Իմացեք Ձեր իրավունքները` որպես ուղևոր ավտոբուսներով երթևեկելիս

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 14–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ուղետոմսերի և ուղեբեռային անդորրագրերի հիման վրա:

Միջքաղաքային և միջպետական երթուղիների ուղևորների տոմսավորումն իրականացվում է ավտոկայարանների և ավտոկայանների, ինչպես նաև դրանց հետ պայմանագիր ունեցող այլ կազմակերպության տոմսարկղերից, իսկ միջանկյալ կանգառներում` ավտովարորդների կողմից:

Ավտոկայարաններում, ավտոկայաններում, ինչպես նաև այլ կազմակերպություններում իրականացվում է նաև միջքաղաքային և միջպետական երթուղիների ուղետոմսերի նախնական վաճառք: Տոմսերի նախնական վաճառքով կարող է իրացվել ոչ ավելի, քան ավտոբուսի տվյալ երթի ուղետոմսերի 80 տոկոսը:

Ուղևորների նստեցումն ու իջեցումը թույլատրվում է երթուղու համար սահմանված կանգառներում, միկրոավտոբուսներում` ազատ նստատեղերի առկայության դեպքում, իսկ երթուղային տաքսու ռեժիմով աշխատող միկրոավտոբուսներում իջեցումը` նաև թույլատրելի տեղերում` ըստ ուղևորների պահանջի:

Լրիվ զբաղեցված նստատեղերով երթևեկելու դեպքում ուղևորի նստեցման նպատակով միկրոավտոբուսի կանգառումն արգելվում է: Նստատեղերը լրիվ զբաղված լինելու դեպքում երթուղու սահմանված կանգառներում միկրոավտոբուսի կանգառումն իրականացվում է ըստ ուղեսրահում գտնվող ուղևորների պահանջի:

Երևան քաղաքում, ելնելով տրանսպորտային միջոցներով ծանրաբեռնվածությունից, Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող է արգելվել առանձին փողոցներում կամ փողոցների առանձին հատվածներում կանգառներից դուրս ուղևորների պահանջով նրանց իջեցումը:

Մերձքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկող ավտոբուսներով քաղաքի վարչական տարածքում երթևեկողներից վճարը գանձվում է ներքաղաքային ավտոբուսային երթուղիների համար սահմանված փոխադրավարձի չափով:

Երթուղու սկզբնակետում, ինչպես նաև միջանկյալ կանգառներում ուղևորի մեղքով ավտոբուսի մեկնումից ուշացման դեպքում ձեռք բերված ուղետոմսը չի վերաձևակերպվում, և վճարված գումարը չի վերադարձվում:

Ուղևորի հիվանդության կամ դժբախտ պատահարի պատճառով ավտոբուսի մեկնումից հետո մինչև 3 ժամ ուշանալու դեպքում ուղևորի ցանկությամբ ավտոբուսի մեկնման պահից հետո` 3 օրվա ընթացքում, կարող է վերականգնվել ուղետոմսը` դրա արժեքի 25 տոկոս լրավճարով, կամ վերադարձվել վճարված գումարի 75 տոկոսը: Ուղետոմսի վերականգնումը կամ գումարի վերադարձը կատարվում է հիվանդության վերաբերյալ բժշկական հաստատության հաստատած տեղեկանքի կամ դժբախտ պատահարի մասին համապատասխան մարմինների կազմած արձանագրության հիման վրա:

Անհաղթահարելի ուժի, դժբախտ պատահարի կամ հիվանդության (առողջական վիճակի անբավարարության) հետևանքով ուղևորի կողմից ուղևորությունը չշարունակվելու կամ հրաժարվելու դեպքում ուղևորին է վերադարձվում փոխադրավարձի` մինչև ուղևորության նշանակման վայր մնացած հեռավորությանը համեմատական մասը:

Երթուղու սպասարկման համար նախատեսած ավտոբուսի փոխարեն ավելի ցածր կարգի ավտոբուս հատկացնելու դեպքում ուղևորն իրավունք ունի վերադարձնելու ուղետոմսը, ստանալու ուղեբեռի, ուղետոմսի և նախնական վաճառքի համար վճարված գումարները: Հատկացված ցածր կարգի ավտոբուսով երթևեկելու` ուղևորի համաձայնության դեպքում ուղևորին պետք է վերադարձվի ուղետոմսերի արժեքների տարբերությունը:

Նախատեսված ավտոբուսի փոխարեն ավելի բարձր կարգի ավտոբուս հատկացնելու դեպքում ուղևորն իրավունք ունի առանց լրավճարի ուղևորվելու մինչև այդ մասին տեղեկություն հաղորդելը կամ նախնական վաճառքով ձեռք բերված ուղետոմսով:

Ավտոբուսի մեկնումից մինչև 2 ժամ առաջ ուղետոմսն ավտոկայանի տոմսարկղ կամ տվյալ երթուղու համար ուղետոմս վաճառող այլ տոմսարկղ վերադարձնելու դեպքում ուղևորին է վերադարձվում փոխադրավարձը, իսկ նշված ժամկետից մինչև ավտոբուսի մեկնումը` ուղետոմսի համար վճարված գումարի 85 տոկոսը:

Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով խմբերի փոխադրման պատվերով ուղետոմսերի նախնական տրամադրումն իրականացվում է մեկնման օրվանից առնվազն 7 օր առաջ ներկայացված գրավոր հայտերով և 20 տոկոս կանխիկ վճարով: Պատվիրված ուղետոմսերը պետք է պահանջվեն ոչ ուշ, քան ավտոբուսի մեկնումից 24 ժամ առաջ: Չպահանջված ուղետոմսերը իրացման են տրվում ընթացիկ վաճառքի տոմսարկղերին: Հայտերով ձեռք բերված ուղետոմսերն ավտոբուսի մեկնումից մինչև 3 օր առաջ ավտոկայանի տոմսարկղ վերադարձնելու դեպքում պահվում է երթևեկության արժեքի 10 տոկոսը, իսկ 3 օրից պակաս ժամկետի դեպքում` ոչ ավելի, քան 20 տոկոսը:

Եթե ավտոբուսի մեկնումը չի կայացել, կամ տարբեր պատճառներով դա հետաձգվել է մեկ ժամից ավելի ժամանակով, անկախ ուղետոմսերի վերադարձման ժամկետից, ուղետոմսերի արժեքից պահում չի կատարվում:

Փաթեթավորման թերություններ ունեցող ուղեբեռը, որը կորստի, պակասորդի կամ վնասվածքի կասկած է հարուցում, փոխադրման կարող է ընդունվել փոխադրման փաստաթղթերում այդ թերությունների նշումով:

Ուղեբեռը հանձնվում է ուղեբեռային անդորրագիրը ներկայացնող ուղևորին: Ուղեբեռային անդորրագրի բացակայության դեպքում փոխադրողը ուղեբեռը հանձնում է այն անձին, որը հիմնավորում է (ուղեբեռում առկա իրերի պարունակության և նկարագրության հայտարարում) այդ ուղեբեռի իրեն պատկանելությունը: Առանց ուղեբեռային անդորրագրի` ուղեբեռի ստացմանը հավակնող ուղևորի կողմից ուղեբեռի իրեն պատկանելու ոչ բավարար հիմնավորման դեպքում փոխադրողն իրավունք ունի նրանից պահանջելու ուղեբեռի հայտարարված արժեքը:

Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ժամանակ արգելվում են`

ա) ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործումը և ծխելը ուղեսրահում.

բ) ուղևորների կողմից դռների բացումը` առանց ավտովարորդի թույլտվության.

գ) ավտովարորդի և ուղևորների կողմից ավտոբուսի ուղեսրահում երաժշտություն միացնելը ներքաղաքային և մերձքաղաքային փոխադրումներում և առանց ուղևորների համաձայնության` երաժշտություն միացնելը միջքաղաքային, միջպետական փոխադրումների ընթացքում.

դ) պայթյունավտանգ, հրդեհավտանգ, ռադիոակտիվ, քիմիական քայքայիչ նյութերի, առանց պատյանի զենքի, ռազմամթերքի, ավտոտրանսպորտային միջոցը և ուղևորների հագուստն աղտոտող կամ վնասող նյութերի և իրերի, տհաճ, սուր հոտ ունեցող իրերի, օրենքով արգելված այլ նյութերի և իրերի փոխադրումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել