Նորություններ

«Ես սկզբում հպարտ էի, որ Հայաստանի դեմ խոշտանգման գործեր չկային, բայց…». Ալվինա Գյուլումյան

«Ես առաջին տարիներին հպարտ էի, որ Հայաստանից խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ գործեր չկային: Դրանք ամենամտահոգիչ և անընդունելի երևույթներն են»,- ասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախկին դատավոր, ներկայումս Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը, ում հետ Իրավաբան.net-ը զրուցել է Եվրոպական դատարանի վերաբերյալ հարցերի շուրջ:

Տիկին Գյուլումյան, Հայաստանից Եվրոպական դատարանին ստացվող դիմումներում հիմնականում ի՞նչ խախտումների մասին են բարձրաձայնվում:

-Տարբեր խախտումների վերաբերյալ են լինում գանգատները: Սակայն կա մի սկզբունք. Եվրոպական դատարան կարելի է դիմել ներպետական դատական բոլոր ատյանները սպառելուց հետո: Եթե ներպետական ատյանները սպառում են և դժգոհ են, ապա անկախ այն բանից, թե Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ)  որ հոդվածի խախտման համար են դիմում, 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի, խախտումը նույնպես նշվում է:  Եթե դիմողները գտնում են, օրինակ, խախտվել է անձնական կյանքին չմիջամտելու իրավունք, և հայաստանյան դատարաններում արդյունքի չեն հասել, ապա նշվում է, որ դատարանները անարդար են եղել: Որպես կանոն, բոլոր գործերին ուղեկցում է նաև 6-րդ հոդվածը, հետևաբար, գանգատների զգալի մասը վերաբերում են արդար դատաքննության իրավունքի խախտումներին:

Գանգատներ են լինում սեփականության իրավունքի հարցերով՝ Հյուսիսային պողոտայի, Կողբացու փողոցում և այլ իրացումների հետ կապված: Շատ էին գանգատները հետընտրական շրջանում՝ կապված խաղաղ հավաքների անցկացման իրավունքի խախտման հետ: Նաև ՄԻԵԿ 5-րդ հոդվածով՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, որը կապված է նախնական կալանքի, մարդուն ազատությունից զրկելու հետ։

10-րդ հոդվածի՝ արտահայտվելու ազատության իրավունքի հետ կապված «Ա1+»-ի գործն էր, այս հոդվածով այլ գործեր, կարծես, չենք ունեցել:

-Իսկ կյանքի իրավունքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի ոտնահարումներով գործերը ի՞նչ  տոկոս են կազմում:

-Գիտեք, առաջին տարիներին ես հպարտ էի, որովհետև չկային այդպիսի գործեր Հայաստանից, իսկ ինձ համար ամենաանընդունելի երևույթներն են դրանք:  Հետագայում, ցավոք, եղավ Գրիշա Վիրաբյանի գործը (ոստիկանության բաժանմունքում նա դաժանաբար խոշտանգվել էր), եղան գործեր նաև՝ անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքի վերաբերյալ որոշումներ: Վերջերս դատարանը ևս մեկ այլ գործով վճիռ կայացրեց, որը նույնպես վերաբերում էր ՄԻԵԿ 3-րդ հոդվածին:

(ՄԻԵԿ 3-րդ հոդված. «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»):

Դեռևս ՄԻԵԿ 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքից զրկելու վերաբերյալ Հայաստանի դեմ որոշում չկա, սակայն կան դիմումներ, որոնք սպասողական վիճակում են:

-Ինչպես հայտնեցիք՝ Հայաստանի դեմ կայացված վճիռների մի զգալի մասով ճանաչվել է արդար դատաքննության իրավունքի խախտումը: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք դատավորների մեղավորությունը չկա, և չպե՞տք է պետությունը ռեգրեսիվ հայց ներկայացնի նրանց դեմ:

-Ոչ, իհարկե: Նախ՝ որևէ եվրոպական երկրում այդպիսի պրակտիկա չկա: Դատական սխալի համար դատավորին պատասխանատվության ենթարկելն ընդունելի չէ: Եթե դատական սխալները միևնույն դատավորի մոտ են, ապա կարելի է նրա՝ դատավորի պաշտոնը զբաղեցնելու նպատակահարմարության հարցը դնել, բայց մեկ անգամ սխալվելը չեմ կարծում, որ առիթ է նրան պատասխանատվության ենթարկելու: Դատարանում պատասխանտու է պետությունը և ոչ դատավորը: Դատավորը չի կարող քաղաքացիական պատասխանատվության օբյեկտ լինել:

Եթե դատավորները վերջնական արդար որոշում կայացնեին, հնարավոր կլիներ վեճը լուծել ներպետական դատական ատյաններում և գործը չէր հասնի Եվրոպական դատարան. ես այստեղ համաձայն եմ: Սակայն խախտումները ավելի հաճախ այլ իրավակիրառողների կողմից են կատարվում:

Եվ մի հանգամանքի վրա էլ ուշադրություն դարձրեք. մինչև վերջերս մեր օրենսդրությունը չէր նախատեսում բարոյական վնասի հատուցում: Այսինքն՝ անգամ եթե մեր դատարանները գտնեին, որ խախտում կա, մարդու իրավունքը լիարժեք պաշտպանված չէր լինի, եթե դրա համար որոշակի հատուցում չտրվեր, և նա ստիպված պետք է դիմեր Եվրոպական դատարան:

-Նշվում է, որ Հայաստանի դեմ որոշ վճիռներով իրավունքները խախտվել են հենց տվյալ ժամանակ գործող օրենքների հետևանքով: Եվ այժմ մի շարք օրենսդրական փոփոխությունները նվազեցրել են գործերի Եվրադատարան հասնելու ռիսկը, համաձա՞ն եք:

-Իհարկե, համաձայն եմ: Նախ, Եվրոպական դատարանի վճիռներից ելնելով են սկսել օրենսդրական բավական փոփոխություններ արվել, և արդյունավետությունն ակնհայտ է:

Օօրենսդրական փոփոխությունը ՄԻԵԴ վճռի կատարման պայման կարող է լինել: Երբ վճիռը կայացվում է, կառավարությունը Եվրոպայի նախարարների խորհրդին ներկայացնում է այն միջոցառումները, որոնք ուղղված են վճռի կատարմանը: Դրանք լինում են ընդհանուր և անհատական կարգի միջոցառումներ: Անահատական միջոցառումները վերաբերում են կոնկրետ գործով դիմողին (նրա գործը վերաքննվում է կամ  դրամական փոխհատուցում է տրվում):  Ընդհանուր կարգի միջոցառումները  ուղղված են նմանատիպ խախտումների կանխմանը: Կարող է լինել օրենսդրական փոփոխություն կամ էլ միջոց: Օրինակ, Թուրքիայի պարագայում Եվրոպական դատարանը վճռել էր, որ զինվորական դատարանների անկախության խնդիր կա, քանի որ նրանց զինվորական գործեր քննելիս միայն զինվորականներ էին ընդգրկվում: Թուրքիան, որպես ընդհանուր միջոց, այդ կարգը վերացրեց:

-Իսկ որևէ միտում նկատվում է՝ ստացվող գանգատների աճի կամ նվազման:

-Գիտեք, կարող է տարի լինել՝ 300 դիմում ստացվի, հաջորդ տարի՝ 90: Միջին տվյալներով տարեկան 200-250 գանգատ է լինում:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել