Ո՞վ է կեղծ անձնագիր տրամադրել. Էրեբունու անձնագրային բաժանմունքի աշխատակիցների գործով հետազոտվում են ապացույցները

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է անձնագիր տրամադրելու համար քաղաքացուց կաշառք վերցնելու գործի քննությունը:

Նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, հաշվի առնելով կողմերի ցանկությունը, ապացույցների քննությունը սկսեց մեղադրական եզրակացության մեջ որպես ապացույց ընդունված փաստաթղթերի հետազոտությամբ: Ուսումնասիրվող փաստաթղթերի շարքում էին Ալբերտ Սլոյանի անձնագրի կորստյան գործին առնչվող փաստաթղթեր, դիմումի լրացման, անձնագրի տրմանն առնչվող փաստաթղթեր:

Ինչպես նախորդ դատական նիստերին, այսօր նույնպես դատական նիստը ընթացավ լարված մթնոլորտում: Դատախազ Էդգար Արամյանը մի քանի անգամ հայտարարեց, որ դատական նիստերի ընթացքում խախտվում է դատավարական կարգը, քանի որ հետազոտվող ապացույցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու փոխարեն պաշտպանական կողմը ճառով է հանես դալիս, իսկ նախագահողի կողմից չեն ձեռնարկվում համապատասխան միջոցներ: Մինչդեռ Վլադիմիր Գրիգորյանը ամբողջ նիստի ընթացքում կոչ էր անում կողմերին պահպանել դատավարական կարգն ու հարգանքը դատարանի նկատմամբ:

Հրապարակված փաստերի հիման վրա ամբաստանյալ Արտյոմ Սեդրակյանի պաշտպանը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի, իր պաշտպանյալը չի մասնակցել անձնագրի լրացմանն ու տրմանը, բայց այդ փաստերը նախաքննող մարմնի կողմից հաշվի չեն առնվել:

Դատական նիստի ընթացքում հրապարակվեցին նաև դատափաստաթղթաբանական-դատատեխնիկական-դատաքիմիական փորձաքննության արդյունքները:

Ամբաստանյալ Արտյոմ Սեդրակյանի պաշտպանները հայտնեցին իրենց դիրքորոշումները փորձաքննության արդյունքների վերաբերյալ: Ժաննա Կոտիկյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ փորձագետները շատ փաստաթղթերի վերաբերյալ չեն ներկացրել արդյունքներ՝ նյութի սակավության պատճառով, բայց անգամ այդ դեպքում նրանք հստակ պատասխան են տվել, որ կեղծումները Արտյոմ Սեդրակյանի կողմից չեն կատարվել.

«Փորձագետի եզրակացությամբ ուղղակիորեն հաստատվում է, որ Արտյոմ Սեդրակյանին մեղսագրված արարքները չեն համապատասխանում իրականությանը»:

Պաշտպան Ամիրխանյանը ներկայացրեց իր դիրքորոշման գրավոր տարբերակը, որպեսզի այն կցվի գործին. «Համաձայն փորձաքննության հրապարակված արդյունքների, Ա. Սլոյանի անձնագրային գործում առկա դիմումներում և փաստաթղթերում Ա. Սլոյանի անունից կեղծ ստորագրություն են դրել Աիդա Սարգսյանը և մի դեպքում էլ՝ Սոֆյա Ունուսյանը»:

Պաշտպանի այս հայտատարարությունից հետո դատախազը հայտնեց, որ պաշտպանի նման քայլը խախտում է անմեղության կանխավարկածը.

«Պաշտպանը մյուս ամբաստանյալներին մեղադրեց կեղծիքներ անելու մեջ, դեռ չունենք օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով կապացուցվի այս մարդիկ անմեղ են, թե՝ ոչ»:

Սոֆյա Ունուսյանի փաստաբանն էլ հայտնեց, որ Ամիրխանյանի խոսքն ավելի շատ պաշտպանական ճառ էր, քան դիրքորոշում և պետք չէր գնահատական տալ մյուս ամբաստանյալների արարքներին` Արտյոմ Սեդրակյանին պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության, Արտյոմ Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքում որպես պետ, ՀՀ-ից բացակայող Ա.Սլոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` անձամբ անձագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում, վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար պահանջել է 5000 ԱՄՆ դոլոր: Ապա սակարկելուց հետո 2013թ. օգոստոսին ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.833.035 ՀՀ դրամի համարժեք` 4500 ԱՄՆ դոլոր կաշառքէ պահանջել: Այուհետև Ա.Սլոյանի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում նրա անունից կեղծ դիմում լրացնելու և անձնագրի կորստյան կեղծ գործ կազմելու համար պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայող Ս.Ունուսյանին անձամբ տվել է խոշոր չափերով` 203675 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրությոն և շահադիտական նպատակով անձամբ , ինչպես նաև իր ենթակայության տակ գտնվող պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայողների օժանդակությամբ կազմակերպել է պաշտոնեական կեղծիք:

Ա.Սլոյանի ՀՀ-ում գտնվելու, անձամբ անձնագրային բաժանմունք ներկայանալու և Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել պաշտոնեական փաստաթղթերում, կազմել կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 14-ի թիվ 1231-Ն որոշումով «ՀՀ քաղաքացու անձնագրի մաին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրության սահմանված կարգի խախտմամբ Ա.Սլոյանը հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, նրա անվամբ ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է կազմվել, տպագրվել ու հանձնվել: Այս ամենին մասնակցել են ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի աշխատակիցներ՝ Աիդա Սարգսյանը, Սոֆիա Ունուսյանը, Գոհար Զարգարյանը, Վահագն Մելքոնյանը: Աշխատակիցների, ինչպես նաև Նավո Ասոյանի (անձնագրի դիմաց գումար տվողը) համար որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Իրավաբան.net

Զ. Մանուչարյան

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել