Քաղաքացին Վարչական դատարանում վերացրել է ՃՈ-ի 10 որոշում

Քաղաքացի Արսեն Խաչատրյանը վարչական դատարան է դիմել հայցադիմումով` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության  Ճանապարհային ոստիկանություն թվով 10 որոշումներ. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Արսեն Խաչատրյանը և վերջինիս ներկայացուցիչը, դատարան ներկայացրած հայցադիմումով և գործի քննության ժամանակ, հայտնել են, որ հայցվորը 2014 թվականի օգոստոս ամսին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից տեղեկացել է, որ իր գույքի և դրամական միջոցների վրա դրվել է արգելանք։ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից իրեն տեղեկացրել են, որ արգելանքի կիրառման հիմք է հանդիսացել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված որոշումները։

Նշված որոշումների ուսումնասիրությունից պարզվել է, որ ինքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարելու պատճառաբանությամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Որոշումների ուսումնասիրությունից պարզվել է, որ իրավախախտումները կատարվել են իրեն սեփականության իրավունքով պատկանող «OPEL» մակնիշի տրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով, իսկ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումներն ամրագրվել են տեսանկարահանման միջոցով։

Տվյալ պարագայում, թեև նշված է, որ իրավախախտումը կատարվել է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող «OPEL» մակնիշի, տրանսպորտային միջոցի օգտագործմամբ, այդուհանդերձ, տվյալ տրանսպորտային միջոցը որոշումներով խախտումներն արձանագրված օրերին հայցվորի կողմից չի շահագործվել։ Ավելին, այն 01.07.2013 թվականից մշտական օգտագործման է հանձնվել Գագիկ Ղամբարյանին։Նշված հանգամանքը հաստատվում է նոտարական կարգով վավերացմամբ կնքված «Վարձակալության պայմանագրով»։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 123-127-րդ հոդվածներով՝ դատարանը վճռել է Արսեն Խաչատրյանի հայցը բավարարել։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես չվճարված պետական տուրքի գումար։

Նշենք նաև, որ վճիռը բողոքարկվել է Վարչական վերաքննիչ դատարան.  հոկտեմբերի 10-ին կհրապարակվի որոշումը:

Զ.Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել