Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Եթե այս դատավճիռը մտնի ուժի մեջ, ապա կստացվի, որ ՀՀ յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի վտանգված է». Ֆինանսական բուրգի գործը

Ֆինանսական բուրգի գործը Վերաքննիչ քրեական դատարանում է: Այսօր տեղի ունեցավ առաջին նիստը, որին մասնակցում էին միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը և երեք տուժողների ներկայացուցիչներ: Նիստին ներկա չէր մեղադրող դատախազը: Թեև կողմերը կարծիք հայտնեցին, որ առանց մեղադրողի նպատակահարմար չէ շարունակել դատաքննությունը, սակայն նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանը նշեց, որ դատախազը պատշաճ կերպով ծանուցվել է և իր բացակայության մասին որևէ գրություն չի ուղարկել դատարան, այնպես որ նիստը կշարունակվի:

Հերթական նիստին հրապարակվեց առաջին ատյանի դատարանի վճիռն ու բողոքները: Պաշտպանական կողմը դատարանից խնդրում է արդարացնել ամբաստանյալին և նրան ազատել դատական նիստերի դահլիճից:

Ամբաստանյալի փաստաբանը՝ Մնացական Սարգսյանը կարծում է, որ Արթուր Անդրեասյանի արարքում բացակայում է խարդախության տարրը. «Եթե այս դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ, ապա ստացվում է, որ ՀՀ ամեն երկրորդ քաղաքացի վտանգված է, որովհետև սոցիալական վիճակից բոլորն էլ ունեն պարտքեր ու երբեմն պարտք են վերցնում և չեն կարողանում ժամկետների մեջ վերադարձնել, ապա ստացվում է, որ խարդախ են»,- նշեց պարոն Սարգսյանը:

Փաստաբանը նշեց, որ Արթուրը պարտք է վերցրել, զբաղվել է բիզնեսով, մինչև ձերբակալումը վճարել է տոկոսներ, նա նաև անդրադարձավ մեղադրանքին՝ նշելով. «Ընդհանուր գումարով առաջադրել են քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այնուհետև սկսել են տարանջատել գումարները և կրկնակի մեղադրանք են առաջադրել»,- փոխանցեց պարոն Սարգսյանը:

Արթուր Անդրեասյանի մայրը փոխանցեց, որ իր որդին առողջական լուրջ խնդիրներ ունի. «Վիճակը շատ վատ է: Որևէ մեկն այս հանգամանքին ուշադրություն չի դարձնում, սա ի՞նչ է նշանակում, սա արդարադատության կողմից սպանություն է»,- ասաց մայրը:

Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ամբաստանյալին դատապարտել է 10 տարի ժամկետով ազատազրկման` 200 մլն ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:

Այս գործով շոշափվում էր նաև ՀՀ ԿԱ ոստիկանությունում նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի անունները: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, Արթուր Անդրեասյանը 2010թ. հունիսին ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարներ և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Սակայն առաջին ատյանի դատարանում Ներսես Նազարյանը նշել է, որ ոչ ինքը, ոչ որդին, ոչ էլ իր ազգականներն Ա.Անդրեասյանին որևէ պայմանով պարտքով գումարներ չեն տվել, տոկոսներ չեն ստացել, այդ ենթադրյալ գումարների վերադարձման մասին զրույցներ չեն եղել, նույնը պնդել են նաև Բաբախեկյանները:

Իսկ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն այս ամենում տեսնում էր նաև Վանո Սիրադեղյանի գործոնը:

IMG_5117 IMG_5119 IMG_5121

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել