Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Մեղադրողի տրամաբանությամբ՝ եթե Դատական դեպարտամենտի որևէ բաժնում օճառ կամ զուգարանի թուղթ հափշտակվի, ուրեմն ղեկավարն է մեղավոր». Միսակ Մարտիրոսյան

Առաջին ատյանի դատարանը որոշ ապացույցների ստեղծագործաբար է մոտեցել. էական հանգամանքներ կրճատելով: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիոսյանը:

Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այս տարվա հուլիսի 18-ին կայացրեց դատավճիռ` դեպարտամենտի նախկին ղեկավարի և նույն հիմնարկի 12 աշխատակիցների գործով: Նրանք մեղադրվում էին հանցավոր խումբ ստեղծելու և պետությունից 115 մլն դրամի չափով հափշտակություն կատարելու մեջ:

Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ նշանակվեց պատիժ` ազատազրկում 6 տարի ժամկետով` անձնական գույքի բռնագրավվում` ոչ ավելի քան 720 հազար դրամը:

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, բողոքի քննությունն այսօր շարունակվեց դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ:

Ամբաստանյալ Միսակ Մարտիրոսյանը այսօր հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանը կեղծել է քրեական գործը. «Դատարանի կողմից կեղծ ապացույցներ են ներառվել իմ ցուցմունքում, մասնավորապես իմ և Գեղամ Գրիգորյանի առերեսման մասին արձանագրությունը, որը չի եղել: Դատարանը միտումնավոր փաստերը սխալ և թերի է ներկայացրել»,- նշեց նա: Այս խոսքերը դուր չեկան դատավորներից Վազգեն Ռշտունուն. «Դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունքը չի վերաբերում միայն վերաքննիչ ատյանի դատարանին և ես խնդրում եմ նույն վերաբերմունք ցուցաբերել նաև առաջին ատյանի դատարանի նկատմամբ»,- հորդորեց նա:

Այնուհետև Միսակ Մարտիրոսյանն անդրադարձավ մեղադրանքին. «Նախ անհասկանալի է այն հանգամանքը, թե իբր ես տեղյակ եմ եղել ծառայությունում առկա հաստիքացուցակում չներառված անձանց անունները: Շարունակելով մեղադրողի տրամաբանությունը, ստացվում է՝ եթե Դատական դեպարտամենտի որևէ բաժնում օճառ կամ զուգարանի թուղթ հափշտակվի, ուրեմն ղեկավարն է մեղավոր»,- ասաց նա:

Ամբաստանյալը վստահ է, որ իր հանդեպ պետք է կայացվի արդարացման դատավճիռ հանցակազմի բացակայության հիմքով:

Առաջին ատյանի դատարանի կողմից վեց տարվա ազատազրկման դատապարտված դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գտավ, որ իր պաշտպանյալի հանդեպ կայացվել է անօրինական դատավճիռ, չի հիմնավորվել պատժի խստությունը: Տիգրան Աթանեսյանը գտնում է, որ Գեղամ Գրիգորյանին դատապարտում են մեծամասամբ անթույլատրելի ապացույցների հիման վրա. «Դատարանը չի հիմնավորել նշանակված պատժաչափը, ի վերջո չի պատասխանել մի պարզ հարցի, ինչո՞ւ պետք է խմբի տաս անդամներն ազատվեն պատժի կրումից, իսկ նա կրի խիստ պատիժ: Մեղադրողի վրեժխնդրության ցանկությունն իր պարզ արտացոլումն է գտել դատավճռի մեջ»,- հայտարարեց նա՝ խնդրելով բեկանել դատավճիռը:

Այսօր վերաքննիչ բողոքը ներկայացրեց նաև կաշառքի դրվագով դատապարտված Անգին Ղուկասյանի փաստաբանը Արմեն Ֆերոյանը: Նա նշեց, որ Անգին Ղուկասյանի արարքում բացակայում է կաշառքի հանցակազմը:

Փաստաբանը մեջբերելով Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներ՝ նշեց, որ Անգին Ղուկասյանը կազմակերպչական գործունեություն իրականացնելու լիազորությամբ չի օժտվել. «Ղուկասյանը իրականացրել է միայն մասնագիտական գործառույթներ: Նա ընդամենը նպաստել է կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության գալուն: Ինչ վերաբերում է Միսակ Մարտիրոսյանի և Անգին Ղուկասյանի միջև նախնական համաձայնության հարցին, ապա իմ պաշտպանյալը պնդել է, որ երբևէ նման խոսակցություն չի եղել»:

Արմեն Ֆերոյանը նաև հավելեց, որ Անգին Ղուկասյանն իր լիազորությունների շրջանակներում կաշառք տված երկու անձանց նկատմամբ որևէ հովանավորչություն չի դրսևորել և չէր էլ կարող կատարել, քանի որ լիազորություն չի ունեցել. «Իմ պաշտպանյալի գործողությունները սկսվել ու ավարտվել են կաշառք տվողի և ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և ոչ ավելին: Իմ պաշտպանյալն ըստ էության դիտորդի կարգավիճակ է ունեցել»:

Նա խնդրեց բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատավճիռը և նշանակել նվազագույն պատիժ:

Գ.Թ.

Կարդացեք նաև՝

Պետբյուջեից 115 մլն ՀՀ դրամ հափշտակելու գործն ավարտվեց. ամբաստանյալների հարազատներն արտասվում էին դատավճռից հետո

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել