պետք է Հանրային պաշտպանի գրասենյակի բյուջեն այնպես նախատեսվի, որ հանրային պաշտպաններն առանց մեծ ծանրաբեռնումների կարողանան տրամադրել անձին իրավաբանական օգնություն: Այն, որ անձը պետք է փաստաբանական պատշաճ ծառայություն ստանա, դա միանշանակ է:

Տեսեք, եթե անձն ատամնաբույժի կարիք ունի, սակայն գումար չունի, կարո՞ղ ենք թույլ տալ, որ անվճար բժշկական միջամտությունը կատարի համապատասխան կրթություն ու լիցենզիա չունեցող մարդուն: Կարող է նա շատ լավ տեղեկացված լինել բժշկական ոլորտից, սակայն, միևնույնն է, դա ռիսկ է:

Այնուամենայնիվ, այդ խնդիրը կա:

-Գիտեք, մենք այսօր ունենք շուրջ 1500 փաստաբան, ովքեր բազմաթիվ անվճար գործեր են անում: Կան հասարակական կազմակերպություններ, որոնք ունեն փաստաբան աշխատակիցներ և նույնպես անվճար օգնություն են ցույց տալիս: Եվ ասել, թե անձը գումար չունի, և այդ պատճառով չկարողացավ օգնություն ստանալ, սա եզակի դեպքեր կարող են լինել:

Բայց որքանո՞վ է ճիշտ, որ պետությունը օրենդրական փոփոխություն կատարի՝ հույսը դնելով հասարակական կազմակերպությունների և փաստաբանների կողմից անվճար ծառայություններ մատուցելու բարի կամքի վրա: Իսկ հանրային պաշտպանի գրասենյակն էլ ծանրաբեռնված է և չի կարողանում բոլորին օգնություն ցուցաբերել:

-Բայց ինչու՞ չի կարողանում օգնել. որովհետև կամ պահանջը հիմնավոր չէ կամ անձին ուղղակի օրենքով չի հասնում անվճար իրավաբանական օգնություն, երրորդ դեպք չկա: Եթե հիմքերը բոլորը կան, ապա, անկախ նրանից, թե քանի գործ ունի ՀՊԳ-ն, վերցնում է գործը: Ծանրաբեռնվածությունից ելնելով երբևիցէ դիմում չեն մերժում, դա բացառվում է: Եթե հիմնավոր է պահանջը, մենք չենք կարող ասել, չենք ընդունում, շատ գործ ունենք, և պալատն էլ ուշիուշով հետևում է, որ նման դեպքերը բացառվեն:

Մասնագետները պնդում են, որ գերածանրաբեռնվածության դեպքում  անձն ուղղակի իվիճակի չէ լավ աշխատել, սխալներ թույլ չտալ: Մեզ հետ զրույցում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն ասում էր, որ դատավորների գերծանրաբեռնվածության արդյունքում դատական սխալներ են լինում:

-Այո, ծանրաբեռնվածություն կա, սակայն որպեսզի  ծառայությունների որակը չտուժի, որակի մոնիտորինգ ենք անում: Այսինքն, պալատի կողմից հանրային պաշտպանների նկատմամբ պարբերաբար հսկողություն է կատարվում, թե արդյոք ծանրաբեռնվածությունը չի բերում որակի նվազման:

Հանրային պաշտպանի գրասենյակը բեռնաթափելու ուղղությամբ նույնպես ծրագրեր են իրականացվում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ 2 ծրագիր ենք իրականացնում. առաջինի դեպքում փաստաբանները (և ոչ միայն հանրային պաշտպանները), այցելում են քրեակատարողական հիմնարկներ և ցանկացող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրում: Երկրորդ դեպքում փաստաբաններն այցելում են մարզեր և տեղի քաղաքացիներին իրավաբանական անվճար խորհրդատվություն տալիս:

Եվ նշեմ նաև, որ ամեն հինգշաբթի օր մեր փաստաբաններն ու Փաստաբանական դպրոցի ունկնդիրները Փաստաբանների պալատի երկրորդ հարկում անվճար խորհրդատվություն են տալիս բոլոր քաղաքացիներին՝ անկախ այն բանից, նրանց օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն հասնում է, թե՝ ոչ:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել