«Հայաստանը շատ հեռու է  արժանապատիվ աշխատանքով յուրաքանչյուրին ապահովելուց». Շուշանիկ Բարսեղյան

«Հայաստանում աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն»,- այս մասին արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվան նվիրված այսօրվա քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահի խոսքով իրենք ուսումնասիրել են տաքսի ծառայությունների, սուպերմարկետների, սրճարանների, մի քանի խոշոր ձեռնարկությունների աշխատանքային ոլորտն ու արդյունքում պարզ է դարձել, որ շատ հաճախ աշխատանքային պայմանագրեր չեն կնքվում.

«Որտեղ էլ պայմանագրեր կնքվում են, չեն ստուգվում համապատասխան մարմինների կողմից ու ձևական բնույթ են կրում: Մասնավորապես` տաքսի ծառայություններում պայմանագրով սահմանված աշխատավարձերը ձևական բնույթ են կրում: Չեմ խոսում սուպերմարկետներում, սրճարաններում աշխատողների ընդմիջման, հանգստի իրավունքի մասին, որոնք շատ հաճախ են խախտվում: Խոշոր ձեռնարկություններում համեմատաբար նորմալ է վիճակը»,- ասաց Ա. Իշխանյանը:

Թեպետ ուսումնասիրություններ պետական հիմնարկներում չեն անցկացրել, բայց ,պրն Ավետիքյանի տվյալներով, շատ հաճախ խախտվում են նաև  դպրոցի ուսուցիչների իրավունքները. «Նրանց հետ կնքվում են պայմանագրեր ընդամենը մեկ տարով, և ընթացքում  եթե դպրոցի ղեկավարությունը ցանկանում է, շատ հանգիստ պայմանագիրը լուծում է. այսինքն մեր քաղաքացիները պաշտպանված չեն` ոչ մասնավոր, ոչ էլ պետական կառույցներում»:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանի խոսքով` հիմանականում խնդիրներ են լինում աշխատանքի ընդունման, ազատման, պայմանագրերի կնքման հարցում. «Աշխատանքային նախկին օրենսգրքում պայմանագրերի կնքման հետ կապված բազմաթիվ թերություններ կային, որոնք լրացումներից հետո բավական շտկվել են: Կարծում եմ, որ այս տեսնակյունից աշխատանքային օրենսդրությունը հունի մեջ է ընկնում ու կարգավորվում է»:

Պրն Փիլիպոսյանի խոսքով`իրենք իրականացնում են ոչ պետական հսկողություն, բայց մինչև հիմա չունեն դրա իրականացման կոնկրետ մեխանիզմը. «Արել ենք այն, ինչի հնարավորությունը ունեցել ենք,  մինչդեռ դրա համար օրեսնդրությամբ սահմանված որևէ կոնկրետ ուղի է անհրաժեշտ, բայց  մեր ձեռքերն այս հարցում կապված են»:

Դժգոհություններ ունի նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության փոխնախագահ, սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Շուշանիկ Բարսեղյանը, ով թեպետ շնորհավորեց տողնի առթիվ, բայց նաև նշեց, որ Հայաստանը շատ հեռու է  արժանապատիվ աշխատանքով յուրաքանչյուրին ապահովելուց.  «Գործատուի համար շատ կարևոր է պաշտպանված աշխատողը, այսինքն` մենք խնդիր ունենք ի աշխատողներին և գործատուներին իրազեկելու աշխատանքային իրավահարաբերություններին վերաբերող գործող օրենսդրությանը»:

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյանն էլ կարևորեց այն, որ  աշխատողների իրավունքների պաշտպանության, խախտումների բացահայտման, գործատուներին պարտադրելու օրենսդրութան նորմերի պահանջները ապահովելու ուղղությամբ չկա որևէ պետական մարմին.

«Հստակ է, որ աշխատանքային օրենսդրության նորմերի նկատմամբ վերահսկողության չի լինելու. այսինքն` մեր հանրապետությունը ընտրել է մի ճանապարհ, որտեղ կարող է վերահսկողություն լինել միայն աշխատանքի անվտանգ և առողջ պայմանների նկատմամբ: Մնացած աշխատանքային հարաբերությունները դիտարկվում են, որպես աշխատանքային պայամանգրի հիման վրա ծագած հարաբերություններ և ըստ հայեցակարգի` այդ խնդիրները կարող են լուծվել միայն դատարանի միջոցով»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի պետ Ժոռա Սարգսյանն էլ ներկայացրեց, որ իրենք ստանում ենք տաբեր դիմում-բողոքներ, որտեղ ներկայացված են աշխատողների այս կամ այն իրավունքի խախտում. իրենք սկզբնապես տալիս են խորհրդատվական բնույթի օգնություն, իսկ հետո ուղորդում ենք դիմել կամ դատարան կամ արհմիություններ:

Ժոռա Սարգսյանը խոսելով իրենց կողմից կատարվող աշխատանքներին, որոնք միտված են խնդիրների լուծմանը, կարևորց այն, որ հոկտեմբերի 22-ից ուժի մեջ է մտնելու «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին » օրենքը, որը մեկ քայլ առաջ է գործատուների և աշխատողների իրավունքները և պարտականությունների սահմանման և պաշտպանման հարցում:

Զ. Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել